Հայ հողին՝ հայ անուն եւ գույն

Հայ հողին՝ հայ անուն եւ գույն

ՆԱՆԵ
ՀԱՅ ՀՈՂԻՆ՝ ՀԱՅ ԱՆՈՒՆ ԵՎ ՀԱՅ ԳՈՒՅՆ
Խաբեության, գաղտնիքների, դավերի մթության մեջ հունցված ու մեզ մատուցված պարտությունը երևի աշխարհի պատմության մեջ կմտնի որպես իր տեսակի մեջ միակը, որը նաև ձնագնդի պես գլորվելու հունարն ունի և գնալով հսկայանում է ու հսկայանում՝ անհասկանալի համաձայնագրից, օտարի սանձարձակ ախորժակից ու սպասելիքներից շատ անգամ ավելիով: Թերևս միայն թուրքի սահմաններ չճանաչող երազանքները իրականացնելու անզուսպ հրճվանքով ու անհամբերությամբ էր հնարավոր այսպիսի ՛՛պտղաքաղ՛՛ անել ու մատուցել թշնամուն:

Մենք արդեն ամեն օր ենք պարտվում՝ շրջան առ շրջան, համայնք առ համայնք ու արդեն գյուղ առ գյուղ, տուն առ տուն, զինվոր առ զինվոր, հայ առ հայ… Ամենասարսափելին չընդդիմանալն է, նախապես հանձնվածի անկամ ու անզոր վիճակը: Մենք, որ կռվի մեջ մտնելիս նմանը չունենք ու թե դավը չգետնի՝ թշնամուն մոլորակի սահմաններից այն կողմ էլ կշպրտենք, մենք, որ հազարամյակներով մեր զինվորի ոգու անհաղթելի ուժով զարմացրել ու զարմացնում ենք` թուրքի արնոտ շնչի առաջ մեր կին ու մանուկների  կյանքերը պաշտպանելու համար ոչինչ չենք կարողանում ձեռնարկել. Դե, կռիվ չէ այլևս, մերը մեծ կռիվն է, զանգերը հնչեցրեք ու կտեսնեք, թե ինչ կանենք: Գյուղե՞ր են դատարկվում, դե հո մեր գյուղը չէ, տնե՞ր են այրում ու դեպի անհայտություն ձմռան մեջ մեծ ու փոքրով դատարկ ձեռքերով ու դատարկ կյանքով քայլ անում, հո մեր տունը չէ դեռ.… 
Մենք պարտավոր էինք, պարտավոր ենք ոչ միայն փողոցներ դուրս գալ, այլ նաև ամեն դատարկվող գյուղի,  տան կողքին կանգնել, որ պարտության գլորվող անիվը կանգ առներ: Բայց մենք փոքր կռվի, փոքր հաղթանակների ու պարտությունների գլուխը չունենք, մերը ծայրահեղությունն է՝ կամ-կամը… կամ՝ մեծ, կամ՝ ոչինչ… :
Եվ…ընկած մեծի հետևից՝ անդառնալի ու անթույլատրելի կորուստներ ենք տվել ու տալիս: Ամբողջ բանակի դեմ դուրս եկած ու հաղթածներս՝ մեկ հոգու առաջ անզոր կանգ ենք առնում: Փոքրն այնքան բանի տեղ չենք դրել, որ արդեն դրա հետ վարվելու ձևն էլ չգիտենք: Իսկ օտարն ասում է. ՛Թշնամիդ մուկ էլ լինի՝ նրա մեջ փիղ տես՛: Ասել է թե՝ փոքրի դեմ մարտի մտիր փղի հետ կռվելու պատրաստությամբ, և պարտությունը պարզապես կբացառվի: Այդպես բացառվում է նաև ամեն մի արկածախնդրություն, որը, ցավոք, մեզ խիստ բնորոշ է՝ քայլ գցել առանց ծանրութեթև անելու, առանց հասկանալու, թե ուր ես դնում ոտքդ:

Այո, ճիշտ հաղթանակը ոչ թե մեծն է, ինչի երկրպագողն ենք մենք, այլ ԿԱՏԱՐՅԱԼԸ` և՛ մեծը, և՛  նրա շուրջ ու ներսում, նրանից առաջ և հետո եղած մանրը, փոքրը, անգամ չնչին թվացողը… 
Եվ այլոք հենց այդ փոքրերով ապագա մեծ հաղթանակների ճանապարհն են հարթում, և այդ հաղթանակները հաստատուն են լինում, ամրակուռ, դժվար սասանելի, որովհետև հաշվի առնված է լինում ամեն մանրուք, ամեն չնչին թվացողն անգամ: Որովհետև ամեն մեծ բան փոքրից է սկսում, փոքրերի միասնություն է և դրանում է գոյատևության բանաձևը.

՛՛Նրանք ծույլ են, որովհետև միշտ շտապում են, բոլոր խնդիրները ջանում են լուծել միանգամից: Նրանք զոհում են քիչը հանուն մեծ, վճռորոշ հաղթանակի: Բայց այդպիսի հաղթանակը կամ ընդանրապես չի գալիս, կամ, հաղթելով` նրանք հայտնվում են կոտրած տաշտակի առաջ:
ՄԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆՔ ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՏԱԿՏԻԿԱՆ, ՉՆԱՅԱԾ ԴԵՄ ՉԵՆՔ ԵՎ ՄԵԾԵՐԻՆ: ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆՈՒՅՆՊԵՍ 
ՀԱՂԹԱՆԱԿ Է

Ու թշնամու փոքր հաղթանակներ են նաև նրանց կողմից մեր շեներին կնքած անունները: Իսկ մենք՝ մոռանալով հայկական անուշաբույր, անուշահամ տեղանունները, շատ արագ ընդունել ենք այդ օտարը, երկրպագել թշնամու կնքածը, կանաչ ճանապարհ բացել դրան՝ այն գրեթե անջնջելի կերպով տեղավորելով մեր հիշողության մեջ: Որևէ ազերի, թուրք կամ այլ օտար՝ մի ոտնաչափ տեղ անգամ բացելուց հետո ուրիշի հողում, եղած անունը չի կրկնի, իրենը կկնքի, շատերն անգամ դիմացինի անունն ու ազգանունն են փոխում ու իրենց լեզվին հարմարեցնում: Մենք այդ ամենի մեջ տեսե՞լ ենք երբևէ հետինն ու խարդախը, նվաճողի հրահանգ ու իշխելու մղում: Իհարկե ոչ:  Ավելին՝ հնազանդվել ենք…

Դեռ Աբդուլ Համիդի օրերից թուրք կամ քուրդ գաղթականներով վերաբնակեցված վայրերի հին անունները փոխարինվում էին նորերով:

Երիտթուրքերը ևս չափազանց կարևորում էին՛՛ՙոչ մահմեդական՛՛ տեղանունները վերափոխելը։ Կայսրությունում տեղանունների համակարգված թրքացմանն էր միտված 1913թ. մայիսի 13-ին ընդունված ՛՛ՙԳաղթականների բնակեցման կանոնադրություն՛՛ փաստաթուղթը։ 1916թ. հունվարի 5-ին, երիտթուրքերի կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան պահանջում էր Օսմանյան կայսրության հայերեն, հունարեն և բուլղարերեն տեղանունները թուրքերենի փոխել։ 

Հրամանագիր /հատվածաբար/ 
1. Օսմանյան երկրում հայկական, հունական, բուլղարական և այլ ոչ մահմեդական ժողովուրդներին պատկանող նահանգի, գավառի, գյուղաքաղաքի, գյուղի, սարի, գետի… և այլ բոլոր անունների վերածումը թուրքերենի անհրաժեշտ է… 
2. Ձեր իրավասության տակ գտնվող տարածքում զինվորական հրամանատարության և վարչական պաշտոնեության հետ միանալով՝ թող կազմվեն անվանափոխության համապատասխան ցուցակներ, և նահանգի, գավառի, գյուղաքաղաքի կենտրոններն ընդգրկող այս ցուցակները հնարավորինս շտապ մաս առ մաս ներկայացվեն Գլխավոր շտաբ:

Հավաքվող ցուցակներն ուսումնասիրելուց ու համանման անունները փոխհամաձայնությամբ փոփոխելուց հետո պետք է ուղարկվեն ներքին գործերի և կապի նախարարություններ՝ ընդհանրացման և կիրառության համար:
3. Անհրաժեշտ է, որ նոր անվանումներն արտահայտեն աշխատասիրությամբ մշտապես ընդօրինակելի և չափանիշ հանդիսացող ու գովեստներով փառաբանված մեր զինվորականության պատմությունը: Պետք է հիշել ինչպես ներկա, այնպես էլ անցյալ պատերազմական իրավիճակներում հայտնված և, ըստ այդմ, հատուկ փառաբանված դրվագները: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է հիշատակվեն ամենաբարձր բարոյականության տեր և իրենց երկրին անգնահատելի ծառայություններ մատուցելիս զոհված անձնավորությունները: 
Ի վերջո, դպրոցում ուսուցիչներն իրենց աշակերտներին մեր հայրենիքի տարբեր անկյունների մասին դասավանդելիս՝ պետք է կարողանան տվյալ վայրի փառապանծ պատմությանը, կլիմային, բերքին, առևտրին և արվեստին պատկանող օգտակար թեմաներ գտնել: Բացի այդ՝ եթե օտար լեզվով վաղուց ի վեր ընդունված անունների հանկարծակի փոփոխությունը լինի անհարմար անուններով, առաջ կբերի որոշ սխալներ, և պատճառ կդառնա, որ բնակչության շրջանում հին անունների օգտագործումը շարունակվի….
Գլխավոր հրամանատարի տեղակալ՝ Էնվեր /1916թ./ 16՛՛

