ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին

Դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, թե ինքը տեղյա՞կ է, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին մեղադրում են ԱՄՆ-ում գողություն անելու մեջ, ինքն ուսումնասիրե՞լ է այդ գործը։ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ գերատեսչությունում տեղյակ են եւ զբաղվում են դրանով․ «Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»,- ասաց Անդրեասյանը:

Ի դեպ, Դիանա Գալոյանը ՀԱԿ նախկին անդամ, տնտեսագիտության դասախոս Զոյա Թադեւոսյանի դուստրն է, ով վերջերս հակաարցախյան գրառում էր արել եւ համացանցում նրա դեմ ֆլեշմոբ էր սկսվել:

ԿԳՄՍՆ-ի մեր աղբյուրները տարակուսում են, թե ինչու 3 տարի ուշադրություն չէին դարձնում գողության մասին փաստին, որոնց մասին ժամանակին գրել է մամուլը, այդ թվում` «Հրապարակը» եւ միայն հիմա են որոշել Միացյալ Նահանգներ հարցում ուղարկել: Մանավանդ հարցում անելու իմաստն էլ չկա, քանի որ կան տեսանյութեր եւ Դիանա Գալոյանի մուտքն ԱՄՆ արգելված է: 

Մենք դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն` հասկանալու համար, թե ե՞րբ կստանան իրենց հարցման պատասխանը և արդյո՞ք հաստատական պատասխան ստանալուց հետո Գալոյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանզի օրենքը թույլ չի տալիս դատապարտված անձին աշխատել որպես բուհի ռեկտոր, եթե դատվածությունը մարված չէ: ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնեցին, որ նման հարցերին, որպես կանոն, բավականին ուշ են արձագանքում, այն էլ ԱՄՆ-ի պես գերտերությունից, նշեցին, որ սպասում են պատասխանին, ինչից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն: