Լավրովը հերքում է Բաքվի մեղադրանքները. Պուտինի ներողությունը բլե՞ֆ էր

Լավրովը հերքում է Բաքվի մեղադրանքները. Պուտինի ներողությունը բլե՞ֆ էր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պնդում է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը «չի հաստատվում» կործանված AZAL ինքնաթիռի սև արկղերի տվյալներով։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Բաքուն «կարող են լուծել ցանկացած հարց, այդ թվում՝ ավիավթարի համատեքստում»։

Նրա խոսքով, սև արկղերի վերծանումը «շատ հետաքրքիր տեղեկություններ» է հաղորդել:
«Հետաքննության ընթացքում Բրազիլիայում հատուկ հանդիպում է տեղի ունեցել, մենք բացել ենք սև արկղերը, դրանց պարունակությունն արդեն շատ հետաքրքիր տեղեկություններ է տվել, որոնց բովանդակությունը ևս մեկ անգամ համոզում է մեզ, որ պետք է սպասել ամբողջական հետաքննության։ 

Հիմա պետք չէ լարվածություն առաջացնել լրատվական տարածքում՝ օգտագործելով տեղեկատվություն, որը, մեծ հաշվով, չի հաստատվում սև արկղերի տեղեկություններով»,- հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ համաշխարհային լրատվամիջոցները, հղում անելով Բաքվի կառավարական աղբյուրներին և մի շարք ռուսական ԶԼՄ-ներին, հայտնել էին, որ ղազախական Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառը ռուսական զենիթային հրթիռն է, որը գործի է դրվել Ուկրաինայի ԱԹՍ-ներին հակազդելու ժամանակ։ Այս վարկածը հաստատել են նաև անկախ վերլուծաբանները։

Հիշեցնենք, որ ավիավթարի հաջորդող օրերին Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել միջադեպի կապակցությամբ: Ալիևն իր հերթին հայտարարել է, թե ռուսական կողմը պետք է պատժի մեղավորներին և արդար հետաքննություն անցկացնի: