Արցախի սննդի մատակարարման լուծում

Արցախի սննդի մատակարարման լուծում

Oilprice.com-ի, հունվարի 21-ի, Armenia And Azerbaijan Deadlocked In Talks Over Key Corridor հրապարակումը որոշակի լույս է սփռում Արցախի շրջափակման վրա: Ապաշրջափակման ման-մունր նախապայմանները սոսկ քողարկում են հիմնական նպատակը: Հրապարակման մեջ ասվում է. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ մտնող և դուրս եկող միակ ճանապարհի շարունակական շրջափակման խորապատկերում թաքնված է ևս մեկ այլ կարևոր տրանսպորտային երթուղու՝ ապագա «Զանգեզուրի միջանցքի» ճակատագիրը»։

Այն, ինչ ակնկալում են ադրբեջանցիները, Eurasianet-ին անանուն մնալու պայմանով ասել է պետական բարձրաստիճան մի պաշտոնյա, «դա հատուկ ճանապարհ է՝ առանց մուտքերի կամ ելքերի, որ արևմտյան մասից տանում է դեպի Նախիջևանի արևելյան եզր: Այն կուղեկցվի երկաթգծով և էլեկտրահաղորդման գծերով։ Անվտանգության միակ ներկայությունը, ասում է պաշտոնյան, պետք է լինեն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սպաները, այն մարմինը, որը նշված է 2020 թվականի համաձայնագրում որպես «պատասխանատու տրանսպորտային կապերը վերահսկելու համար»: Ցանկացած հայ սպա երկու կողմից պետք է լինի առնվազն 2,5 կիլոմետր հեռավորության վրա»։

Այդ պաշտոնյան ասել է նաև, որ 2020 թվականի հրադադարի շուրջ բանակցություններում եղել է «բանավոր պայմանավորվածություն», որը հստակեցրել է, որ «անխոչընդոտ» նշանակում է հայկական կողմից ստուգումների լիարժեք բացակայություն։ «Բայց Հայաստանը հիմա փորձում է խաղ խաղալ, չի ստացվի»,- ասել է պաշտոնյան։ Հայաստանը հերքել է բանավոր պայմանավորվածության առկայությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա անվանել է «աբսուրդ»,-ասվում է հրապարակման մեջ:

Ակնհայտ է, որ այս իրավիճակում ակնկալել ապաշրջափակման արագ լուծում, քիչ հավանական է: 
Բայց, մեր 120 հազար հայրենակիցներ սննդի և դեղորայքի խնդիր ունեն, որն ավելի ու ավելի օրհասական է դառնում:

Արագ, գոնե ինչ-որ լուծում կարող է դիտվել առաջին անհրաժեշտության սննդամթերքի և դեղորայքի առաքումը դրոններով, ինչի համար մեր գործարարները կարող են ինքնակազմակերպվել և ձեռք բերել մի քանի տասնյակ այդպիսիք: Վերջիններս էլ կարող են գործի դնել մարդու իրավունքների համար կոչված կամ ստեղծվելիք հասարակական կազմակերպությունները:
Անկասկած, ազերիները խոչընդոտներ կառաջացնեն: Բայց, դրան ուշադրություն դարձնել չարժե: ԵՄ-ը քաղաքացիական առաքելությունը թող գա ու տեսնի, թե մարդկանց ինչպես են սովամահ անում, գազից ու հոսանքից զրկում, որ հասնեն իրենց ուզածին:

Գագիկ Վարդանյան