Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայկ Մարությանի

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայկ Մարությանի

Չնայած Հայաստանում  «մի մատ երեխան» անգամ գիտի, որ «Ալեքս Հոլդինգ»-ը Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է, բայց դե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը փաստաթղթային առումով պնդում է․ «Պետական ռեգիստրում «Ալեքս Հոլդինգ» ընկերության հիմնադիր-սեփականատեր գրանցված է մի անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։ Տնօրենը, որը քաղաքապետարանի հետ ստորագրել է պայմանագիրը՝  Հայկ Իսրայելյանն է»։

Թե ումն է «Ալեքս Հոլդինգ»-ը, պատասխանում է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը ոչ թե մի հոդվածով, այլ մի քանի հոդվածներով։ Դա այն ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր։

Կներկայացնեմ «Ալեքս Գրիգի» փոխարեն՝ «Ալեքս Հոլդինգ» վերտառությամբ հոդվածը, որը լույս է սփռում այս ամենի վրա․

armtimes.com

12/11/2016 18:00

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր երեկվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին տրամադրած թվով 9 արտարժույթի առուվաճառքի լիցենզիաները: Ակնհայտորեն դրանք նույն «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ի կազմում գործող «Երեւան Սիթիներում» գործող «չենջերն են»: Նույն նիստում, սակայն, ԿԲ խորհուրդը արտարժույթի փոխանակման կրկին թվով 9 նոր լիցենզիաներ է տրամադրել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին:

Թերեւս կասկածից վեր է, որ այս «հոլդինգը» նույնպես կապված է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) հետ: Թե ինչու է նա որոշել «Ալեքս Գրիգից» առանձնացնել չենջերը, դժվար է կռահել: Նշենք, որ «Ալեքս Գրիգի» կազմում գործում են ոչ միայն սուպերմարկետները, այլ նույնիսկ Սպիտակի շաքարի գործարանը եւ բազմաթիվ այլ ձեռնարկություններ: «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է այս տարվա օգոստոսին:

Դա չբավարարե՞ց, հենց Հայկական ժամանակից այլ հոդվածներ կարող եմ ներկայացնել, որ դա պատկանում է Սամվել Ալեքսանյանին։ Իսկ փաստաթղթային ձևակերպման բացահայտման հարցը րոպեների խնդիր է։ Թերևս դրա պատասխանը տրվում է «Հայկական ժամանակ»-ով "Թե ինչու է Սամվել Ալեքսանյանը  որոշել «Ալեքս Գրիգից» առանձնացնել չենջերը, դժվար է կռահել":

Հիմա կռահու՞մ եք․․․

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայկ Մարությանի․ կարելի է, չէ՞, նախկին ընդդիմադրի թերթի հոդվածներն այսպես բնորոշել։ Նրա մամուլի խոսնակի կողմից Հայկ Մարությանին արդարացնելու փորձերի հետ Հայկական ժամանակը, նույն ինքը Նիկոլ Փաշինյանը,  չի համաձայնվում։ «Ալեքս Հոլդինգ»-ը Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է։  Ճակատագրի հեգնա՞նք ։ Ի՞նչ իմանար Նիկոլ Փաշինյանը, որ իշխանություն է դառնալու և իր թերթի հոդվածները վկայություն են դառնալու։