Կախվածությունը ոչ միայն մեկ երկրից է, այլ` մեկ անցակետից

Հայաստանում տնտեսական ակտիվությունը Համաշխարհային բանկի տվյալներով մայիսին նվազել է գրեթե կիսով չափ՝ մինչև 5,2%:
Դա պայմանավորված է արդյունաբերական արտադրության և առևտրի ծավալների անկմամբ։ 44%-ով նվազել են նաև տրանսֆերտները։ Ծավալի հիմնական մասը շարունակել է գալ Ռուսաստանից, սակայն դա էլ նվազել է 55%-ով, ԱՄՆ-ից եկող տրանսֆերտներն էլ աճել են 4%-ով։
Բանկը նաև 2023 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել է գների աննշան աճ՝ պայմանավորված տրանսպորտի ոլորտում գների աճով (10,8%)։
Ստացվում է, որ Հայաստանում տնտեսական աճն այնքան էլ «բումային և աննախադեպ» չի, որքան փորձում են ներկայացնել Հայաստանի իշխանությունները: Հիշո՞ւմ եք չէ, կառավարության նիստերի ժամանակ Փաշինայանը պարբերաբար «ցնցող» տնտեսական ցուցանիշներն էր մատնացույց անում, այնինչ այդ ցուցանիշներից շարքային ՀՀ քաղաքացու գրպանի վրա անդրադառնում էին միայն աճող գներով:
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այն ցուցանիշները, որոնք գրանցվել են անցյալ և նախանցյալ տարիներին՝ պատահականության արդյունք են, ինքը դրանց վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ ունի:
«Հիմա կամաց-կամաց փրփուրը նստելու ժամանակն է և առաջիկա ամիսներին պարզ կդառնա գոնե թե ինչ ուղղությամբ կհանգուցալուծվի ռուս-ուկրաինական հակամարտությունը: Դրանով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի աճ, դրամի կայունությունը մեծ մասամբ, որովհետև հսկայական քանակությամբ արտարժույթ է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն, բազմաթիվ են այս գործոնները: Ես դեռ չեմ խոսում Եվրասիական Տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին: Միայն տասը տարիների ընթացքում տասնչորս անգամ ավելացել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ այդպիսի ուրիշ օրինակ համաշխարհային տնտեսության մեջ գոյություն չունի»,-ասաց Մանասերյանը։
Իսկ ինչպե՞ս է, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների կիսով չափ կրճատվելն ազդելու ՀՀ հասարակ քաղաքացու վրա, Մանասերյանն ասաց, որ այս պարագայում ՀՀ քաղաքացին ընդամենը պետք է իր կարծիքը հայտնի, ինչպես դա անում են և Վրաստանում, և Եվրոպայում, և հարևան Իրանում: Հայաստանի քաղաքացին չպետք է նստի և սպասի, թե իր կյանքն ով է որոշելու և ինչպես՝ հատկապես որ դրանք շատ կողմնակալ որոշումներ են: Գիտակից, տրամաբանող հայ քաղաքացին պիտի ընդամենն այդ հարցերն ուղղի կառավարությանը, որովհետև հենց հայ քաղաքացու փողերով է այդ կառավարությունն աշխատում՝ նրանք ընդամենը վարձու աշխատողներ են:
«Երբ դեռ Հայաստանը նոր էր անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը և այսքան տպավորիչ թվեր դեռ չէին էլ գրանցվել, այն ժամանակ ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության համար տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից մեկուսանալը կլինի տնտեսական ինքնասպանություն, ինչը և այսօր իմ համոզմունքն է: Առավել ևս, որ չկա դրա այլընտրանքը: Եթե այլընտրանք կարող է ստեղծել իշխանությունը՝ դա ուրիշ հարց է, բայց այլընտրանք չստեղծելով ժողովրդին մատնել իրականում և էներգետիկ ճգնաժամի, և պարենային ճգնաժամի, և ֆինանսական ճգնաժամի՝ անընդունելի է: Այո, կախվածությունը դժբախտաբար շատ մեծ է, ես էլ չէի ուզենա, որ այդքան շատ կախվածություն լինի: Այդ կախվածությունը տնտեսական ինտեգրացիայի արդյունք է, բայց Հայաստանի Հանրապետությունն ազատ է համագործակցել տարբեր երկրների հետ՝ ի շահ երկրի տնտեսության, ի շահ երկրի ժողովրդի բարեկեցության բարձրացման՝ մեզ որևէ մեկը դա չի արգելել: Բայց ոչ ներկայիս, ոչ էլ նախկին իշխանություններն իրենց նեղություն չեն տվել ռեալ աշխատելու և կախվածությունը ոչ միայն մեկ երկրից է, այլ մեկ անցակետից է՝ Վերին Լարսից»,- նկատեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը:
Մանասերյանը նկատում է, որ արաբական երկրները, օրինակ Էմիրությունները, բավականին լուրջ պահանջարկ կարող է ձևավորվել հայկական արտադրության՝ գյուղատնտեսության, գիտական մտքի և այլ որոլորտների արտադրանքի նկատմամբ, սակայն մենք այդ ուղղությամբ որևէ քայլ չենք արել: Հայաստանի իշխանությունները երբեք նեղություն չեն տվել իրենց՝ Հայաստանը ծայրաստիճան կախվածությունից դուրս բերելու համար:
«Հավանաբար իրենք մտածում են, որ երկու տարի հետո իրենք չեն լինելու և երկու տարիների ընթացքում իրենք իրենց հարցերը կկարգավորեն և ժողովրդի ասածով՝ ով սաղ․ ով` մեռած»,-ասաց Մանասերյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները չունեն Հայաստանի զարգացման տեսլական, ո՞րն է Հայաստանի զարգացման նպատակը, նման բան գոյություն չունի և դա է պատճառը, որ հնարավոր չէ մտորումներ անել՝ այս կամ այն զարգացման դեպքում ինչ կարող է լինել՝ չկա ազգային նպատակ: Մանասերյանը նկատեց, որ նույնիսկ 90 միլիոնանոց Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ծրագիր չունենք, որի հետ պատմական և բարեկամական կապերն են կապում, նման ծրագիր չունենք նաև եղբայրական Վրաստանի հետ: Զարմանալիորեն մենք չենք ճանաչում Վրաստանն ու չենք կարող այս պահին տարածաշրջանային տնտեսական ինտեգրումների մասին մտորումներ անել՝ տիրող պատկերի պարագայում:
Կարծիքներ