Լենգսթոն Հյուզ․ Ջազային պոեզիա

Լենգսթոն Հյուզ․ Ջազային պոեզիա

Արթնացում
Բոլոր սգացողներիս ասա՝
կարմիրով սգան,
որովհետեւ չկա ոչ մի իմաստ
մեռած լինելուս մեջ...


Փունջ
Իմացածդ բոլոր երգերը՝
հավաքելով խավարից,
նետի՛ր արեւը,
քանի դեռ դրանք
չեն հալվել ձյան պես....


Երազանքների պահապանը
Դու երազող,
տու՛ր ինձ բոլոր երազանքներդ
ու մեղեդիները սրտիդ,
որոնք կարող եմ փաթաթել
երկնագույն ամպի շորով`
աշխարհի շատ կոպիտ մատներից
հեռու....

 

Քաղաքը
Քաղաքը
պարզում է իր թեւերը
առավոտյան`
արարելով երգ քարերի մեջ,
որոնք երգում են:
Երեկոյան
քաղաքը գնում է ննջելու`
կախելով լույսերը
իր գլխավերեւում:


Աստվածները
Մինչ մարդիկ վախենում են,
փղոսկրյա աստվածները,
սեւամորթ աստվածները,
աստվածները ադամանդի ու նեֆրիտի
լռակյաց նստել են իրենց տաճարների տանիքներին:
Փղոսկրյա աստվածները,
սեւամորթ աստվածները,
աստվածները ադամանդ-նեֆրիտի,
որ մարդիկ իրենք են ստեղծել,
անհեթեթ տիկնիկներ են միայն:

 

Խաչ
Ծերունիս ճերմակ է,
իսկ տարեց մայրս` սեւ,
եթե նզովել եմ երբեւէ
ճերմակ ծերունուս,
նզովքս վերադարձնում եմ,
եթե նզովել եմ երբեւէ
սեւ մորս`
կամենալով, որ լինի դժոխքում,
ցավում եմ այդ ցանկության համար
մեղսալի....
ծերունիս մեռավ սքանչելի մեծ տանը,
մայրս` աղքատ հյուղակում...
զարմանում եմ` կմեռնե՞մ`
լինելով ոչ սպիտակ,
ոչ էլ սեւ:

 

Երգ մուգ աղջկա համար
Դիքսի հարավային ճանապարհին
(կոտրված է սիրտս)
նրանք կախեցին սեւ սիրեցյալիս
խաչմերուկի ծառերից․․․․․
Դիքսի հարավային ճանապարհին
(կապտել էր մարմինը բարձր օդում)
ես հարցրի
սպիտակ աստծուն՝ Հիսուսին՝
որն էր իմաստն աղոթքի…
Դիքսի հարավային ճանապարհին
(կոտրված է սիրտս)
սերը մերկ ստվեր է՝
մերկ ու մռայլ ծառի վրա…

 

Խաղաղություն
Մենք անցանք
նրանց գերեզմանները,
մեռյալ մարդիկ այնտեղ են`
հաղթողները, թե պարտվողները,
կարեւոր չէ.
նրանք չեն կարող
տեսնել խավարի մեջ,
թե ով հասավ հաղթանակին...


Մահացող հրեշը
Զգալով մահը`
բզզոցները կուտակվում են,
արձանագրելով
վերջին ճիգը հյուծված մարմնի
ու վերջին հայացքը
տառապող աչքերի՝
անցնող քամու
եւ անծայրածիր երկնքի մեջ....
բզզոցները սպասում են վերեւում
այն ակնթարթին,
երբ կյանքը կմեռնի...

 

Թարգմանությունը՝ Հաս Չախալյանի 
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