Դաշնակցության աշունը. կստացվի՞ կոնսենսուս՝ մինուս մեկ

Դաշնակցության աշունը. կստացվի՞ կոնսենսուս՝ մինուս մեկ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը մամուլին ասել է, որ Դաշնակցությունը «երբեք չի ուշանում, ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ է կայացնում»:

Խոսքը վերաբերում է Արցախի նախագահի թեկնածու առաջադրելու՝ ՀՅԴ տեղի կառույցի որոշմանը, որն ըստ Իշխանյանի՝ կկայացվի աշնանը: Նա նաեւ ասել է, որ Դաշնակցությունն առայժմ Մասիս Մայիլյանի՝ որպես ԱՀ նախագահի համաձայնեցված թեկնածուի, շուրջ քննարկումներ չի անցկացնում, դեռեւս քննարկում են «ընդհանուր մարտահրավերները՝ որոնք են դրանք, որոնց շուրջ կարելի է համախմբվել եւ ունենալ համաձայնեցված թեկնածու»: Այստեղ ինչ-որ հակասություն կա:

Բանն այն է, որ ՀՅԴ Արցախի կառույցից ավելի վաղ տեսակետ էր հնչել, թե իրենք նախագահի թեկնածու կառաջադրեն աշնանը՝ արտահերթ շրջանային ժողովում, եթե մինչ այդ համաձայնեցված թեկնածուի հարցով այլ ուժերի հետ խորհրդատվությունները որեւէ արդյունքի չբերեն: Արցախի քաղաքական դաշտի ծանրքաշային ուժը՝ Ազատ հայրենիք կուսակցությունը, հայտարարել է, որ նախագահի միասնական թեկնածու չի առաջադրվելու: Դաշնակցությունն, ինչպես հասկացվում է Դավիթ Իշխանյանի ասածից, դեռեւս հույս ունի հասնելու համաձայնության: Ո՞ր ուժերի հետ է ՀՅԴ տեղական կառույցը ներկայումս քննարկում այդ հարցը: Խորհրդարանում ներկայացված ուժերից Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ առաջադրելու է նախագահի իր թեկնածուին:

Ըստ էության, խոսքը գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մասին է: Ստեփանակերտում կարծիք կա, որ Դաշնակցությունն այնուամենայնիվ նախապատվությունը տալիս է արտգործնախարար Մասիս Մայիլյանին: Այս տեսակետի համար հիմք է հանդիսացել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Խաչատուրյանի եւ Մասիս Մայիլյանի հանդիպումը: Համապետական ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալու մտադրության մասին Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել այդ հանդիպումից հետո: Ուշագրավ է, որ մինչ այդ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Այս ֆոնին Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը թողնում է քաղաքական համաձայնությունների մասնակի հրապարակայնացման տպավորություն, ինչից քաղաքական դիտորդներն զգուշորեն ենթադրում են, թե հնարավոր է՝ Մայիլյանն է դիտարկվում որպես նախագահի համաձայնեցված թեկնածու, ում, սակայն, կառաջադրի ՀՅԴ Արցախի կազմակերպությունը:

Այս տեսակետի կողմնակիցները հավանական են համարում մի սցենար, երբ կգործի կոնսենսուս՝ մինուս մեկ սկզբունքը: Այսինքն, քաղաքական դաշտի հիմնական խաղացողները կարող են համախմբվել Մասիս Մայիլյանի շուրջ, իսկ Ազատ հայրենիքը մրցապայքարի կմտնի բացառապես սեփական ռեսուրսներով եւ նախագահի թեկնածու կառաջադրի Արայիկ Հարությունյանին: Ներկայումս, ինչպես տեղյակ աղբյուրներն են փոխանցում, այդ սցենարին չի միանում Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որն էլ իր հերթին համաձայնեցված թեկնածու է տեսնում գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Դաշնակցությունը դե՞մ է Աշոտ Ղուլյանին՝ այս հարցում, կարծես, հստակություն չկա: Սոցոլոգիական վերջին հարցումներն անսպասելիորեն բավական բարձր, երկրորդ տեղի վարկանիշ են հրապարակել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, իսկ ամենացածրը՝ 3,2 տոկոս, ՀՅԴ Արցախի կազմակերպության համար: Երեւում է, Դաշնակցության թիվ մեկ խնդիրն է տեղ ունենալ ապագա խորհրդարանում: Դրան հասնելու միայն մեկ ճանապարհ կա՝ դաշինք կազմել որեւէ ազդեցիկ ուժի հետ: Ո՞վ կընդառաջի Դաշնակցությանը: Եթե կոնսենսուս՝ մինուս մեկ սկզբունքը չգործի, ապա ՀՅԴ տեղական կառույցի քաղաքական ապագան չափազանց մշուշոտ կլինի: Դաշնակցությունն ունի Շարժում 88 կուսակցության հետ համագործակցության փորձ: Բայց դա արդեն շատ հեռավոր 2004 թվականին էր: Իսկ գուցե ճի՞շտ է Դաշնակցության «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսը: