Մեր շահը ո՞րն է
Lragir.am-ի մեկնաբանը վարկածում է, թե խոսելով ԼՂ կարգավորման՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդների համար ընդունելի տարբերակի մասին, վարչապետ Փաշինյանը տողատակով ակնարկել է, որ ադրբեջանական ժողովուրդը պետք է համակերպվի ստատուս-քվոյի ռեժիմում ապրելու հեռանկարի հետ եւ արձանագրում, որ Հայաստանը բարձրացրել է նշաձողը՝ դնելով պատերազմի արդյունքների պաշտպանության նպատակ:
Տարբեր ձեւակերպումներով կրկնելով նույն միտքը, նա ի վերջո եզրահանգում է, որ համոզելով չէ, որ Ադրբեջանի ժողովուրդը պետք է մտածի ստատուս-քվոն ընդունելու մասին եւ ամփոփում. «Այստեղ իհարկե հռետորաբանությանը զուգահեռ համոզիչ պետք է լինի Հայաստանի զարգացման դինամիկան եւ համախառն ներքին արդյունքը»:
Այսինքն, որպեսզի ադրբեջանցիները համակերպվեն ստատուս-քվոյին, Հայաստանը պետք է զարգանա դինամիկ եւ ստեղծի առնվազն Ադրբեջանի ՀՆԱ-ին համարժեք ներքին արդյունք: Իրատեսակա՞ն է այս հեռանկարը՝ թողնենք, որ տնտեսագետները պատասխանեն: Քաղաքական առումով Հայաստանը կարո՞ղ է ստեղծել իրավիճակ, երբ իր զարգացումը, համախառն ներքին արդյունքի բազմապատիկ մեծացումը պայմանավորված չեն լինի Ադրբեջանի եւ նրա մերձավորագույն դաշնակից Թուրքիայի հակակշռող քայլերով: Այսինքն հնարավո՞ր է հասնել նրան, որ Ադրբեջանը եւ Թուրքիան վերացնեն Հայաստանի շրջափակումը կամ գտնվի տնտեսական ճեղքման այլ, տարածաշրջանային իրողություններից դուրս ելք: Ավելի քան երկու տասնամյակ, կարգավորման փուլային տարբերակը մերժելուց եւ իշխանափոխություն իրականացնելուց ի վեր Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները փորձել են նման ելք գտնել եւ սկզբունքային հաջողության չեն հասել: Թավշյա կոչված հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, բայց տնտեսությունը ոչ միայն թռիչք չի ապրում, այլեւ մշուշոտ է առաջընթացի հեռանկարը: Եւ եթե անգամ ընդունենք, որ վաղը գտնվելու է Հայաստանում տնտեսական հրաշքի մի իրատեսական հնարավորություն, ապա քանի՞ տարի կպահանջվի, որպեսզի հասնենք մի մակարդակի, երբ ադրբեջանցիները պարտադրված կլինեն հաշտվել ստատուս-քվոյի հետ: Մե՞կ, երկու՞, երե՞ք տասնամյակ:
Իսկ այդ տասը, քսան, երեսուն տարում Ադրբեջանի տնտեսությունը տեղում դոփելու՞ է, Բաքվում տնտեսական զարգացման ծրագրավորումներ չե՞ն արվում: 1998թ.-ին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը կազմել է 4,446, Հայաստանինը՝ 1,894 միլիարդ դոլար: Անցած երկու տասնամյակում այդ հարաբերակցությունը չի փոխվել: Ո՞րն է երաշխիքը, որ առաջիկա քսան տարում այն արմատապես փոխվելու է հօգուտ Հայաստանի: Ճիշտ չէ հակառակորդին հիմարի տեղ դնել: Բաքվում ամենայն լրջությամբ հաշվարկներ արվում են: Եւ, ըստ երեւույթին, հանգում են եզրակացության, որ ստատուս-քվոն լիովին ձեռնտու է իրենց: Քաղաքական առումով դա Ալիեւի իշխանությունը պահելու, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական տեսանկյունից՝ Հայաստանը հյուծելու հնարավորություն է: Իսկ ո՞րն է Հայաստանի, Արցախի եւ առհասարակ հայ ժողովրդի շահը դրանից:
Կարծիքներ