Ռուսաստանը «սրբագրու՞մ» է Փաշինյանին

Ռուսաստանը «սրբագրու՞մ» է Փաշինյանին

Երեկ Ադրբեջան է այցելել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը: Դիտարժան է, որ նա հանդիպումներն սկսել է այսպես ասած վերեւից՝ Ադրբեջանի նախագահի հետ փակ քննարկումներից:

Այդ առթիվ Ռուսաստանի ԳԱԱ աշխատակից Կարավաեւն ադրբեջանական մամուլին երկու ուշագրավ մեկնաբանություն է արել

Ըստ այդմ, Պատրուշեւն Ալիեւին է փոխանցել ՌԴ նախագահի ողջույնը, ինչը պետք է հասկանալ այնպես, որ Պուտին-Ռուհանի-Ալիեւ գագաթաժողովն ռուսական կողմի նախաձեռնությամբ հետաձգվելուց հետո Մոսկվան հարկ է համարել Բաքվին լրացուցիչ բացատրություններ տալ եւ հավաստիացնել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան բարձր մակարդակի հանդիպումը մնում է օրակարգային: Ե՞րբ այն տեղի կունենա՝ կախված է Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների աշխատանքային ժամանակացույցի համատեղելիությունից: Առավել ուշագրավ է Կարավաեւի երկրորդ մեկնաբանությունը. «Բաքվի տեսանկյունից կարեւոր հասկանալ՝ իրականում փոխվե՞լ է Երեւանի բանակցային պաշտոնական պլատֆորմը՝ Հայաստանի վարչապետի՝ միասնական տարածության եւ Ղարաբաղը որպես բանակցային կողմ վերականգնելու մասին հայտարարություններից հետո: Ավելի շուտ Պատրուշեւը հավաստիացրել է, որ խոսքը Փաշինյանի ներքաղաքական հայտարարությունների մասին է՝ քաղաքական աջակցություն մոբիլիզացնելու համար»:

Օգոստոսի կեսերին Պատրուշեւն այցելել էր Երեւան: Այդ կապակցությամբ Regnum-ը գրել էր, որ այցի հիմնական նպատակը պետք է լինի Փաշինյանին «միացում» հայեցակարգն Արցախում լոյալ իշխանություն ձեւավորելու միջոցով գործի դնելու հեռանկարից տարհամոզելը: Եղե՞լ են այդ օրակարգով Փաշինյան-Պատրուշեւ քննարկումներ՝ այդ մասին որեւէ տեղեկություն չի շրջանառվել: Բայց Պատրուշեւի Բաքու այցի կապակցությամբ ռուսաստանցի մեկնաբանի տպավորությունը, թե նա Ադրբեջանի նախագահին հավաստիացրել է, որ Արցախի հարցով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները ներքին լսարանի համար են եւ ունեն քաղաքական աջակցություն մոբիլիզացնելու նպատակ, թույլ են տալիս ենթադրել, որ Մոսկվայի քաղաքագիտական շրջանակներում ընդհանուր տպավորությունն այն է, որ Երեւանում Պատրուշեւն այդ խնդիրը քննարկել է: Եւ հիմա լիազորված է Ադրբեջանին հավաստիացնել, որ Արցախի հարցով Հայաստանի բանակցային պաշտոնական հայեցակարգը փոփոխություն չի կրել:

Առաջիկայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Այս համատեքստում Բաքվում ԼՂ կարգավորման թեմայով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի հավաստիացումը, եթե, իհարկե, ռուսաստանցի մեկնաբանի տպավորությունը գոնե մոտ է իրականությունը, ձեռք է բերում սկզբունքային նշանակություն: Ավելի վաղ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն ասել էր, թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ամեն ինչ անում է, որպեսզի «բանակցությունների իմիտացիան պահպանվի»: