Ռուբեն Թորոսյանը դիմել է Լիլիթ Մակունցին

Ռուբեն Թորոսյանը դիմել է Լիլիթ Մակունցին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Օրիորդ Լ.Մակունցին

Հարգելի Օրիորդ Մակունց,

Հավանաբար տեղյակ եք, որ ստեղծվել է «Արցախ – Հայաստան և Անվտանգություն» Գլենդելյան Ֆորում («Հրապարակ» 18.01.21), որի նպատակն է աջակցել ԱՄՆ հայանպաստ քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Անց են կացվել Ֆորումի երեք հանդիպումներ, որոնց արդյունքում ձևավորվել է առաջիկա օրակարգը և որոշում է նախապատրաստվում  հայ գերիների վերադարձի ուղղությամբ   գործնական քայլերի մասին:

Սակայն, ոչ միայն հիշատակված, այլև հաջորդ որոշումների համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում ստեղծված իրավիճակից մեր Հայրենիքը դուրս բերելու ՀՀ քաղաքականության մասին մեր անտեղյակությունը և, որպես հետևանք, ոչ համակարգված  գործունությունը: Ամեն դեպքում, մեր բոլոր նախաձեռնություններն այդ ուղղությամբ մնացել են անարդյունք և, ավելին, անարձագանք: Ցավոք, պետք է նշենք, որ վերջինիս պատասխանատուներից են նաև ձեր գլխավորած ԱԺ խորհրդարանական մեծամասնության խմբակցության որոշ ղեկավար-անդամներ:

Տեղեկացնում ենք  նաև, որ հաջորդ հանդիպումը նվիրված է «Արցախի ամբողջականության ճանաչման և Մինսկի խմբի ակտիվացման» խնդրին: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարևորում ենք լսել ձեր տեսակետը վերջինիս վերաբերյալ և,  հենց այդ հիմնավորումով, հրավիրում ենք ձեզ ելույթ ունենալ մեր Ֆորումում:

Ֆորումի հանդիպումները տեղի են ունենում շաբաթ օրերին Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, սակայն հաշվի առնելով ձեզ հետ հանդիպելու կարևորությունն, առաջարկում ենք ընտրել ձեզ նախընտրելի ցանկացած ողջամիտ ժամանակ:

Կանխավ շնորհակալ ենք,

Խորին հարգանքով՝

Ռուբեն Թորոսյան

ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ

Գլենդելյան Ֆորումի համակարգող

Հ.Գ. – ձեր և մեր կողմից  որդեգրած Ժողովրդավարության, այդ թվում, հրապարակայնության ապահովման նպատակով, սույն գրությունն ուղարկում ենք նաև «Հրապարակ»  օրաթերթին, որի հետ պատիվ կունենանք համագործակցել: