Կառավարությունը գիտության նկատմամբ իրեն դրսևորել է որպես հակառակորդ

Կառավարությունը գիտության նկատմամբ իրեն դրսևորել է որպես հակառակորդ

Ամեն տարի, առնվազն 20 տարի շարունակ, պետական բյուջեի քննարկման ժամանակ գիտնականները հավաքվել են, գիտության ոլորտի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկներ ներկայացրել, իրավիճակը ներկայացրել, բայց ոչինչ չի փոխվում։ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» նախաձեռնության հեղինակ Արթուր Իշխանյանն այլևս չի առաջարկում, այլ պահանջում է։ «Բայց մենք գիտենք արդյունքը, մենք գիտենք, որ գիտությունը գտնվում է ամենավատ վիճակում։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի մակարդակից հետո սկսվում են բարիկադներ, բարիկադներից այն կողմ կանգնած է հակառակորդ, որն այդ ամենին ընթացք չի տալիս։ Եվ այդ հակառակորդը մեր կառավարությունն է, բոլոր կառավարությունները, որովհետև բոլոր կառավարությունների աշխատանքի արդյունքը մեկն է․ այն, ինչ մենք ունենք․․․ Ուստի եկեք հասկանանք, որ մեր կառավարությունը՝ ներկա կառավարությունը, ես դա ցավով եմ ասում, իրեն դիրքավորել է որպես հակառակորդ, ոչ որպես գործընկեր»։

Արթուր Իշխանյանը, իր նախաբանում ասելով, որ մեր գիտության ցավերը շատ են, ախտորոշեց մեկ նախադասությամբ՝ մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ և գնում է մահվան։ Իշխանյանի խոսքով՝ անկախությունից ի վեր մեր գիտությունը միշտ պահվել է նվազագույն ֆինանսավորման գոյատևման ռեժիմում, ինչի արդյունքում ունենք թե՛ գիտնականների թվի սարսափելի կրճատում, թե՛ գիտության ընդհանուր ծերացում, ենթակառուցվածքները մաշված են, գիտական հանրությունը՝ հոգնած։ Գիտնականն ասում է, որ մի մեծ մոլորություն կա, որ երիտասարդներին պետք է բացատրել, ասել կարևորության մասին։ Նա ասաց՝ ոչ մեկին ոչ մի բան պետք չէ բացատրել, բոլորը շատ լավ հասկանում են, և այն կառավարությունը, որին պետք է բացատրել գիտության կարևորությունը, այդ կառավարությունը ոչինչ չարժի։ «Չի կարելի ստանձնել ոլորտի կարևորությունը, չգիտակցելով դրա կարևորությունը»։

 Արթուր Իշխանյանը պահանջում է համահայկական տելեթոններին փող հավաքել ԳԱԱ հիմնարկների վերանորոգման ու գիտական ծրագրերի համար, իսկ վարչապետից ու ԱԺ նախագահից՝ հիմնել գիտնականների պարգևատրման ամենամյա մրցանակներ։