ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը`մասնագիտական կողմնորոշման միջոց

ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը`մասնագիտական կողմնորոշման միջոց

Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն ու Արագածոտնի մարզի հասակակիցները եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Ընկերության կառավարման եւ սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաեւ երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ավելի քան տասը տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը երիտասարդներին օգնում է բացահայտել ոլորտի առանձնահատկություններն ու պատկերացնել, թե ինչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը:

Ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված հերթական խումբը ծանոթացել է տարբեր ստորաբաժանումների աշխատանքին, եղել զանգերի եւ սպասարկման կենտրոններում: Շրջայցի ավարտին պատանիները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին եւ ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Մասնավորապես՝ ինչպես կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն եւ շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը: 

«Դուք այնպիսի տարիքում եք, երբ ձեզ շրջապատող ամեն ինչ խորը տպավորություն է թողնում ներքնաշխարհի վրա եւ կարող է որոշիչ դեր կատարել ապագայի ճանապարհների ընտրության հարցում: Ձեւավորվում են նախասիրություններ, որոնք էլ որոշիչ դեր են խաղում մասնագիտության ընտրության հարցում: Կարծում եմ՝ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կընդլայնեն ձեր մտահորիզոնը եւ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք ապագայում, չվախենաք սխալվելուց, փորձեք լինել հետեւողական, պատասխանատու, աշխատասեր եւ համարձակ: Այդ հատկանիշները կօգնեն հաջողության հասնել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատանիները ծանոթացել են նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին եւ շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Հանդիպումն ուղեկցվել է զրույցով եւ ինտերակտիվ հարցուպատասխանով: