Ինչ էր գրում Հրաչուհի Փալանդուզյանն իր կյանքի վերջին օրերին

Ինչ էր գրում Հրաչուհի Փալանդուզյանն իր կյանքի վերջին օրերին

Երեքշաբթի օրը կյանքի 70-րդ տարում հանկարծամահ եղավ արձակագիր, լրագրող, խմբագիր Հրաչուհի Փալանդուզյանը: Նա մշտապես խիստ մտահոգված էր Հայաստանում և Արցախում տիրող բարդագույն իրավիճակով: Նրա վերջին գրառումներն էլ հենց այդ մասին են վկայում: 

Օգոստոսի 2-ին Հրաչուհի Փալանդուզյանն իր էջում գրել էր. 

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ
Երկիրն իր հարազատ զավակներով մաքառում է համաշխարհային վիշապների միացյալ ոհմակի դեմ, զոհերն ու դատապարտյալները չեն պակասում, վաղվա օրն ավելի անորոշ է, քան հազար տարի հետոյի որևէ օր, մինչդեռ մենք ջանք ու եռանդ կրկնապատկած՝ քրիստոնեության հարցերն ենք քննարկում՝ ի՞նչ կլիներ, եթե չընդունեինք, ի՞նչ կլինի, եթե հրաժարվենք, եկեք կործանենք, փոխենք և այլն: 
Ես էլ իմ կարծիքն ասեմ, որպեսզի այլևս մեկնաբանություններ չգրեմ ու վեճերի մեջ չընկնեմ: Ինձ բացառապես հետաքրքրում է այս հարցը. 
լավ, քրիստոնեությունը որպես ուսմունք ունի բազում դրական կողմեր, շատ հաճախ ծառայել է մեր ժողովրդի միասնական շահերին, իր ծոցում փայփայել է մեծաթիվ տաղանդների և հիմա Հայ եկեղեցու դեմ պայքարել՝ նշանակում է խարխլել առանց այն էլ խախուտ ներազգային համերաշխությունը, հատկապես Սփյուռքում: 

Սակայն կուզենայի մի խորագիտակ իմաստասերից լսել բացատրություն, թե հայ մարդը հազարամյակներում իր ստեղծած անգին արժեքները, պատմությունն ու դիցարանը թողած՝ ինչո՞ւ պետք է դարեդար անգիր անի, սերտի Հին կտակարանը, որն իր հետ մազաչափ աղերս չունի, բացի մի քանի աննշան հիշատակումներից: 
Բացարձակապես կապ չունի՝ այդ Կտակարանը ո՛ր ժողովրդի պատմությունն է, որքանով է լիարժեք ու հավաստի, որքանով է արտացոլում մարդ էակի բնաբուխ որակները, կարևոր չէ՝ այդ ժողովուրդն ինչո՛ւ է իրեն ընտրյալ հռչակում ու իրավունք վերապահում իշխելու այլոց վրա: 
Կարևոր է այն, որ այդ պատմությունն ու նրա հերոսները մեզ հետ կապ չունեն, մենք այնտեղ չկանք, այդ ամբողջն օտար է, ուրիշինն է, խորթ է մեր էությանը, մեր անցած ճանապարհին: 
Քրիստոնեության արմատներում հայկականությունն աներկբա է: Ես մի անգամ կարծիք հայտնեցի, որ Քրիստոսի նախօրինակը եղել է մի իմաստուն հայ քուրմ, ով մեր ազգային արիական, միհրական հավատքն է քարոզել, ինչից հետո սկսվեց քարկոծության շռայլ գործընթաց: 
Դարձի եկողը չեմ, մնում եմ իմ կարծիքին՝ ինչ մարդկային է, վեհ է, ազնիվ է, արարչական է՝ հայկական է, իսկ հակառակը՝ մեզնից մերժելի: Սակայն այդ ամենն ի՛նչ կապ ունի մի օտար ժողովրդի շարադրած կամ կցմցած պատմության հետ, որը վերնագրված է Նոր կտակարան և որպես քրիստոնեության պարտադիր մաս հարկադրվում է քրիստոնյա աշխարհին ու բոլորից առաջ մեզ՝ հայերիս: Երբ ես ստանամ այս հարցի ոչ թե աճպարարական, այլ մաթեմատիկական բացատրությունը՝ կխոստովանեմ, որ սխալ եմ և այո, հայն իր մանկությունից մինչև վերջին շունչը պետք է Նոր կտակարանն անգիր անի ու նրանից դուրս ոչինչ չճանաչի, չիմանա ինքն ով է, աշխարհում ինչ տեղ ու դեր ունի, որն է նրա ստույգ անելիքը՝ բացի աղոթելուց ու ձեռքերը երկինք կարկառելուց, ինչպես նաև, ի ցավ սիրտ, նախաքրիստոնական ամենայն հայկականը անհասկանալի «հեթանոս» պիտակով կնքելուց: 
Ահա այն ամբողջը, ինչ ինձ՝ որպես հայ մարդու և այլ մարդկանցը հավատքը հարգող անհատի, վաղուց ի վեր և անհատակ խորությամբ հետաքրքրում է: 
Կանխավ շնորհակալ եմ ամեն մեկից, ով գիտի պատասխանը և չի զլանա անգետիս աչքերը բանալ: Ի դեպ, չմոռանանք, թե քանի քրիստոնյա երկիր է մյուս քրիստոնյա երկրների դեմ հենց հիմա պատերազմում, այդ թվում՝ մեր դեմ, որ տիեզերքին հայտնի է որպես այդ կրոն դարձրած մարդասիրական ուսմունքն առաջինը պետականորեն ընդունած հանրություն: 
Մեր ո՞ր մեղքի համար են ելել մեր դեմ և ի՞նչ են ուզում, մի՞թե առավել բոլորեքյան հավատարմություն՝ ոչ ազգայինին:
ՀԳ. Խնդրելով խնդրում եմ կրոնական դասեր չճառել, բացառապես՝ հիմնավորում: 
2.08.2022թ.

Օգոստոսի 1-ին Փալանդուզյան գրել էր. 

ՓՉԱՑԱԾՆԵՐԸ

Հովհաննես Թումանյանը մեծ մտածող էր, մեծ հայ, տիեզերքի կատարյալ կերտվածք։ Բայց անգամ նա չէր կարող պատկերացնել, որ կգա մի օր` աշխարհում կհաստատվի Հայաստանի Երրորդ Հանրապետություն, որն իր դռները կբացի ամեն կարգի ճուռակների առաջ, սրանք էլ իրենց չարագուշակ կռինչներով հայոց երկինքը կապականեն։ 
Եթե կարողանար թեկուզ մեկ ակնթարթ պատկերացնել` երբեք չէր գրի «ներսից ենք փչացած» բառերը, որոնք այսօր շատերն առանց երկար-բարակ մտածելու` դրոշակ դարձրած գլխներից վերև փողփողացնում են։ Ու դա անում եմ մի առանձին հրճվանքով` իմաստի մակերեսից ներս չանցնելով։ 
Թումանյանի հոդվածներին ծանոթ ցանկացած գրագետ մարդ հասկանում է, որ այդ բառերն ուղղված են դրամբյաններին` բոլոր նրանց, ովքեր չեն հանդուրժում իրենցից դուրս գոյություն ունեցող արժեքները, չար են, նախանձ, ճղճիմ։ Նրանք պատրաստ են սեփական երեսները ճանկռտել ու արյունլվիկ անել միայն թե կարողանան հակառակորդի երեսին մի փոշու հատիկ նետել։ Այն էլ կա, որ հայտնի չէ դրամբյան-չարիքի ազգային պատկանելությունը։ 
Թումանյանն իր ազգի ներքին գանձերը ճանաչող, պաշտող իմաստուն էր և երբ ասում էր, թե «ներսից ենք փչացած»` նկատի էր ունենում ազգի ներքին տականքին։ Երբ ասում էր` փրկությունը ներսից է գալու` նկատի էր ունենում ներքին տականքից ազատագրվելը, նրան ընդմիշտ լռեցնելը, ազգի ականջները նրանց վայրահաչություններից պաշտպանելը։ 
Ի՞նչ կմտածեր Մեծ Հայը` այսօրվա հազարավոր ճուռակների զառանցանքներն ու բանդագուշանքները լսելով։ Ի՞նչ ապրումներ կունենար նրա նուրբ հոգին։ 
Երևի մի անլռելի զանգակատուն էլ նա կդառնար։ 
Թումանյանն իմացել է միայն ոտքի տակ ընկնող, իրենց քննադատ հռչակած ոչգրական ոչնչություններին` ի՞նչ արգասիքներ կտար նրա խորունկ միտքը` լսելով անկախական ոչնչություններին, որոնք վարգում են մեր քաղաքական, մշակութային, հոգեբանական, ընկերային, հասարակական բոլոր մայրուղիներում։ 
Անպայման բուժման հանճարեղ միջոց կնշեր։ 
Ավաղ…
Դա մի առաքելություն է, որ բաժին է ընկել նորերին։ 
Չեմ հավատում, թե ազգը նոր Թումանյաններ, Սարոյաններ, Նժդեհներ չունի։ Դա էլ իմ իրավունքն է` հավատալ, որ նրանք կան և կխոսեն, քանի որ ազգակոծման իններորդ ալիքը կիզակետին է հասնում։

Հուլիսի 30-ին նա գրել է.

Անգրագետ պաշտոնյաների, անգրագետ պատգամավորների, անգրագետ պարեկների երկրում ուզում եք բարձրագույն կրթօջախներում ուսումնատենչ երիտասարդության բավարար ներկայությո՞ւն լինի: 
Եղածներն էլ որ չհեռացվեն, բուհերը չփակվեն՝ ուրախացեք:

Իսկ ահա նրա վերջին գրառումն արվել է օգոստոսի 3-ին. 

ԼՈՒՐՋ ԿՈՒԼ ՏՎԱԾ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ 

Արյունարբու թշնամիներով շրջապատված Բայազետի միջնաբերդից օգնության աղերսը ռուս 
զինվորականներին հասցնելու համար Րաֆֆին այլ միջոց չի մտածել, քան իր հերոսին քրդի շորեր հագցնելն ու նրան խենթի դեր տալը: Վարդան անունով Խենթն իր դերը հիանալի է կատարում, ոչ միայն նամակն է տեղ հասցնում, այլև թշնամու զորքերի մասին կարևոր տեղեկություններ է հավաքում: Ռուս-թուրքական պատերազմի այդ կարճատև փուլում հաջողությունը հայերին բերանի ծայրով ժպտում է: Սա այլ պատմություն է, այդուհանդերձ խենթությունը ձոներգել է նաև Սևակը.
Երբ չի լինում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար: 
…Հիմա մենք ինչո՞ւ ենք այսքան լուրջ….

3.08.2022