Մարդը իջել է «Զվարթնոցում», ասել է`ես ադրբեջանցի եմ, եկել եմ Հայաստան ու գնացել է իր գործերով

Մարդը իջել է «Զվարթնոցում», ասել է`ես ադրբեջանցի եմ, եկել եմ Հայաստան ու գնացել է իր գործերով

«Հրապարակի» զրուցակիցն ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն է:

- Արցախում նորից գյուղեր են հանձնվում: Տպավորություն է, թե հանձնելը դարձել է այս իշխանությունների ամենասիրելի գործը: Ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը:

- Ամեն ինչ անհույս է ու ամենավատը գիտե՞ք որն է, որ գնալով վատանալու է մեր վիճակը: Հայաստանը շարունակելու է հանձնել մինչև վերջին հայը: Միայն մեկ դեպքում կարող է իրավիճակը փոխվել` առաջին, եթե իշխանափոխություն տեղի ունենա, երկրորդ` եթե վերականգնվի Հայկական բանակը: Աղավնոն հանձնվել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Համաձայնագրում հստակ գրված է այդ մասին: Նիկոլ Փաշինյանն այս ամենը հանձնել է երկու տարի առաջ, պարզապես հինգ տարի ժամանակ ունեինք, սակայն Ադրբեջանը շտապում է, չի սպասում, քանի որ արդեն Զանգեզուրի միջանցքը պատրաստ է:

- Վարչապետն օրերս հայտարարեց, թե ադրբեջանցիները կարող են հատել ՀՀ սահմանը և գնալ Նախիջևան: Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ:

- Զարմանալի ոչինչ չկա: Ես հենց հիմա ամեն ինչ իմ սեփական աչքերով եմ տեսնում: Երևանում բազաթիվ հայախոս թուրքեր են շրջում: Երևանը հեղեղված է ազերիներով: Հիշենք Թալինի դեպքերը, երբ հայախոս թուրքերը 8 հովիվի պատանդ էին վերցրել:

- Իսկ մուտքի և ելքի խնդիրն ինչպե՞ս է կարգավորվելու:

- Մի քանի օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ընկերուհիս դեմ դիմաց հանդիպել է մի ադրբեջանցու, ով անգամ չի թաքցրել իր ազերի լինելու հանգամանքը: Շատ հանգիստ ասել է` ես ադրբեջանցի եմ, եկել եմ Հայաստան: Նրան շատ հանգիստ թողել են Հայաստան, մարդը տաքսի է պատվիրել ու գնացել իր գործերով: Ինչո՞ւմն է խնդիրը: Ի՞նչ նախադրյալ կա: Որոտանից ու Շուռնուխից չեն մտնի, օդանավակայանից կմտնեն:

- Խայկ Խանումյանն Աղավնոյի բնակիչներին, որոնց մինչև օգոստոսի 25-ը գյուղը լքելու ժամանակ են տվել, ասել է` չպետք է այրեք ձեր տները, հակառակ դեպքում փոխհատուցում չեք ստանա:

- Ես վերլուծեցի իրավիճակը և ինձ մոտ շատ լուրջ կասկածներ առաջացան: Վերջին երկու տարվա ընթացքում Աղավնոյում մեծ գումարներ են ներդրվել: Տարբեր ֆոնդերի միջոցով Աղավնոն զարգացնելու համար հսկայական գումարներ են ծախսվել: Ես հիմա մտածում եմ, որ ադրբեջանցիներն են այդ գումարները ծախսել, որ հիմա իրենց մնա: