Այսքան տարի ինչ ասել են Բաքուն ու Երևանը, կատարյալ բլեֆ էր

Այսքան տարի ինչ ասել են Բաքուն ու Երևանը, կատարյալ բլեֆ էր

Երեւանը շարունակում է արձագանքել Սերգել Լավրովի հայտարարություններին՝ նախարար Զոհրաբ Մնացականյան, ապա՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան մակարդակով։ ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը կրկնեց, որ սեղանին փուլային տարբերակ կա դրված, հակամարտությունը փուլային է լուծվելու, եւ երեկ ԱԳՆ խոսնակ Նաղդալյանը հայտարարեց, թե ԼՂ կարգավորման գործընթացում Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա, ապա պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ ադրբեջանական լրատվամիջոցին տված մեկնաբանությունը, ասաց․ «ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եւ առաջնահերթությունները բազմիցս ներկայացվել են, վերջին անգամ՝ ԱԳ նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ, ինչպես նաեւ իմ՝ «Կոմերսանտ»-ին տված մեկնաբանությունում»։

«Հրապարակը» ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովին հարց ուղղեց՝ Մոսկվան պնդում է, Երեւանը՝ հերքում, ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը։ «Ռուսաստանի՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի արտաքին գործերի նախարարը խոսում է ծրագրի՝ Կազանյան ծրագրի մասին, Ադրբեջանը սա հաստատում է, համանախագահները չեն մեկնաբանում այս հայտարարոթյունը, դեմ է արտահայտվում Հայաստանը։ Այսինքն՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, գումարած՝ Ադրբեջանը, չորսով մի բան են ասում, մեկը՝ այլ։ Ո՞վ է ստում»,-ասում է Տարասովը։ Նրան հակադարձեցինք, թե համանախագահ մյուս երկրները լռում են, այնպես չէ, որ լրիվ նույն բանն են ասում, Տարասովն էլ մեկնաբանեց․ «Կան դիվանագիտական խաղի կանոններ, կա հայտարարություն․ բանն այն է, որ Մոսկվան երբեք հանդես չի գալիս որպես նախաձեռնող, այդ Լավրովի պլան եւ այլն, դա գրում էր Բաքուն, երբեք Լավրովի պլան չի եղել։

Սա Լավրովի պլան չէ, սա ԵԱՀՄ Մինսկի խմբի համատեղ արդյունք է, եւ տվյալ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնարարությամբ նախաձեռնողականությունը ցուցաբերում է Մոսկվան։ Միայն այն պատճառով, որ խոսքն իր երկրին համասահմանակից տարածքների մասին է, պատմականորեն դրան առնչվում է ու դրա շուրջ մտահոգություններ ունի։ Եվ այդ իսկ պատճառով Մոսկվան բարձրաձայնում է այն։ Իսկ Լավրովն ի՞նչ ասաց․ ասաց, որ երկու ԱԳ նախարարները 12, 15 ժամ խոսել են, խոսում են, այդպես է, չէ՞։ Փաստ։ Ալիեւը եւս հանդիպել է Նիկոլին։ Նրանք, ինչ է, նարդի՞ են խաղում։ Եվ հիմա Ձեր նախարարը, ըստ էության, ասում է, որ Լավրովը ստում է։ Բաքուն այդպես չի կարծում»։ Ստանիսլավ Տարասովը սեփական նախաձեռնությամբ անդրադարձավ մեր հաջորդ՝ սպասվելիք հարցին, ինքն էլ այն ձեւակերպելով՝ ինտրիգն այն է, թե ինչու է հենց Լավրովը բացում խաղաքարտերը։ Ասաց, որ իրենք էլ են մտածում այդ մասին, ունեն վարկածներ, բայց վերջնական, հստակ վարկածը դեռ չկա։ Նաեւ պարոն Տարասովը մեկնաբանեց, թե փաստ է, որ Հայաստանը հայտնվել է շատ անհարմար վիճակում։ 

- Պարոն Տարասով, ինչո՞ւ է ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Հայաստանին դնում նման անհարմար վիճակում։

- Որովհետեւ իր մյուս ռազմավարական գործընկերը դրանից հետո եւս հայտնվում է անհարմար վիճակում, եւ ավագ ռազմավարական գործընկերն իր կրտսեր ռազմավարական առաջին գործընկերոջը՝ Երեւանին, տալիս է ընտրության իրավունք։ Ախպեր ջան, ասում ես՝ միացո՞ւմ, ունե՞ս խորհրդարանում մեծամասնություն, ուրեմն արա միացում, եթե չես ուզում՝ խոսիր բաց։ Թե չէ՝ անընդհատ թաքնվել, անընդհատ, ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին, եթե հանկարծ Ադրբեջանը պատերազմ՝ մեղավորը Ռուսաստանն է, մյուս կողմից՝ նույնպես։ Լսեք, հանգիստ թողեք Ռուսաստանը։ Մինսկի խումբը Մադրիդյան փաստաթղթում ամրագրված սկզբունքների կողմնակից է, որի հիման վրա էլ տարվում են բանակցությունները։ Նրանք պաշտոնապես մասնակցում են բանակցություններին, իսկ հետո՝ հրապարակավ կամ ոչ, իրենց անհամաձայնությունն են հայտնում։ Եվ այսքան տարի ինչ ասել են Բաքուն ու Երեւանը, կատարյալ բլեֆ էր։

- Այուամենայնիվ, ինչո՞ւ հանկարծ Ռուսաստանը որոշեց բացել փակագծերը։

- Գիտեք, բանակցությունների գաղտնիությունը, փակ ռեժիմն ինչ-որ մի շրջանում արդարարացված էին։

- Հանրապետական կուսակցությունը հերքեց, թե 2014-ին սեղանին եղել է փուլային տարբերակ։ 

- Խորհուրդ կտայի այդ մասին Տարասովից չհարցնել ու նայել Մադրիդյան սկզբունքները, որոնցում մի քանի կետերով սահմանվում է փուլայնություն․ տարածքների ազատում, Արցախի կարգավիճակ՝ երկու։ Հիմա ձերոնք ասում են․ սկզբում՝ սա, հետո՝ տարածքները, Ադրբեջանը՝ չէ, սկզբում մենք վերցնենք տարածքները, հետո կխոսենք Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Եվ միանգամից՝ փաթեթային որոշմամբ, արցախյան խնդիրը հնարավոր չէ կարգավորել։ Սա փուլային կարգավորում է․ մի բան, որ ընկեր Մնացականյանը հերքում է՝ չտեսնելով այն, ինչ ակնհայտ է։