Փաշինյան-սորոսականներ պայմանավորված խա՞ղ, թե՞ հակամարտություն

Փաշինյան-սորոսականներ պայմանավորված խա՞ղ, թե՞ հակամարտություն

Օրերս 46 հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վերլուծելով հետհեղափոխական 2 տարին, որոշակի «արձանագրումներ» անելով՝ կոչ արեցին իշխանություններին քաղաքական գնահատական տալ, մասնավորապես՝ ԱԺ բանաձեւի միջոցով ճանաչել նախորդ իշխանությունների կողմից «պետության զավթման փաստը»։ «Ժամանակն է հասկանալու, որ օրենսդրական, տնտեսական եւ վարչական լծակների զավթման ավելի քան 20 տարիների ընթացքում կարծրացած կառույցներն ապամոնտաժելու կարճ եւ պարզունակ ճանապարհ չկա: Պետության զավթումը չի կարող վերացվել 1 կամ 100 օրենքների միջոցով կամ նույնիսկ սահմանադրական բարեփոխումների միջոցով, եթե արդարադատության վերականգնումը համալիր եւ ամբողջական չլինի: Իսկ դա նշանակում է բոլոր խախտումների ճանաչում, որոնք են՝ վատ օրենքները, կեղծ քննություններն ու անարդար դատական որոշումները, ներառյալ, բայց ոչ միայն մարտի 1-ի կամ այլ առանձին գործերի ամբողջական բացահայտում»,- հայտարարում են ՀԿ-ները եւ պահանջում, որ ԱԺ-ն նման բանաձեւ ընդունի մինչեւ սահմանադրական հանրաքվեի անցկացումը՝ սահմանելով պետության «ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման առաջնահերթ համակարգային գործողությունները եւ դրանց ողջամիտ ժամկետները, այնպես, որ պետության վերազավթման ռիսկերն իսպառ վերացվեն»:

Այս հայտարարությունն առնվազն տարօրինակ է, նման պահանջներ սովորաբար ներկայացնում են քաղաքական ուժերը, գործիչները, իսկ ՀԿ-ները զբաղվում են իրավունքի, հանրային շահերի պաշտպանությամբ։ Այն առավել տարօրինակ է դառնում, երբ աչքի ես անցկացնում ստորագրողների ցանկը, որոնք, այսպես կոչված, սորոսականներ են՝ «Բաց հասարակության հիմնադրամները», Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորումը», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ն, Արթուր Սաքունցի Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը եւ այլն։ 

Փոխարենը՝ չկան այն կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչները հեղափոխությունից հետո քննադատում են իշխանություններին։ Անգամ նրանք, ովքեր 2 տարի առաջ էին խոսում քաղաքական գնահատականի անհրաժեշտության մասին, օրինակ՝ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ն՝ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ղեկավարությամբ։ Պատճառը պարզ է՝ սորոսականները չեն դիմել ոչ սորոսականներին։ Կա՛մ այս հայտարարությունը մշակվել է կառավարության կաբինետներում, կա՛մ հեղափոխությանը փայատեր ՀԿ-ների կողմից, որոնք համատեղ ուժերով հող են նախապատրաստում սեփականության վերաբաշխման համար։ Կամ էլ հեղափոխության փայատեր սորոսականները դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից եւ դեղին քարտ են ցույց տալիս նրան՝ կառավարման համակարգում բարձր պաշտոններ կորզելու, իրենց ծրագրած քաղաքականությունն առաջ մղելու նպատակով։ 

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չթաքցրեց, որ չեն դիմել իրեն․ «Այո, ես կարծում եմ, որ հեղափոխությունից անմիջապես հետո իշխանությունները պետք է այդ քայլն արած լինեին, մի բան, որը չեն արել։ Համաձայն եմ տեքստի հետ, եթե դիմեին, գուցեեւ ստորագրեի»։ Ինչո՞ւ չեն դիմել։ «Գուցե որովհետեւ ես այդ մասին բազմիցս եմ խոսել իմ հարցազրույցներում, հայտարարություններում, որ 2018 թվականին պետք է գնահատական տրվեր նախորդ իշխանություններին, որովհետեւ դա էր պահանջում իրավիճակը, որովհետեւ, եթե նախորդ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը չլինեին, ապա հեղափոխության կարիքն էլ չէր լինի»։ Թե ինչու է այսօրվա իշխանությունը հապաղում քաղաքական գնահատական տալու հարցում, իրավապաշտպանը հորդորեց Փաշինյանին հարցնել։

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ կտրականապես հրաժարվեց այս թեմայով մեկնաբանություններ տալ, ասաց՝ գուցե որոշ ժամանակ հետո որոշի խոսել, բայց հիմա չունի նման ցանկություն։ Հելսինկյան ասոցիացիայում որպես փաստաբան եւ մոնիթորինգային խմբի ղեկավար աշխատող Նինա Կարապետյանցն էլ փոխանցեց, որ իրենց չեն դիմել, բայց համաձայն է հայտարարության բովանդակության հետ․ «Ինչ ձեւաչափով է եղել, որ մեզ լուրը չի հասել, որ ստորագրենք, ես դա չեմ կարող ասել, դա գուցե ինչ-որ խումբ է, միասնական պլատֆորմ, մենք չենք ստացել հրավերը՝ միանալու, բայց որ գնահատականի անհրաժեշտությունը կա, միանշանակ է»։ Կարապետյանցի կարծիքով՝ այսօրվա իրավիճակն է նաեւ դրդում, որպեսզի քաղհասարակությունը, չլինելով քաղաքական մարմին, որոշ չափով քաղաքական գործունեություն իրականացնի․ «Հետհեղափոխական իրավիճակներում դա, ցավոք սրտի, անխուսափելի է։ Այո, ՀԿ-ները չպետք է լինեն քաղաքականության մեջ, բայց իրավիճակը պարտադրում է իր կանոնները»։

Հայտարարության տակ ստորագրել է նաեւ բնապահպանական «Էկո լուր» ՀԿ-ն՝ ի դեմս Ինգա Զարաֆյանի, ով տարիներ շարունակ բարձրաձայնել է հանքերի ապօրինի շահագործման, ջրային ռեսուրսների վատնման եւ այլ ապօրինությունների մասին։ Նրան հարցրինք, թե ինչպես է պատկերացնում չեղարկել այդ ամենը․ «Մենք, այո, մինչեւ հիմա չենք կարողանում ազատվել՝ ինչպես են զավթել մեր ջրային ռեսուրսները, հանքերը, անտառը եւ այլն։ Նախկին իշխանությունների տված բոլոր թույլտվությունները, որոնք հանգեցրել են կատաստրոֆիկ վիճակի, առաջին հերթին Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի բալանսի խախտումը, Սեւանի ծաղկելը, գետերի աղտոտվածությունը հինգերորդ աստիճան են դարձել։ Հիմա երբ մենք ասում ենք՝ ճանաչեք այդ փաստը, նշանակում է՝ ընդունեք օրենքներ, որոնք չեղյալ կհայտարարեն դրանք»։ Բայց օրենքը հետադարձ ուժ չունի, ո՞նց եք պատկերացնում, ասենք, չեղարկել հանքի թույլտվությունը։ «Ես չգիտեմ ոնց, բայց կոչ ենք անում։ Այդքանը»։