Գրախանութն ու գրադարանը՝ քո տանը

Գրախանութն ու գրադարանը՝ քո տանը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ տարածքում մինչեւ ապրիլի 14-ը փակ կլինեն նաեւ մշակութային օջախները` թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, գրադարաններ, որոնք, ինչպես կրթական օջախները, անցել են առցանց աշխատանքային ռեժիմի:   

«Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրախանութները, բացի Մաշտոցի մասնաճյուղից, «հարկադրաբար» փակվել են, քանի որ փակվել են նաեւ բոլոր մոլերը, որտեղ «Բուկինիստն» ունի իր մասնաճյուղերը։ «Մաշտոցի վրայի գրախանութն աշխատում է, բնականաբար, կտրուկ նվազել է հոսքը, այցելուները շատ քիչ են, բայց աշխատում ենք, որովհետեւ պետք ենք մարդկանց, գոնե տանը նստեն ու գիրք կարդան,-ասում է Վարդանյանն ու հավելում, որ գրախանութ մտնողները պահպանում են բոլոր կանոնները,- հատկապես նրանք, ովքեր հոգեւոր սնունդի պահանջ ունեն, գալիս-մտնում, գիրք են գնում, բայց այդ մարդիկ, իհարկե, շատ քիչ են, ինչպես այս օրերին փողոցներում եւ մնացած այլ վայրերում»:

Այցելուների թվի կրճատումը չի կարող չազդել նաեւ եկամուտների վրա։ «Բուկինիստ»-ի տնօրենն ասում է` այս պահին դժվար է ասել, թե ինչքան կկազմեն ֆինանսական կորուստները. «Դրա մասին ոչ ոք չի կարող ասել, բայց որ մեծ կորուստներ են լինելու, դա անխուսափելի է եւ պարզից էլ պարզ է: Թե ինչքան` ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ սա աշխարհի մասշտաբով ճգնաժամ է, եւ դրա հետեւանքները շատ տխուր են լինելու: Եվ ես համաձայն եմ վարչապետի այն մտքի հետ, որ ավելի շատ պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք ինչ-որ բան վերականգնել»: 

«Բուկինիստն» արտակարգ դրության այս օրերին նույնպես կատարում է առցանց պատվերներ`տանը մեկուսացած ընթերցողներին առաքելով գրքեր. «Առցանց գրախանութ ունենք, պատվերներ եւս կան, առաքում ենք տարբեր գրքեր: Ծավալներն աճել են մոտ 3 անգամ, բայց դա բավարար չէ»,-ասում է Վարդանյանն ու հավելում, որ գրքերի պահանջարկն առանձնապես չի փոխվել. «Պահանջարկ ունեն այն գրքերը, որոնք միշտ պահանջարկ են ունեցել, այսինքն` լավ գրքերը: Նաեւ որեւէ խուճապ չկա, համենայնդեպս, մեր գնորդների շրջանում»: 

Հայաստանի ազգային գրադարանն այս օրերին եւս աշխատում է առցանց ռեժիմով՝  անընդմեջ պահելով կապն իր ընթերցողների հետ: Ինչպես տեղեկացանք գրադարանից, առցանց տիրույթում աշխատանքն իրականացվել է գրադարանի երկու ֆեյսբուքյան էջերի միջոցով, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում տեղադրվել է 23 հրապարակում: Մասնավորապես, ընթերցողներին ներկայացվել են «Հայ գիրք» եւ «Հայ մամուլ» շտեմարանները, ինչպես նաեւ՝ թե ինչպես կարող են փնտրել եւ գտնել իրենց անհրաժեշտ գրականությունը: 

Յուրաքանչյուր օր` #մնա_տանը_գիրք_կարդա եւ #երեկոյան_ընթերցանություն հեշթեգերով գրադարանը ներկայացրել է գրքերի բացառիկ հրատարակություններ: Ազգային գրադարանն իր առցանց ընթերցանության ցանկում առաջարկում է կարդալ Գի դը Մոպասանի «Հայր Միլոնը», Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռը» (Լեւոն Շանթի թարգմանությամբ), Կոբո Աբեի «Ավազուտների կինը», Ատրպետի «Դիմակներ» ժողովածուն: Շաբաթվա ընթացքում ներկայացվել են նաեւ գրադարանի վերջին համալրումները, որոնցից ընթերցողները կարող են օգտվել գրադարանի կանոնավոր գործունեությունը վերսկսվելուն պես:

Ակտիվացվել է գրադարանի «Գրքասերի կինոակումբ» խումբը: Գրական նշանակալի երկերի ուշագրավ էկրանացումներ շարքից ներկայացվել են Կոբո Աբեի «Ավազուտների կինը» վեպը եւ համանուն ֆիլմը: Կազմակերպվել է առցանց կինոդիտում: Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի առթիվ ֆեյսբուքյան էջում հայտարարվել է ընթերցանության ժամ, իսկ Պոեզիայի օրը Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի հետեւորդները ողջ օրվա ընթացքում հնարավորություն են ունեցել ունկնդրելու Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի եւ այլ մեծերի ստեղծագործություններ, ինչպես նաեւ մասնակցելու ինտերակտիվ ընթերցանության: 

Ընթերցողին առաջարկվել է նաեւ առցանց շրջայց գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում: Հայաստանի ազգային գրադարանի գանձերն ընթերցողին են ներկայացվել տեսանյութի միջոցով: Գրատպության թանգարանի ֆեյսբուքյան էջը նույնպես աշխատել է ամենօրյա ռեժիմով՝ այցելուներին առաջարկելով վիրտուալ շրջագայություն թանգարանում, իսկ հրապարակված նյութերն առնչվել են հիմնականում թանգարանի ցուցանմուշներին` ներկայացնելով թանգարանի վեց սրահները: 

Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի շուրջ հետաքրքրությունը վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն ավելացել է, աճել է թե՛ դիտումների թիվը, թե՛ հետեւորդների քանակը: