Տհասը հայրենիք խլելու իրավունք չունի

Տհասը հայրենիք խլելու իրավունք չունի

Պատգամավոր դառնալու հույսով՝ ադրբեջանցի գործիչն իր քարոզչությունն սկսում է Արցախի գրաված տարածքներից` ընտրողներին խոստանալով Ստեփանակերտը եւ Զանգեզուրը շուտով, օր առաջ կցել Ադրբեջանին: Մեր իշխանությունն ընտրության է գնում` զուգահեռ ընդառաջ գնալով Հայաստանը վերջնականապես իրենցով անելու Ադրբեջանի եւ նրա գործիչների ընչաքաղցությանն ու արյունոտ, բռնի մոլուցքին: Մեր մայրուղիների վերահսկողությունն ենք նրանց հետ կիսում, սահմանների անվտանգությունը զիջում, առեւտրի պատրաստակամություն հայտնում: Մենք բարեկամության աղուհացով ենք դիմում Ադրբեջանին, որն ի պատասխան մեր տածած սիրո ու հավատարմության, հնազանդության` բռունցքով է սպառնում մեզ, նոր պատերազմով եւ նորից տարածքներ գրավելու արյունոտ ախորժակով: 

Մեր եկեղեցիներն են մեր աչքի առաջ հիմնահատակ ավերում, անգլիացին ցավով է արձագանքում այդ աստվածանարգ վանդալիզմին, իսկ մենք լռում ենք: Լռում ենք, որովհետեւ մերը չենք համարում Արցախն ու նրա մշակույթը, մերը չենք համարում Սյունիքն ու նրա սահմանները, վաղն էլ մերը չենք համարելու Սեւանը, Գյումրին ու Արարատը եւ վերջապես՝ Երեւանը: Մերն ենք համարում միայն Նիկոլին: Այդպես ենք գնում ընտրության մենք` Հայաստանը, եւ մեր թշնամին` Ադրբեջանը, որն իրենն է համարում մեզ ու մեր երկիրը: Ուզող Իլհամ, տվող Նիկոլ: Հավասար չեն երկրների ղեկավարները, անհավասար է նաեւ պայքարը: Թշնամին հաղթեց պատերազմում, հաղթական է ներքին կռվում, մենք պարտվեցինք պատերազմում, պարտվողական ենք ներսում:  

Մեր իշխանությունը պատերազմում պարտության մատնեց մեր բանակը, ձգտում է ընտրություններում պարտության մատնել հասարակությանը. սա նպատակ է, գերխնդիր: Ամեն ինչ անելու է` հայրենիքի հարցը փակի ներսում, ինչպես դրսում է փակված համարում: Բոլոր միջոցները կիրառելու է, ամեն մի ձեռնահաս լծակ օգտագործելու` հաշվի չնստելով ինչպես դրանցից օգտվելու օրինականության, այնպես էլ անօրինականության հետ: Կա՞ մեկը, որ համոզի, թե ցածր եւ միջին դասարանի աշակերտներն այնքան քաղաքական հասունություն ունեն, որ ինքնակամ գնում են վարչապետի հետ հանդիպման եւ իրենց զորակցությունը հայտնում նրան: Այդքան ծիծաղելի լինում է միայն կրկեսում: Հաղթել ծիծաղելի միջոցներով, կրկեսային ներկայացումներով` չխուսափելով ամենաարգահատելի նվաստացումներից: 

Նիկոլի սուտն ընդունվում է ճիշտ, իսկ հակառակ կողմի, ընդդիմացողների ճիշտն ընդունվում է սխալ: Հուլիսի 15-ին հպարտանում է, թե ՍՈՒ-30 կործանիչները փորձնական թռիչքի ժամանակ թիրախները խոցեցին բարձր ճշգրտությամբ, իսկ մարտի 20-ին արդարանում է, թե դեռ չենք հասցրել կործանիչների հրթիռները ձեռք բերել. երկու դեպքում էլ Նիկոլի ասածն ընդունվում է ճիշտ: Իսկ երբ հակառակ կողմը` սթափ ու շիտակ նայողները, ասում են, որ ստում է եւ միշտ է ստել, որ կեղծիքով է պատերազմը պարտվել, նրանց ճիշտն ընդունվում է սուտ: Այդ սուտն ու ու ճիշտը չտարբերողը, սուտը` ճիշտ, ճիշտը սուտ ընդունող զանգվածը որեւէ բարոյական իրավունք չունի իրական ապրողներից խլելու նրանց հայրենիքը` իրենց տհաս ու չգիտակցված, անբանական ընտրությամբ: Տղան Ամերիկայում է, աղջիկը` Ֆրանսիայում, ինքը երեկ է եկել Ռուսաստանից, վաղը նորից գնալու է. ի՞նչ իրավունք ունի մնացողիս ճակատագիրը որոշելու` քվե տալով իմ երկրի ապագային: Պետականությունը վեր դասողները չպետք է թույլ տան պետականության զգացողություն չունեցողներին` պետությունը տանել կործանման:

Հուսիկ Արա