Կարող ա չհավատաք, բայց մինչև էսօր ես ու քաղաքապետը հարցաքննության չենք կանչվել

Կարող ա չհավատաք, բայց մինչև էսօր ես ու քաղաքապետը հարցաքննության չենք կանչվել

Մինչ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ջանք չի խնայում հանդես գալ որպես օրինակելի համայնքապետ՝ կանաչապատում եւ ասֆալտապատում է քաղաքի փողոցները, նոր աղբամաններ է տեղադրում, հնարավոր միջոցներով բարեկարգում է քաղաքը, այնուամենայնիվ, սկանդալները նրանից անպակաս են:

Հիշեցնենք, որ մոտ երկու ամիս առաջ  ոստիկանություն էր դիմել մի քաղաքացի՝ բողոք ներկայացնելով  Գորիսի քաղաքապետի, տեղակալի և նրանց մերձավորների դեմ: 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը հայտնել  էր, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը, իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով՝  ոստիկանություն դիմած քաղաքացին Առուշանյանի ազգականն էր: Նա տարիներ առաջ աշխատել է Առուշանյաններին պատկանող  ՍՊԸ-ներից մեկում, հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով  ընտանիքի հետ մեկնել է Արցախ՝ բնակություն հաստատելով այնտեղ: Առուշ Առուշանյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե նշված բողոքի հիման վրա իրեն ձերբակալել են, պարզաբանել էր. « Քաղաքացին հորեղբորս թոռն է՝ Գուրգեն Հովսեփյանը, ով տևական ժամանակ աշխատել է ընտանիքիս պատկանող ընկերությունում: Իմ ունեցած տեղեկության համաձայն, ամիսներ առաջ կատարվել են ստուգումներ և 2020թ փետրվարին հայտնաբերվել է ապրանքի մնացորդի պակասորդ՝ շուրջ 33.000.000 ՀՀ դրամ: Հորեղբորս թոռը ընդունել է տեղի ունեցածը՝ ժամանակ խնդրել նյութական վնասը վերականգելու նպատակով» : Քաղաքապետը նաև վստահեցրել էր, թե իր նկատմամբ որևէ քրեական գործ չկա հարուցված: Ուշագրավ է, որ դեպքի հետ կապված  քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին տեղեկացրել էին, որ քրեական գործ կա հարուցված 133 և 322 հոդվածներով, բայց ինչ-որ կարգավիճակ ունեցող անձ  չկա:

Ի վերջո, հարուցվե՞լ է քաղաքապետի նկատմամբ  քրեական գործ, թ՞ե ոչ, եւ ի՞նչ ընթացք է ստացել այն ՝ փորձեցինք  պարզել գլխավոր դատախազությունից: Դատախազության մամուլի ծառայությունից նշեցին, որ ավելի վաղ պարզաբանում է ներկայացրել քննչական կոմիտեն եւ ճիշտ կլինի, որ կրկին պարզաբանի հենց  քննչականը:  Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաև Առուշ Առուշանյանը:

Փոխարենը զրուցեցինք փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի հետ, ում դեմ, ըստ մամուլի հրապարակումների, այս գործի շրջանակում նույնպես բողոք էր ներկայացվել: «Կարող ա չհավատաք, բայց մինչև էսօր ես ու քաղաքապետը հարցաքննության չենք կանչվել»,-ասաց նա: Մեր հարցին, թե հնարավո՞ր է գործը կարճվել է, փոխքաղաքապետը պատասխանեց. «Չեմ կարծում կարճվել է, չգիտեմ, անկեղծ ասած տեղեկություն չունեմ, ուղղակի  ինձ հարցաքննության չեն կանչել»:Փոխքաղաքապետի «անտեղյակությունն» ու գորիսեցիների համոզվածությունը, թերևս,  ուղիղ համեմատական են: Գորիսեցիները համոզված են՝ այս սկանդալն էլ  մյուսների նման  «ջրվելու է» : Չէ՞ որ, երկու տարի առաջ էլ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը  նույնպես փակվեց:

Հիշեցնենք, որ  դեռ 2018 թ-ին,  մամուլում առկա տեղեկությունների համաձայն` Գորիսի ավագանու նիստի ժամանակ վեճ էր ծագել այն բանից հետո, երբ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել էր մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կեսից մեկ դրույք դարձնելու նախընտրական խոստման մասին։ Թեժ վիճաբանության ժամանակ քաղաքապետն ավագանու անդամին դուրս էր հրավիրել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին: Այդ քրեական գործի հարուցումը մերժվեց հանցադեպի բացակայության հիմքով: