Պատգամավոր Արմեն Խաչատրյանի ֆանտազիաների հիման վրա են Սերոբ Գասպարյանին կալանավորել

Պատգամավոր Արմեն Խաչատրյանի ֆանտազիաների հիման վրա են Սերոբ Գասպարյանին կալանավորել

«Ռուսական կողմից դեռևս պատասխան չունենք», - «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով ռուսական կողմին արված իրենց հարցմանը, ասաց արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։ Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանը կալանավորվել է իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանքով։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Գասպարյանը` վեց հոգու հետ միասին Ռուսաստանի Դաշնությունում հատուկ պատրաստություն են անցել, որ գան եւ Հայաստանում իշխանափոխություն անեն։ Այս մեղադրանքի հիման վրա Գասպարյանին դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Կոչուբաևն ասաց, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել, սակայն դեռ նորություն չկա գործով։

Ներկայացված մեղադրանքի մասին պաշտպանն ասում է, որ այն քաղաքական հետապնդում չեն համարում։

«Այդ կոնտեքստում մենք գործը չենք տեսնում, զուտ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, իրավապահ համակարգից մի քանի հոգի ցանկացել են իրենց ծառայությունները ցույց տան, որ աչալուրջ են, որ իրենք այսպիսի լուրջ հարցեր են հայտնաբերել։ Այսինքն, իրականությունից կտրված, ամբողջը հնարովի երևույթների հետ գործ ունենք՝ իրականության հետ զրո աղերս ունեցող»,-ասաց Կոչուբաևը։

Սերոբ Գասպարյանի պաշտպանը նշեց, որ քրեական գործի սկիզբը պատգամավոր Արմեն Խաչատրյանի հաղորդումն է հանդիսացել, որ իրեն դիմել են քաղաքացիներ ու հայտնել, որ Ռուսաստանում նմանատիպ գործողությունների են մասնակցել, ինչը, Կոչուբաևի կարծիքով, կարող է միայն ծիծաղ առաջացնել։

Մեր հարցին, որ հնարավո՞ր է քննության ավարտին Սերոբ Գասպարյանին պարզապես ազատ արձակեն, պաշտպանն ասաց․ «Բնականաբար, այլ տարբերակ, այլ ճանապարհ չունեն, որովհետև, ցավոք սրտի, հիմա գործում է  նախաքննության գաղտնիք կոչվածը և չենք կարող մենք բացեիբաց խոսել, բայց, կարծում եմ, որ մենք դեռևս առիթ կունենանք համոզվելու, որ սա ընդամենը ինչ-որ մեկի ֆանտազիաներն են»։