Սպիտակ վարդեր սև քրոջս համար

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի գրառումից իմացա, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանն իր մորաքույրն է։ Ուզում եմ հավատալ նրա գրառման անկեղծությանը, որովհետև Ալվինային , առանց մոտիկից ճանաչելու, կբնութագրեի այնպես, ինչպես ինքն է բնութագրում՝ մարդկային վեհ հատկանիշների տեր։
Շատ ուշագրավ է այս փոքրիկ դիպվածը, որ Դիանան է ներկայացնում․
Այսպես, մեկ անգամ հանդիպեցինք այն ժամանակահատվածում, երբ քարոզում էի «ԱՅՈ» ասել հանրաքվեին, որի արդյունքում մորաքույրս անցնելու էր թոշակի: Շատ քաշված էի, մեղքի զգացում ունեի, բայց նրա մոտ չտեսա մեղադրանքի, նեղացվածության նշույլ անգամ, իսկ հայացքում կարդացվում էր «Բալե՛ս (ինձ հաճախ այդպես է դիմում), անում ես այն, ինչին հավատում ես կամ ինչ պարտավոր ես, մի՛ նեղվիր»:
Ինչու՞ ինձ հատկապես այս մասը գրավեց։ Մեր ողջ ազգը «իրար միս է ուտում», ատելությունից իրար կոկորդ են կրծում՝ ներկա ու նախկին, սև ու սպիտակ բաժանարար գիծ դնում,, բայց Դիանայի մորաքույրն այդ ամենի մեջ տեսնում է միայն հավատ։ Եթե այդ ճանապարհն ես ընտրել ու հավատում ես, գնա այդ ճանապարհով։ Դա չի փոքրացնի մեր սերը, բարեկամությունը։ Այս հատվածը յուրօրինակ դաս է պառակտված մեր ազգի համար։
Ինձ համար մի քիչ անհավատալի է, որ Դիանան էլ մորաքրոջ նման է մտածում ու անկախ քաղաքականությունից՝ նրան հասկանում է։ Վաղուցվա մի կինոնկար եմ հիշում՝ սպիտակ վարդեր սև քրոջս համար։ Ու այդ դերում Դիանային չեմ պատկերացնում։ Գուցե սխալվում եմ, բայց դժվար է հավատալ մեկին, ով ղեկավարվում է սևի ու սպիտակի բաժանող ղեկավարի կողմից։
Քաղաքապետը, եթե դերասանություն չի անում, ու ինքն էլ այդպես է մտածում, ուրեմն թող սովորեցնի իր թիմին, օրինակ ծառայի, որ մարդկային հարաբերությունները կապ չունեն քաղաքականության հետ։ Ու էլի շատ բաներ, որը գրառման մեջ է ներառել։
Չնայած չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է քաղաքապետը հավատալ մի թիմի, որն անողոքաբար պայքարում է մասնագիտական ու մարդկային վեհ արժեքների տեր մարդու դեմ․․․Կապ չունի դա քո մորաքույրն է , թե մեկ ուրիշը․․․
Կարծիքներ