Երկիրը հայտնվել է Սերժ Սարգսյանի փորած փոսում

Երկիրը հայտնվել է Սերժ Սարգսյանի փորած փոսում

Սերժ Սարգսյանին շատ հարցերում կարելի է մեղադրել, բայց ոչ թե այն պատճառով, որ այդպես է ուզում նախկինների դեմ հավերժ կռիվ տվող վարչապետ Փաշինյանը, այլ այն, որ երկիրն օրեցօր գլորվում է մի փոսի մեջ, որը հենց երրորդ նախագահն է փորել: Նա ու իր ստեղծած համակարգն այնքան մերժելի էին, որ հասարակությունը միայն նրան մերժելու համար գնաց մի քաղաքական մանիպուլյատոր-պոպուլիստի ետեւից ու առանց երկար-բարակ մտածելու՝ նրան կարգեց երկրի վարչապետ: Իսկ այսօր այն, ինչ անում է «ժողովրդի» բերած վարչապետը նույն ժողովրդի ու երկրի գլխին, անդառնալի հարված է Հայաստանի պետականությանը, ու, ցավոք, դա կասեցնելն արդեն բավականին դժվար է լինելու։ Իսկ այդ դժվարությունները ստեղծել է հենց Սերժ Սարգսյանը, իր իշխանությունը երկարաձգելու համար փոխելով երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը:

Այժմ ունենք մի սահմանադրություն, որն այսօր վայելում է Նիկոլ Փաշինյանը: Եթե Սերժ Սարգսյանը կարողացել է իր հագով սահմանադրություն կարել, ինչո՞ւ չի կարող նույնն անել Նիկոլը: Ու հիմա էլ նա է սկսել երկրի մայր օրենքը հարմարեցնել իրեն՝ այն տարբերությամբ, որ Սերժ Սարգսյանը դա անում էր ավելի «կուլտուրական» ձեւով, գոնե արտաքուստ հարգանք դրսեւորելով երկրի մայր օրենքի հանդեպ՝ հանրաքվեով: Այլ հարց է, թե ինչպես, ինչ մեթոդներով ապահովեցին այդ հանրաքվեի ցանկալի արդյունքները: Իսկ Նիկոլ Փաշինյանն այդ ամենն անում է իր բնույթին հարիր՝ հախուռն, անկանոն, անկազմակերպ, նյարդային, ոտնահարելով ամեն ինչ՝ օրենք, ժողովրդի կամարտահայտւթյուն: Նա զիզի-բիզի բաների ժամանակ չունի. վարկանիշն ազատ անկման մեջ է, ընդդիմությունը համախմբվում է, Քոչարյանը կալանքի տակ չէ, եւ այլ անհանգստացնող բաներ կան:  Փաշինյանը մի երկու օրում լուծեց Սահմանադրության ու ՍԴ-ի հարցերը, եւ երկրում տեղի ունեցավ… սահմանադրական հեղաշրջում: 
 

Մի՞թե մեր երկրի մայր օրենքն այդքան անպաշտպան էր, չկա՞ մի կառույց, ինստիտուտ, որը պարտավոր է Սահմանադրությունն ու ՍԴ-ն հեռու պահել այդ ասպատակություններից: Պարզվում է՝ կա, եւ այդ մարդը դարձյալ Սերժ Սարգսյանի նշանակած նախագահն է՝ Արմեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանի ձեռամբ գրեթե զրոյացվեցին նախագահի լիազորությունները, նրան թողնվեց մեկ կարեւոր լիազորություն ու պարտականություն՝ պահպանել երկրի սահմանադրական կարգը: Ու այդ կարգը պահելու համար Սերժ Սարգսյանը որտեղի՞ց պեղեց մի մարդու, որը գրեթե մոռացության մեջ էր, որն էլ իր հերթին էր, հավանաբար, մոռացել Հայաստանի գոյության մասին։ Այսօր էլ նրան չի մտահոգում Հայաստանն իր խնդիրներով, ապագայով, իր լինելիությամբ: Արմեն Սարգսյանի համար Հայաստանն ընդամենը հանգստավայր է, որտեղ եկել է «հյուրախաղերի», պետության հաշվին առոք-փառոք ապրելու, ուտել-խմելու, շրջագայություններ անելու եւ հլու-հնազանդ կատարելու այն, ինչ իրենից կպահանջի օրվա իշխանությունը: Սերժ Սարգսյանը երկրի նախագահ բերեց կարգեց մի մարդու, որը երբեք աչքի չի ընկել կամային ուժեղ հատկություններով, հեշտ կառավարվող է: Սարգսյանը, հավանաբար, հույս ուներ, որ այդ կամակատար մարդը միայն իր կամքն է կատարալու, եւ ինքը կարող է նրան թելադրել ու պարտադրել այն, ինչը բխում է իր անձնական ու քաղաքական շահից: Արմեն Սարգսյանը շատ ձեռտնու էր Սերժ Սարգսյանին, ինչի համար էլ անգամ նրա՝ քաղաքացիության վիճարկելի հարցն անտեսվեց: Սերժ Սարգսյանն ի՞նչ իմանար, որ շուտով մերժվելու է մի մարդու կողմից, ով իրեն, իր թիվս այլ հարցերի, մեղադրել է նաեւ այն բանի համար, որ «царь не настоящий»: Ու հենց ինքը՝ Փաշինյանն է գալու եւ վայելի այդ «ненастоящий царь»-ի թուլակամությունը: 

Արդեն 2 տարի Արմեն Սարգսյանը՝ երջանիկ ժպիտը դեմքին, անտեսում է սահմանադրական կարգի ոտնահարումները, հլու-հնազանդ ստորագրում այն թղթերը, որոնք իր առջեւ դնում է Փաշինյանը: Անշուշտ, գալու է այդ ամենի համար օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը: Բայց մինչ այդ ի՞նչ է լինելու մեր երկրի իրավաքաղաքական վիճակը: Արմեն Սարգսյանը, որ պարտավոր էր պահպանել երկրի սահմանադրականությունը, մի գիշերվա մեջ ստորագրեց մի թուղթ, որով մեկ մարդու կամայականությամբ ոտնձգություն կատարվեց մեր երկրի ՍԴ-ի նկատմամբ: Այսօր Հայաստանում, ի թիվս այլ ճգնաժամերի, համաճարակային, տնտեսական, քաղաքական, նաեւ արդեն իրավական ճգնաժամ է. տեղի ունեցավ սահմանադրական հեղաշրջում եւ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի բերած նախագահի թողտվությամբ: Եվ այդ պատճառով մի մեծ փոսի մեջ ենք հայտնվել բոլորս՝ Սերժ Սարգսյանից սկսած, մինչեւ շարքային Պողոս: