Բռնաբարված Ֆեմիդա

Բռնաբարված Ֆեմիդա

Երեկ դատարանն արդարացրեց «Ռեստարտ» խմբի անդամներին՝ որոշելով, որ նրանց գործողություններում հանցակազմ չկա։ Ոչինչ, որ նրանք մի քանի հոգով հարձակվել են Նարեկ Մալյանի վրա, ոտուձեռից բռնելով՝ փորձել են մտցնել աղբարկղի մեջ՝ մարմնական վնասվածքներ պատճառելով եւ ցինիզմ ցուցաբերելով՝ այդ ամենը տեսանկարահանել։ Նարեկ Մալյանը հո իշխանությունների սիրելի «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը չէ՞ կամ Սոս Ջանիբեկյանը, որ նրա կողքով անզգուշաբար անցածների նկատմամբ քրեական գործ հարուցեն, ձերբակալեն ու կալանավորեն։ Այդ միտինգի մասնակիցներին չի կարելի «խոչընդոտել երթեւեկությունը», «ոտքով հարվածել» ավտոմեքենայի անվադողին, վիրավորել անցորդներին։

Երբեմն վիրավորելու եւ խոչընդոտելու հանգամանքն ապացուցելու կարիք էլ չկա՝ բավական է, որ քո ազգանունը լինի Խաչատուրով կամ Խաչատրյան, բավական է, որ դու ընդդիմադիր հայացքներ ունենաս, ինչպես Ավետիք Չալաբյանը, կամ Գեղամ Մանուկյանի որդին լինես, քրեական գործը մի թփի տակ պատրաստ սպասում է քեզ։ Այդ իշխանության սիրելի սորոսականներին եւ առհասարակ՝ սիրելիներին է ամեն ինչ կարելի։ Կարող են ծեծել պատգամավորներին, եւ իրավապահները համարեն, որ չկա հանցակազմ, կարող են ծեծել ցուցարարներին, եւ դա համարվի «համաչափ ուժի կիրառում»։

Հենց այս դեպքերի համար է հարկավոր, որ Գագիկ Ջհանգիրյանը, Արման Դիլանյանը, Արթուր Մկրտչյանը, Լիլիթ Թադեւոսյանն ու Ռուզաննա Հակոբյանը դատարանների նախագահներ լինեն եւ դատական գործընթացները կառավարեն։ Դրա համար է հարկավոր, որ Ռուբեն Վարդազարյանի, Հրայր Թովմասյանի, Ալեքսանդր Ազարյանի, Վազգեն Ռշտունու նման անաչառ դատավորները հեռացվեն պաշտոններից, վեթինգի ենթարկվեն։ Չէ՞ որ նրանք կարող են նաեւ երբեմն «ոչ» ասել, չկատարել իշխանական հրահանգները։