Վաղը դուք եք նախկին լինելու

Վաղը դուք եք նախկին լինելու

Իհարկե, չենք կարող չարձանագրել, որ վերջին 2 տարում մեր կյանքում տեղի ունեցած որոշ փոփոխություններ անհրաժեշտ էին, պահանջված եւ առողջացնող։ Այո, օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն, եւ օրենքը պետք է գործի բոլորի նկատմամբ։ Եվ այն անձինք, ում թվում էր, թե իրենք անձեռնմխելի են ու անպատժելի, պետք է հասկանան, որ եթե անգամ անձեռնմխելի են, երբ իշխանության մեջ են եւ անօրինական ճանապարհներով կարողանում են խուսափել օրենքի առաջ պատասխան տալուց, սակայն գալիս է մի օր, երբ իրենք դառնում են նախկին, եւ այն ժամանակ օրենքը գործում է ամենայն խստությամբ եւ անողոքությամբ։

Ո՞վ կսպասեր, որ մի օր կալանավայրում կարող է հայտնվել շատերի ահուսարսափ Ռոբերտ Քոչարյանը, կամ մի օր Ազգային ժողովի ինչ-որ հանձնաժողովի բացատրություններ կտա Սերժ Սարգսյանը, որը 10 եւ ավելի տարի ոչ մեկի առաջ պատասխան չի տվել։ Ինչ-որ մեկի մտքով կարո՞ղ էր անցնել, որ նախարարներ, գլխավոր դատախազներ, ոստիկանապետներ, մարզպետներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կարող են կանչվել հարցաքննությունների, նրանց կարող են մեղադրանքներ առաջադրվել, եւ նրանք անգամ կարող են կանգնել դատարանի առաջ։

Մենք, իհարկե, կողմ չենք վենդետային եւ քաղաքական հետապնդումներին, սակայն այս ամենի մեջ մի դրական բան կա՝ յուրաքանչյուրը պետք է իմանա, որ կա պատիժ երկրի վրա եւ երկնքում։ Եվ դա պետք է իմանան հատկապես իշխանավորները։ Ցավոք սրտի, իշխանության մեջ գտնվողին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան», եւ դա, թվում է, հավերժ է, ու դու երբեք նախկին չես դառնալու։ Մինչդեռ այն, ինչ այսօր կատարվում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, պետք է հուշեր օրվա իշխանություններին, որ ոչինչ հավերժ չէ, եւ միշտ գալիս է քարերը հավաքելու ժամանակը։