Ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել, քան այս պահին Հայաստանում գտնվող ցանկացած հայ

Ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել, քան այս պահին Հայաստանում գտնվող ցանկացած հայ


Նախօրեին իր ուղիղ միացման ժամանակ, ի թիվս այլ հայտարարությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի հայերի և սփյուռքի հայերի «թասիբի» մասին, եւ համեմատեց դրանք՝ ասելով․ «Պատերազմում փլավ չեն բաժանում, պատերազմում շոկոլադ չեն բաժանում, եւ որեւէ մեկի վախկոտությունը, փոքրոգությունը չի կարող արդարացում ունենալ։ Ես մեր կանանց եմ ուզում դիմել, խնդրում եմ, էսօր մեր երկրում պիտի թասիբը եռար, Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին, սփյուռքի թասիբն էսօր եռում է, գլուխ եմ խոնարհում, Հայաստանում թասիբն դեռ էդքան չի եռում, ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք։ Մեր կանայք պետք է մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որեւէ երկմտություն, որեւէ մեկի կողմից չի ներվելու։ Կանայք ոչ թե պետք է պայքարից, հաստատակամությունից հետ պահեն իրենց տղամարդկանց, որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ ընդհակառակը, պիտի թասիբը եռա Հայաստանի հանրապետությունում, եւ սա է մեր հաջողության գրավականը»։

Երևանի ՃՈ, և ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ, գնդապետ Արսեն Արշակյանին, որն 2017 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի վարչապետի հայտարարության մասին, արդյոք սփյուռքում թասիբն ավելի շա՞տ է «եռում», քան մայր Հայաստանում և Արցախում․
«Ինչքան էլ եռա այստեղի թասիբը, միևնույն է նյութական ավարտ է ունենում և վերջ։ Հանրահավաքները, դեսպանատների մոտ հավաքները վերջանում են, բոլորս գնում ենք տուն՝ շատ մտահոգ և նեղսրտած մեր հայրենիքի համար։ Իմ մանկության տարիներից միշտ հիշել եմ, որ սփյուռքը հայրենիքի համար միշտ եղել է սրտացավ, եթե խորհրդային տարիներին այդքան շատ չէր քննարկվում կամ գոնե բարձրաձայնվում ցեղասպանության հարցը, ապա սփյուռքը միշտ ակտիվ է եղել։ Իմ շրջապատում գոնե չկա մեկ մարդ, որն իրեն համարի ավելի թասիբով, քան այսօր Հայաստանում ապրող մեկը։ Եթե կա էդպիսի մեկը, ես խորհուրդ կտամ վերցնի իր «թասիբը» և գնա առաջնագիծ։ Ճակատագրի բերումով այս պահին գտնվում եմ սփյուռքում, երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել, քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես խրամատում չեմ, ես քանդված Ստեփանակերտում չեմ և ես Երևանիս փողոցներում չեմ տեսնում սև ժապավեններ, չեմ տեսնում սգավոր Մայրեր, ընկեր կորցրած տղաներ։ Թասիբովը դուք եք, որ այդ ամենը ամեն օր տեսնելով և անմիջապես մասնակիցը լինելով, շարունակում եք պայքարել։ Դուք ոչ միայն ավելի թասիբով եք, այլ նաև հզոր եք։
Իսկ Սփյուռքը ինչ-որ անում է՝ պարտավոր է անել, այո, բոլորս պարտք ենք և պարտավոր ենք մեր Հայաստանի և Արցախի համար անել ամեն ինչ, մեր արածը ընդամենը ֆինանսական է ։ Իսկ կյանքից թանկ բան չկա։ Մեր երիտասարդները տալիս են իրենց կյանքը, այդքան փող սփյուռքը չի կարող ուղարկել, որ զոհվածի կյանքը հետ գնի։
Ձեր Թասիբին մեռնեմ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած Հայ։ 

Գնդապետ Արշակյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի վարչապետի «լայվի» վերաբերյալ, այն ինչպե՞ս է ընկալվել․

«Ես հիմա կոռեկտ չեմ համարում մեկնաբանել երկրի վարչապետի «լայվը»։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկը հենց դա է, երբ տեղից վեր կացողը իրեն դնում է գիտակի տեղ և մեկնաբանում ամեն ինչ։ Հիմա ժամանակը չէ, հետո շատ բան կա մեկնաբանելու։ Ինձ թվում է մեր ազգը այնքան ամուր է կապված, չհաշված մի քանի մասնավոր դեմքեր և դեպքեր, որ երբեք չի պառակտվի։ Մենք բազմիցս համոզվել ենք, թե ինչ կարգի է մեր ազգը դառնում մեկ բռունցք։ Այնպես որ պետք չէ հիմա խոսել պառակտումից կամ փորձել պառակտել։ Մեր ազգի հետ խաղ անելը վտանգավոր է, երբեմն ուշացումով, բայց և մեծ քայլերով պատժում ենք, թե՛ արտաքին և թե՛ ներքին թշնամուն։ Ամենակարևորը մեզ համար, որ պատերազմը վերջանա, էլ մարդ չզոհվի, մնացածը լուծելի է, Աստված պահի մեր բանակը»։