Ալիեւի խոստովանությունը

Ալիեւի խոստովանությունը

Մայիսի 28-ի առթիվ Իլհամ Ալիեւի ելույթից  մենք առանձանցնում ենք պատերազմական հռետորաբանությունը: Փորձագիտական հանրության ուշադրությունից վրիպել է մի շատ էական հանգամանք. քննադատելով առաջին հանրապետության «հայրերին»՝ Ալիեւը կատարել է պատմա-քաղաքական եւ իրավական կարեւոր արձանագրում՝ Բաքվում փաստացի իշխանությունը պատկանել է Անդրկովկասում բրիտանական զինվորական ներկայացուցչությանը, իսկ կառավարությունը չի վերահսկել հռչակած տարածքի մի մասը: Խոսքն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի մասին է, որտեղ, իրոք, ադրբեջանական ճանաչված իշխանություն այդպես էլ չի հաստատվել:

Ալիեւն, այսպիսով, հիմնավորել է մեր տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել: Գիտակցաբա՞ր է այդ հայտարարությունն արել Ալիեւը, թե՞ հիմարաբար՝ ոչ մի նշանակություն չունի: Պետության այսօրվա ղեկավարը խոստովանել է, որ 1918-20թ.թ. գոյություն ունեցած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, որի իրավահաջորդությունը ներկայիս Ադրբեջանը ստանձնել է 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական Ակտով, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավազորություն չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության, այն է՝ խորհրդային տիպի պետականության, կարգավիճակով գտնվել է Ադր. ԽՍՀ կազմում: Խորհրդային Միության սահմանադրության գործողությունն Ադրբեջանի տարածքում կասեցնելու պահից, այսինքն՝ 1991թ. հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանը վերադարձել է 1918-20թ.թ. իրողություններին, երբ, ինչպես Իլհամ Ալիեւն է արդարացիորեն ասում, չուներ լիարժեք կառավարություն եւ միասնական տարածք: Ալիեւի այս խոստովանությունը շատ ավելին արժե, քան պատերազմի եւ «Երեւանը կորցնելու» մասին ցնդաբանությունները, որ նույնիսկ Ադրբեջանում ոչ ոք լուրջ չի ընդունում: Հայկական մաս-մեդիան եւ վերլուծաբանական հանրությունը պետք է հնարավորինս լայն տարածեն եւ մեկնաբանեն Ալիեւի խոստովանությունը: