Ստոպ․ հրապարակը պետք է լինի անձեռնմխելի

Ստոպ․ հրապարակը պետք է լինի անձեռնմխելի

Մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու հարցը։ Ավելին՝ ԿԳՄՍ նախարարն իր էջով տեղեկացրեց, որ սա կարող է շուտով իրականություն դառնալ, իսկ հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում են մասնագետների հետ, ստեղծվելու է աշխատանքային խումբ: Դրան հաջորդեց վարչապետի գրառումը, որտեղ նա նշել էր, որ արդեն այս տարի կմեկնարկեն աշխատանքները, եւ արդյունքում Հանրապետության հրապարակը կդառնա շատ ավելի տեսարժան վայր:  

Ճարտարապետ, պրոֆեսոր Կարեն Բալյանին նախեւառաջ հետաքրքրում է, թե որն է այդ քայլին գնալու նպատակը։ «Ասվում է՝ տուրիստների համար, բայց դա որքանո՞վ հետաքրքիր ու հրապուրիչ կլինի նրանց համար․ հերթական ստորգետնյա առեւտրական կամ ռեստորանային կառույցը։ Եթե օտարերկրացի տուրիստը կամ մեր քաղաքացին պետք է իջնի ու տեսնի, թե ինչ կա հրապարակի ստորգետնյա շերտում, ապա անպայման պետք է հանդիպի մի արտակարգ շինության, տեսնի աներեւակայելի մի բան, որ չկա գետնի երեսին։ Օրինակ, Պոլսում հայտնի հռոմեական ջրի տաղավարները կան, որտեղ հռոմեացիները ջուր էին պահում, այդտեղ ոչինչ չկա, ո՛չ ցուցադրություն, ո՛չ առեւտուր, դու գալիս տեսնում ես այդ հռոմեական բետոնե ճարտարապետության մնացորդները, տարածքը, սյուները ու դրա համար փող ես տալիս։ Բայց այդպիսի բան մենք չունենք Հանրապետության հրապարակի ստորգետնյա շերտի տակ։ Հետո՝ չգիտենք, թե որքանով է այդ տարածքը մեծ, որտեղից պետք է սկսել, որտեղ՝ վերջացնել։ Ու եթե հանկարծ օգտագործվող տարածքներ լինեն, ապա դրանց համար պետք են նաեւ ինժեներական կառույցներ՝ օդափոխություն, ջեռուցում եւ այլն։ Դրանք ծավալուն սարքեր են եւ շատ կարեւոր խնդիրներ։ Այդ բոլորը պետք է արվի, եւ առանց դրանց հնարավոր չէ։ Իսկ այն խորությունները, որ մենք տեսանք լուսանկարների վրա, դրանք շատ չեն, այսինքն՝ հնարավոր է, որ այստեղ հարց առաջանա վերեւ բարձրանալու, այսինքն՝ հրապարակի մակերեսը բարձրացնելու»,- իր մտահոգությունն է հայտնում Բալյանն ու նշում հրապարակի ամբողջական կառուցվածքի փոփոխության անխուսափելիության հարցը։ 

«Հրապարակը մտածված էր որպես մեր պետականության արտահայտման գլխավոր տարածք, եւ այդպես էլ իրականացվեց, հետո էլ վերափոխվեց, բայց, այնուամենայնիվ, հիմքում այդ գաղափարն էր, որն այսօր էլ կա։ Վերջին 20 տարիների ընթացքում այդ գաղափարին հակառակ գործողություններ եղան, երբ հրապարակի 4 կողմը կառուցվեցին անկանոն, բազմահարկ վատ ճարտարապետության շենքեր՝ քաղաքաշինական սխալներով, որը բերեց նրան, որ հրապարակի արժեքը, գաղափարական իմաստով, որոշակիորեն թուլացավ, բայցեւայնպես, հրապարակը՝ իր ամբողջ ուրվագծով ու պարագծով, դեռ մնում է անփոփոխ»։ 

Ճարտարապետն ընդգծում է՝ Օպերան եւ Հանրապետության հրապարակը մեր ժամանակակից ճարտարապետության գլխավոր հուշարձաններն են, ուրեմն պետք է հասկանանք դրանք պահպանելու անհրաժեշտությունն ու խոսենք հուշարձանների անձեռնմխելիության մասին․ «Տվյալ դեպքում հրապարակը կազմված է բազմաթիվ տարրերից՝ շենքեր, շենքերի արտաքին եւ ներքին ճարտարապետություն, հրապարակի հարթություն, շատրվաններ․․․, իսկ հետթամանյանական շրջանում մենք ունեցանք մեկ կորուստ՝ դա Լենինի արձանն էր, բայց քանդվեց նաեւ նրա պատվանդանը, իսկ սա արդեն միջամտություն էր։ Այստեղ արդեն պետք է ասել՝ ստոպ, հրապարակը պետք է լինի անձեռնմխելի»։

Հուշարձանն այն կառույցը չէ, որը պետք է կամ կարող է ենթարկվել փոփոխությունների՝ շեշտում է Բալյանը, ավելին՝ այսօր մենք կարողանո՞ւմ ենք հասկանալ, թե ինչ է նշանակում հուշարձան, եւ ինչ է այն իր հետ բերում․ «Եթե սա հայտարարված է որպես հուշարձան, ուրեմն պետք է պահպանվի, այլ ոչ թե ենթարկվի փոփոխությունների։ Մենք շատ ենք խոսում, որ քաղաքն աճող, զարգացող օրգանիզմ է, դա հասկանալի է, բայց ժամանակին հրապարակում չկային մեքենաներ, հիմա այն լցված է մեքենաներով։ Փոխվել է նրա պատկերը, նախկինում չկար նաեւ կենտրոնական մասի սալապատ հատվածը, որը չեմ կարծում, որ հաջողված է։

Այդուհանդերձ, այսպիսի փոփոխություններն անխուսափելի են, բայց հիմնական պատկերը պետք է մնա անձեռնմխելի եւ պետք է պահպանվի։ Իսկ դրանք առաջին հերթին շինություններն են եւ քաղաքաշինական ամբողջականությունը։ Եթե մենք հիմա թույլ ենք տալիս միջամտություններ ստորգետնյա կառույցներ ստեղծելու համար, ուրեմն դա պետք է փոխի հրապարակի հորիզոնական մակերեսը, ինչն անխուսափելի է։ Իմ կարծիքով, հնարավոր չէ այսպես միանգամից վերցնել ու իրականացնել այդ ծրագիրը, քանի որ նախ չգիտենք՝ ինչ կա այնտեղ, 2-րդ՝ չենք հասկանում, թե ինչպես դա պետք է օգտագործվի, եւ ամենակարեւորը՝ չենք հասկանում, թե ինչպես դա պետք է արվի։ Վերջիվերջո, այդ կառույցները, որոնք չեն ներկայացնում գեղարվեստական արժեք, պատմական արժեքի մասով նույնպես ունեն խնդիրներ, եւ մենք չգիտենք նաեւ, թե ֆիզիկապես ինչպես պետք է դա պահպանել։ Իսկ, ինչպես ցույց է տալիս փորձը, նման կառույցները պիտանի չեն օգտագործման համար՝ առանց վերակառուցման, այսինքն՝ գոյություն ունեցող պատերը հնարավոր է վերաշարման կամ լուրջ ամրության պահանջ ունենան, եւ հասկանալի է, որ այստեղ առաջ կգա նաեւ մետաղական երկաթբետոնը»։ 

Հրապարակը մոդեռնիստական, դեպի ապագան ուղղված կառույց է, իսկ այն, ինչ հիմա ուզում ենք ստեղծել, դեպի հինն ուղղված եւ միամտաբար հինը վերաստեղծող սկզբունք է, որը, ըստ նրա, ցավալիորեն գործեց Հին Երեւանի դեպքում, երբ փորձում ենք նորովի ստեղծել հին միջավայր, որը չի եղել․ «Նույնիսկ Էրեբունին այսօր որոշ չափով դեկորատիվ, պայմանական նորացված ձեւերով վերակազմված հնություն է, որը չի ընդունվում մասնագիտական հանրության կողմից։ Մինչդեռ հրապարակը դեպի ապագան բացվող, զուտ մոդեռնիստական խնդիր է, որն իր մեջ կրում է որոշակի սկիզբ եւ վերջ»։ 

Բալյանը հիշում է ռուս քաղաքաշինարար Անդրեյ Իվանովի հոդվածը՝ նվիրված Հյուսիսային պողոտային, որտեղ նա գրել էր, որ պողոտան տանում է դեպի Կոնդ․ «Ի՞նչ նկատի ուներ նա․ այն, որ մենք ունենք Կոնդ՝ դեռ պահպանված, բայց իրականում գետնի վրա եւ որոշ չափով կայուն, բարդ վիճակում գտնվող, բայց կենդանի միջավայր, որտեղ մարդիկ ապրել եւ ապրում են հարյուրամյակներ։ Մինչդեռ հրապարակի դեպքում մեզ հրապուրում են 19-րդ դարի այդ մնացորդներով, որ ուզում են ներկայացնել, ինչը մի քիչ միամիտ է։ Կոնդում այդ բոլորը դեռ գոյություն ունի եւ գոյություն ունի իր կենդանի ձեւով, ինչը, անշուշտ, պետք է պահպանել, վերակառուցել, վերակենդանացնել, որովհետեւ Կոնդն իր կառուցվածքով կարող է հրաշալի միջավայր ստեղծել, չնայած ամեն ինչ արվել է, որ այսօր դա չլինի։ Հիմա ես ուզում եմ օգտվել Անդրեյ Իվանովի բանաձեւից եւ մի քիչ վերաձեւակերպելով այն՝ ասել․ Հանրապետության հրապարակը տանում է դեպի Կոնդ»։