Բանակցողը պետք է փոխվի

Բանակցողը պետք է փոխվի

Դեռևս 2021 թվականի մայիս ամսին Հանրային հեռուստատեսության եթերում Լևոն Տեր Պետրոսյանն ասում էր․ «Ես վստահ եմ՝ Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում, Հայաստանի, Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։ Փաշինյանն անգամ չի ասում՝ ռուսներն իրեն ինչ են ասում»։ Այդ ժամանակ նույնն էր ասում, ինչ երկու օր առաջ Պետրոսի մոտ, վերհիշենք․ «Պարզ ասում եմ՝ ես չգիտեմ։ Իմանալու համար ի՞նչ է պետք ինձ` ես պետք է իմանամ ռուսների ծրագիրը։ Ի՞նչ է ուզում Ալիևը, Ադրբեջանը` մենք գիտենք։ Բայց ես չգիտեմ Ռուսաստանի ծրագիրը։ Ռուսաստանն իր ծրագիրը ոչ մեկին չի էլ բացահայտում»։ Նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանում ունի միայն մեկ զրուցակից՝ երկրի ղեկավարը։ Ավելացնեմ նաև, որ Լևոն Տեր Պետրոսյանն ասաց, որ Փաշինյանը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է իրենից ուզում Ռուսաստանը։ Սա  ենթադրում է բանակցողի ոչ կոմպիտենտությունը։ Սա հատուկ եմ նշում՝ հետագա բանակցողներին Նիկոլ Փաշինյանի հետ նույն նժարին չդնելու համար։  
Երկու օր առաջ Լևոն Տեր Պետրոսյանը հանրային հեռուստատեսության եթերում նույնը կրկնեց․ 
«Բանակցային ողջ ինֆորմացիային Նիկոլն է տիրապետում ու իր շատ նեղ շրջապատը»։ 

Հայկական ժամանակում «Հավաստի աղբյուրը» տեղեկացրեց այն, ինչին ուզում էր տիրապետել Լևոն Տեր Պետրոսյանը՝ ինչ է ուզում Ռուսաստանը։ Ինֆորմացիային տիրապետելուց հետո կարծում եմ Առաջին նախագահը պիտի արձագանքեր տեղեկատվությանը։ Թեկուզ Պեսկովի նման թռուցիկ նշեր, որ «Հավաստի աղբյուրը» հիմարություն կամ անհեթեթություն է գրել։ Արձագանքեր, որ հանրությունը հասկանար, որ «Հավաստի աղբյուրը»  հակառուսական հիսթերիա է կազմակերպում և երկրի անվտանգության համար լուրջ վտանգ է ներկայացնում։ Այլ բան է, եթե Առաջին նախագահը չի հավատում «Հավաստի աղբյուրի»,  տակ թաքնված մեծանուն անձի անկեղծությանը։ Չէ՞ որ այդ մարդու «առաքինությունների մասին» հանրայինում իր տեսակետն է հայտնել․ «Կգա, կասի՝ ինձ Պուտինն այսպես ասաց, Թրամփն այս ասաց, չգիտեմ՝ Բայդենը սա ասաց, Մակրոնը՝ սա ասաց, ես որտեղի՞ց վստահ լինեմ, որ այդպե՞ս է ասել, թե՞ այդպես է հասկացել»։ Սա չի՞ նշանակում, որ Առաջին նախագահը նրա այլ «առաքինության հետ մեկտեղ» նշում է նաև հասկանալու հետ կապված նրա խնդիրը։ Այդ դեպքում, եթե մարդը հասկանալու հետ կապված խնդիր ունի, ինչու՞ ինքը բանակցողի փոփոխության մեջ շանս չի տեսնում։ Չէ՞ որ հասկանալու հետ կապված խնդրի մասին նա նշել է նաև 2021 թվականի մայիսին․ «Փաշինյանը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է իրենից ուզում Ռուսաստանը»։  Ես սա մեկ անգամ ևս նշում եմ, որ տրամաբանության  (ընդ որում Առաջին նախագահի մտքերի ընթացքի հետևությամբ )  շարադրանքով ամփոփեմ՝ բանակցողը պետք է փոխվի։ Անհապաղ։