էնվերի հրամանագրով ոգևորված թուրք հայտնի զինվորական Հուսեյին Ավնի  բեյը գրել է.  ՛՛Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է թուրքերեն դարձնենք, այլ ոչ թե թողնենք հայերեն, հունարեն, արաբերեն։ Այսպիսով՝ մեր երկիրը կներկենք մեր գույներով՛՛։
Իրենց գույներոոով… Եվ հիմնականում լավ էլ հաջողվել ու հաջողվում է:

Ահա այդպես, նրանք ծրագրավորված, խորամանկ ու հեռատես նպատակասլացությամբ` իրենց  ցնցոտիների փեշերը փռեցին աջ ու ահյակ` ՙիրենց գույներով /հիմնականում սև՝ ղարա…Ղարաքիլիսա, Ղարասու, Ղարաբաղ և այլն/ ներկելով՚  մեր գունագեղ երկիրը…. Հետո, եթե անգամ դուրս շպրտվեցին, վերադարձան նորից, պնդելով, որ իրենցն է եղել քո պապենական հողը ու սա էլ կնիքը՝ Ղարա….:

Իսկ  մենք պատերազմեցինք, հաղթեցինք և մեր ազատագրված տարածքը  շարունակեցինք անվանել նվաճողների կնքած անունով՝ Ղարաբաղ, որը թուրքերեն նշանակում է  Սև այգի…  թուր-քե-րե¯ն…  
Եվ ՛Ղարաբաղը մերն է, թուրքերեն ՛Սև այգի՛ գոչելով կամեցանք, որ տեր ճանաչեն մեզ այդ հողին:
Ու միջազգային քննարկումների սեղանին դրվում են փաստաթղթեր, հնչեցվում ճառեր, որտեղ, ստացվում է, որ  թուրքական անվանումով տարածք ենք պահանջում: Օտարը մեր պատմությունը  չգիտի, չի տեսել Արցախի դարավոր եկեղեցիներն ու խաչքարերը: Եվ բնական է, որ պետք է մտածի, թե ում լեզվով կնքված է տարածքը` նրան էլ պետք է պատկանի…

Որքան հայորդիների արյան գնով ազատագրված Արցախը այդպես էլ չազատվեց թուրքական կնիքից ու խարանից: Հասկանալի կլիներ, եթե այն միայն  փաստաթղթային մակարդակներով մնար, այն էլ՝ կողքին անպայման Արցախի ավելացմամբ ու այնքան համառորեն, որ օտարների համար էլ դառնար սովորական և ընդունելի: Լսողություն-հիշողությունն էլ իր կանոններն ունի, ավելի շատ հնչածը ավելի հարազատ է դառնում…

Վաղուց պետք է հասած լինեինք այն բանին, որ մեր շուրթերից  ՛Ղարաբաղ՛ բառն ընդհանրապես չհնչեր, սկզբունքորեն չհնչեր: Մինչդեռ հաղթածի մեր հպարտ կեցվածքով մենք շարունակեցինք ու այսօր էլ շարունակում ենք ողջ ազգով՝ Արցախում, թե Արցախից դուրս Արցախի փոխարեն այդ ՛՛Սև այգի՛՛ Ղարա-բաղը նետել մեր պապենական հողերի երեսին: 

Ահա այդպես են մեծ պարտությունները հասունանում, ահա այդպես են տարած մեծ հաղթանակները փոշիանում: Եվ հարմար պահի մի դավաճանն էլ հերիք է, որ հողն օտարվի, որովհետև այն ամեն անգամ է օտարվում մեզնից իր թուրքական անունը լսելիս:
Ու քանի դեռ մենք չենք սովորել գիտակցված ապրել, կարգին տեր կանգնել մեր ունեցածին, թշնամու լեզուն ոչ անվան տեսքով, ոչ մեկ այլ՝ չթողնել մեր սահմաններից ներս, քանի Արցախն ամեն անգամ դեռ փշաքաղվում է հայի շուրթերից լսելով այդ վիրավորանքն իր հասցեին, մենք հետ էլ վերցնենք մեր հողը, այն նորից դուրս է սահելու  մեր մատների արանքից: 

Սա մեկն է միայն ՛փոքր՛ պարտություններից՛, իսկ մենք ամեն օր, ամեն պահ որքան նման պարտություններ ենք գրանցում հաղթանակների փոխարեն: Մենք մարտից հետո խաղաղ հանգստի ենք անցնում, անծրագիր կյանքի, մինչ հակառակորդը ոչ մի վայրկյան անգամ չի դադարում պատրաստվել՝ պատրաստվել փոքր հաղթանակներով, ամեն մանրուք իր մեջ ներառած կուռ և մշակված ծրագրով:
Ու …փոխվելը պարտադիր է, գոյատևության կանոններով ապրելը՝ շարունակվելու կարևոր պայման