Մամուլի հանդեպ ճնշումը պոզով-պոչո՞վ է լինում

Մամուլի հանդեպ ճնշումը պոզով-պոչո՞վ է լինում

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ անդրադարձավ «Հրապարակի» հրապարակած լուրին, որ նա նախկինում դատված է եղել եւ մեկ տարի անցկացրել է բանտում։ Հրապարակումից հետո նա հաղորդում տվեց իրավապահներին, որ պարզեն իր անձի հետ կապված «գաղտնի» տեղեկատվությունը մեզ տրամադրած անձի ինքնությունը։ ՀՔԾ-ն անմիջապես քրեական գործ հարուցեց, որով փորձելու են պարզել մեր տեղեկատվության աղբյուրը։

Երեկ Պապիկյանը մի կողմից վստահեցնում էր, որ ինքը լրատվամիջոցի հետ խնդիր չունի, իր խնդիրը պետական պաշտոնյայի անձնական տվյալներն իրավապահ համակարգից դուրս հանողի հետ է, մյուս կողմից՝ չկարողացանք նրան համոզել, որ այդ հայտարարությամբ թիրախավորում է հենց լրատվամիջոցը։ Իսկ ո՞ւմ նկատի ուներ՝ «տեղեկատվությունը տրամադրող» անձ ասելով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՞ն, ով արդեն 10 ամիս է՝ չի աշխատում։ Պապիկյանն ասաց․ «Ես ասել եմ այն, ինչ պիտի ասեի։ Թե ով ինչ ակնարկ է տեսնում դրա տակ, դա իր խնդիրն է, ես որեւէ անձի չեմ նշել, դա իրավապահների պարզելու խնդիրն է, իրավապահները թող պարզեն»։ Մեր մյուս հարցին՝ իր նպատակը ո՞րն է, որ լրատվամիջոցն իր աղբյուրը բացահայտի՞։ Նախարարն ասաց, որ իր նպատակն է՝ պարզել, թե պաշտոնյայի մասին գաղտնի ինֆորմացիան ինչ կերպ է դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, որ պաշտոնյայի կամ ոչ պաշտոնյայի միջոցով։ Նրան հիշեցրինք, որ նախկինում թե՛ «Հրապարակը», թե՛ այլ լրատվամիջոցներ նմանատիպ ինֆորմացիաներ են հրապարակել նախկին պաշտոնյաների մասին, քանի որ պետական պաշտոնյան հանրային անձ է, նրան առնչվող կենսագրական տվյալները չեն կարող գաղտնի լինել։ «Պարոն Մակարյան, եթե ես ձեր լրատվականի հետ խնդիր ունենայի կամ ունենամ, ես կդիմեի դատարան, մինչ այժմ ես դատարան չեմ դիմել»։ Իսկ ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է դատարան դիմի, եթե տեղեկատվությունը ճիշտ է եւ վիրավորանք չի պարունակում։

Պապիկյանն ասաց նաեւ․ «Ես հրավիրվել եմ երկու օր առաջ ՀՔԾ, ունեմ տուժողի կարգավիճակ»։ Պարզ չէ, թե ինչ հարցում է «տուժել» նախարարը։ Մեզ թվում էր՝ այդ միջադեպով տուժողը նրա հրամանատարն է եղել, որի նկատմամբ բռնություն է գործադրել զինծառայող Պապիկյանը։
Նկատենք, որ մի կողմից իշխանավորները խոսում են մամուլի ազատության մասին, մյուս կողմից մամուլին ճնշելու, գործեր հարուցելու հարցերում շատ ակտիվ են։ Ակնհայտ է, որ սա Պապիկյանի անձնական որոշումը չէ՝ դրդել, որ գործ հարուցեն «Հրապարակի» հետ կապված, պարզ է, որ նրան վերեւից են դրդել։ Ափսոս, որ Սուրեն Պապիկյանը, որն իշխանական թիմում պարկեշտ անձնավորության համարում եւ բարձր վարկանիշ ունի, նույնպես մտնում է նման էժանագին մանիպուլյացիաների եւ դավադրությունների դաշտ։

Պապիկյանին հարց հնչեց նաեւ այն մասին, որ որոշ լրատվամիջոցների մոտ ՔՊ-ականները հյուր չեն գնում, հարցազրույցներ չեն տալիս։ Նա ասաց․ «Թե մեր գործընկերներից ով որ լրատվականի հրավերից է հրաժարվել, ես ինֆորմացիա չունեմ։ Կարող է մոտիվացիան լինել տարբեր՝ զբաղվածություն, ընդհուպ նաեւ՝ ցանկություն չունենալ, չեմ բացառում, բայց քաղաքական որոշում, որ որեւէ լրատվականի մենք այլեւս հարցազրույց չենք տալիս, նման բան չկա։ Բայց, միեւնույն ժամանակ, կարող են լինել երբեմն պատճառներ, որ գործիչը պարզապես չցանկանա որեւէ մեկի հետ շփվել կամ պատասխանել նրա հարցերին, որովհետեւ հարցերը հստակ մանիպուլյատիվ են։ Ես՝ ինքս, որեւէ անգամ որեւէ մեկին իր լրագրողական գործունեությունն իրականացնելիս չեմ մերժել, ու որեւէ միտվածություն չի եղել իմ կողմից»։