Ժամանակն է ձեր այդ հանճարեղ ծրագիրը հանրայնացնելու

Ժամանակն է ձեր այդ հանճարեղ ծրագիրը հանրայնացնելու

Երեկ այնտեղ էի` Ազգային ժողովի մոտ, լրիվ մենակ, դիտմամբ ծանոթ մարդկանց չէի մոտենում, ուզում էի կողքից դիտորդ լինել, մի փոքրիկ ծրագիր էլ ունեի: Որոշել էի ոստիկաններին մոտենալ, խոսեցնել, ի վերջո՝ նրանք ինչի կամ ում համար են այնտեղ: Պատնեշի մոտ կանգնած սկզբում միայն լսում էի, թե ինչպես են մարդիկ մոտենում, ամոթանք տալիս, մեղադրում թուրքին պաշտպանելու մեջ, որոշներն էլ անկեղծ հարցնում, թե որ հրաման լինի, ի՞նձ էլ ես ծեծելու-ջարդելու: Տղերքը տխուր կանգնած էին, կողքիս տղամարդը զննում էր վահանը, որը չգիտես ինչու վնասված էր՝ մի տեղ երկաթն էր ճկված, մի այլ տեղ «բոլտն» էր դուրս եկած: Կողքից ինչ-որ մեկը հարցրեց, թե այդ վնասված մասն էլ ես «հայի վրա» վնասե՞լ, թե՞ ուրիշ մի տեղ: Ես էլ չդիմացա, ասացի՝ ձգեք այդ բոլտը, մեկին չվնասեք հետ հրելուց: Խեղճ ոստիկանը, որ բռնել էր վնասված վահանը, չդիմացավ ու խորը հոգոցով խախտեց լռությունը. «Ախր ում պիտի վնասեմ, բա ամոթ չի»:

Իսկապես ամոթ է, իսկապես ցուցարարների դիմաց կանգնած են հայ ոստիկանները, ու հավատացեք, նրանց համար շատ դժվար է, նրանք անգամ հինգ շարքով կանգնած ամաչում են, նրանք վստահաբար ձեռք չեն բարձրացնելու ոչ մի հայի վրա, նրանք ամաչում են ոստիկանության անճար հայտարարություններից, թե բա Ազգային ժողովն են «զավթելու»: Նրանք չեն հասկանում, թե ինչ են անում այստեղ՝ Երևանում, ումից ինչ են պաշտպանում:

«Դիմադրություն» շարժման առաջնորդներ, ոստիկանները սիրով ձեր կողքին կկանգնեն, եթե դուք հստակ ձևակերպեք, թե ինչ եք ուզում և ինչ եք պատրաստվում անել: Մի մեղադրեք ոստիկաններին, թե դավաճան իշխանությանն են պաշտպանում: Նրանք ընդամենը չեն հասկանում, թե դուք ինչ եք անում: Թերևս մենք բոլորս չենք հասկանում, թե դուք ինչ եք անում, միգուցե ժամանա՞կն է ձեր այդ հանճարեղ, հաշվարկված, քայլ առ քայլ ծրագիրը հանրայնացնելու: