Շմավո՛ն, ամեն ինչ լավ կլինի (լրագրային շանսոն) 

Շմավո՛ն, ամեն ինչ լավ կլինի (լրագրային շանսոն) 

Երեկ մեր հարևան Շմավոնին բռնի ուժով տեղափոխեցին պոլիկլինիկա: Աչքովս տեսա: Նոր էի մտել շքամուտք, որ վերևի հարկերից աղմուկ լսեցի: Մի խումբ մարդիկ վիճելով իջնում էին: Նրանց ձայնի մեջ նաև տնքոցի երանգներ կային, ինչը նշանակում էր, որ մի ծանր առարկա են իջեցնում իրենց հետ: Շքամուտքի լայն հատվածում սպասեցի՝ մինչև իջնեն: Իջան… Ի՞նչ տեսնեմ՝ երկու ոստիկան և երկու բժիշկ, առաջինները դուբինկաներով իսկ վերջինները սպիտակ խալաթներով ու սակվոյաժով, ինչ-որ մեկի թևերն ընկած՝ քարշ էին տալիս աստիճանների վրայով: Զոլավոր պիժամայից ճանաչեցի՝ Շմավոնն էր.

-Այդ ի՞նչ եք անում, դուք վայրենի՞ եք,- հարևանիս թասիբին կանգնեցի ես:

-Ճանապարհ տվեք, քաղաքացի, մենք նրան բերման ենք ենթարկում,- պատասխանեց բժիշկներից մեկը, որ մետաղյա սակվոյաժով բրթում էր Շմավոնի հետևից:

-Բերմա՞ն, ինչո՞ւ, ի՞նչ է արել, խեղճ մարդ եք գտել՝ բերմա՞ն եք ենթարկում: Հենց հիմա բերման ենթարկելու հիմքը ցույց տվեք…

-Արդեն լեզվիդ ես տալիս, ճանապարհն ազատիր,- անսպասելի բորբոքվեց ոստիկանը:

-Մնա իրավասություններիդ շրջանակում, պարոն ոստիկան, դու դեռ չգիտես ում հետ գործ ունես, ես հայտնի լրագրող եմ՝ այս մարդու հարևանը, և պետք է տեսնեմ նրան բերման ենթարկելու հիմքերը:

-Պահ, չէ-չէ մի դատախազի սանկցիա ցույց տամ քեզ,- խոսեց մյուս ոստիկանն ու արմունկով հրեց ինձ, որ ճանապարհ բացի:

Ես, որ «Հայրենիքի փրկության շարժման» օրերից մեծ փորձ ունեի, թե ինչ պետք է անել նման իրավիճակներում, թղթապանակս դրեցի գետնին ու նստեցի նրանց ճանապարհին: Ոստիկաններն զգաստացան: Գիտակցությունը կորցնող Շմավոնին հանձնեցին բժիշկներին, իսկ իրենք կանգնեցին իմ երկու կողմում.

-Ձեզ տալիս ենք ողջամիտ ժամկետ ճանապարհն ազատելու համար: Ուղիղ 2 րոպե:

-Ինձ ժամկետ պետք չէ, ասացեք միայն, թե ինչու եք բերման ենթարկում իմ հարևանին:

-Նա չի ենթարկվել բժիշկների օրինական պահանջին:

-Բժիշկների՞…

-Այո:

-Իսկ ի՞նչ էին պահանջում բժիշկները:

-Պատվաստվել:

-Հասկացա, պարոն ոստիկան: Եվ վերջին հարցս՝ ինչո՞ւ է իմ հարևան Շմավոնը ոտքից գլուխ բինտերի մեջ և ինչու է անգիտակից վիճակում:

-Նա բռնի դիմադրություն է ցույց տվել բժիշկներին…

-Եվ բժիշկնե՞րն են նրան այս օրը գցել:

Լռություն տիրեց: Շմավոնը խորը տնքաց…

-Չէ, ի՞նչ եք ասում, հարգելի լրագրող, մենք ընդամենը ոստիկանություն ենք զանգահարել,- խոսեց բժիշկներից մեկը:
Ինձ հետ շփվող ոստիկանը հայացքը փախցրեց ու քրթմնջաց քթի տակ.

-Դե հիմա՝ պատահեց… լավ էր որ բժիշկները տեղում էին, արագ կապկպեցին, գիպս-միպս դրեցին…

-Եվ հիմա ո՞ւր եք տանում նրան այս վիճակում:

-Արդեն որոշել ենք, պարոն լրագրող,- կայտառացավ մյուս բժիշկը,- սկզբում կտանենք օրթոպեդիկ, մի 2 ամիս հետո, երբ սկսի ինքնուրույն քայլել, կտեղափոխենք Նորք-Մարաշի սրտաբանական,  իսկ երբ նորմալ շնչի և խոսի՝ ուղիղ քիթ-կոկորդի մոտ՝ Քովիդի թեստ անելու: Հույս ունենք, որ այդ ընթացքում տեսողությունն ու ճնշումն էլ կկարգավորվի և կկարողանանք պատվաստել…

Ամեն ինչ պարզ էր ինձ համար: Ես արագ բացեցի ճանապարհը: Բակում նրանք Շմավոնին հրեցին շտապօգնության մեքենա:

-Շմավո՛ո՛ո՛ն, - ձեռքով արեցի,- լավ կլինի, չմտածես…

-Պարոն լրագրող, որ մեր մասին ամբախ-զամբախ բաներ չգրես, քեզ համար էլ ամեն ինչ լավ կլինի…

-Գիտեմ, պարոն ոստիկան, առաջին անգամը չէ… Միշտ այսպես է լինում, երբ գժանոցից փախածներն սկսում են իրենց սիրած գործերով զբաղվել այս կյանքում՝ որը հպարտ քաղաքացի, որը միլիցա, որը վարչապետ, որը առողջապահության նախարար…