«Հրապարակ». Առուշանյանն իր դիրքորոշումը նրա նկատմամբ չի փոխել՝ 100 տոկոսով

«Հրապարակ». Առուշանյանն իր դիրքորոշումը նրա նկատմամբ չի փոխել՝ 100 տոկոսով

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին Երեւանից ժամանեց Կապան: Իսկ մինչ այդ մի քանի ավտոբուս ու մի մեծ շարասյունով ուղեկցողներ էին մեկնել Սյունիք, որ մասսովկան ապահովեն, եւ այցը պատշաճ անցնի: Սյունիքում Նիկոլ Փաշինյանն այցելեց տարբեր համայնքներ, շրջեց բնակավայրերում, գնաց Մեղրի ու Գորիս՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին: Այցի արդյունքում կառավարությունից մի քանի հարյուր լուսանկար են ուղարկել ԶԼՄ-ներին, մի շարք հաղորդագրություններ: Այս այցին անդրադարձել է անգամ «Բաքու TV-ն»` ներկայացնելով, որ մարզի վատ էկոլոգիական վիճակին ծանոթանալու համար է ՀՀ վարչապետը մեկնել Քաջարան: Բայց ամենից աղմուկ հանածը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ ձեռքսեղմումի եւ քաղաքում շրջելու կադրերն էին, որոնք սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձան։ Հատկապես ընդդիմադիր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդկանց մի մեծ զանգված բավականին ագրեսիվ քարկոծեց Առուշանյանին՝ Փաշինյանին դիմավորելու եւ ողջունելու համար։

Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ էլ չէ, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն այցելել Սյունիք, քանի որ նրա անձով բացարձակապես չի հետաքրքրվում ու ծանոթ էլ չէ նրա ծրագրերին։ Անդրադառնալով Առուշ Առուշանյանի ու Փաշինյանի ձեռքսեղմմանը՝ նա նշեց, որ իզուր ու անհասկանալի են սոցիալական ցանցերում Առուշանյանի դեմ բարձրացրած դիսկուրսները։ «Առուշանյանը չի փոխել նրա նկատմամբ իր դիրքորոշումը՝ դա 100 տոկոսով եմ ասում։ Նա իր նախկին դիրքորոշմանն է, մեր ժողովուրդն էլ այդ մասին գիտի»,- ասաց Հովսեփյանը եւ շեշտեց, որ Առուշանյանն իր դիրքորոշումը պահել է, կարծիքը չի փոխել, ու չնայած սոցցանցերում բուռն քննարկումներին, Սյունիքում քչերի քննարկման օրակարգում կա այդ հարցը։

Սիսիանցի արվեստագետ Աշոտ Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Առուշանյանին անձամբ չի ճանաչում, սակայն չի հասկանում բարձրացված աղմուկի իմաստը։ Սուբորդինացիան պահպանելուց բացի, պետք է հասկանալ մի բան՝ Առուշանյանը հանդիպել է իր ղեկավարին, ով վերջինիս ձեռք է պարզել։ «Ինքն ընդդիմադիր գործիչ է, սակայն լրիվ այլ բան է, երբ դու՝ որպես ՏԻՄ ղեկավար՝ հանդիպում ես քո ղեկավարին։ Եթե բերդում լիներ, վստահ եմ, Առուշը ոչ միայն ձեռքը չէր սեղմի, այլեւ նրա կողմը չէր նայի։ Այս թեմայով այդ մեծ-մեծ խոսացողներն են ինձ զարմացնում»,- ասաց Ավագյանը։

Նա շեշտեց, որ պետք է մի կողմ դնել ընդդիմադիր լինել-չլինելը, Առուշանյանի մոտ էր եկել պետության ղեկավարը, ու, հետեւաբար, նա պիտի ցույց տար կառավարության հետ արված սուբվենցիոն ծրագրի արդյունքները։ Երբ որ ընդդիմադիր լինելու ժամանակը գա, նա նորից ընդդիմադիր գործունեություն կծավալի՝ կարծում է մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Առուշանյանին բուռն քննադատողներին, Ավագյանն ասաց, որ դրանց 70 տոկոսը շատ կուզենար, որ այդ նույն վարչապետն իրենց բարեւեր։ «Որովհետեւ պատերազմից հետո ապացուցվել է, որ մեծ-մեծ խոսում են, մեկ էլ հանկարծ հանդիպում են։ Բացի այդ, այդ մարդիկ ուրիշ ասելիք չունեն, դրա համար էլ լուն ուղտ են սարքում։ Առուշանյանի հետ կապված՝ դե, չի կարելի, է, էլի էդպես, ի վերջո, սա պետություն է, ի վերջո, մենք դուքյանը շփոթում ենք պետության հետ։ Երկուսն էլ պետությունը ներկայացնող անձ են, ի՞նչ է նշանակում՝ չբարեւել, այլ կերպ լինել չի կարող»,- եզրափակեց Ավագյանը։