Շիրակի մարզպետի հետ հեռանում են փոխմարզպետն ու նրա կադրերը

Շիրակի մարզպետի հետ հեռանում են փոխմարզպետն ու նրա կադրերը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շիրակի մարզպետի ազատմանը երեկ hraparak.am-ն առաջինն էր անդրադարձել : Գրել ենք, որ Մուշեղ Մուրադյանին պաշտոնից հեռացնելու մասին լուրերը նոր չեն` դրանք վաղուց էին շրջանառվում: Ասում էին` Նիկոլ Փաշինյանը հարմար պահ եւ հարմար կադր է փնտրում: Փաշինյանը փրայմերիզից հետո  գյումրեցի պատգամավոր Դավիթ Առուշանյանին որոշել է  մարզպետ նշանակել: Առուշանյանը երեկ պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում  է ներկայացրեց ԱԺ նախագահին:

Ինչ վերաբերում է Մուշեղ Մուրադյանին, ապա նա մարզպետ էր նշանակվել 2023-ի հունվարին, այսինքն` կանխատեսումներից մի բան էլ երկար պաշտոնավարեց` մոտ 2 տարի: Իսկ մինչ այդ նա Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր` 2019 թվականից սկսած: Մեր տեղեկություններով այս պահին մարզպետարանում իրարանցում է, քանի որ Մուրադյանի հետ հեռանում են նաև հայեցողական պաշտոն զբաղեցնողները, այդ թվում՝ փոխմարզպետ Աննա Մարտիկյանը եւ օգնականները, ովքեր Մուրադյանի կադրերն էին: Մարզում խոսակցություններ են պտտվում, որ Փաշինյանն, ազատվելով Մուշեղ Մուրադյանից, ազատվում է նաև Կարեն Սարուխանյանի կադրերից, որի նկատմամբ վերջին շրջանում այնքան էլ բարյացակամ չէ: Թերևս , պատահական չէին նաև փրայմերիզին Սարուխանյանի հավաքած ձայները, որով զիջում էր Դավիթ Առուշանյանին, սա նրա վարկանիշի անկման ևս մի ցուցանիշ էր:

Ի դեպ, քիչ առաջ հրաժեշտի ուղերձով է հանդես եկել Շիրակի հերթական ՔՊ-ական մարզպետ Մուշեղ Մուրադյանը․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Շիրակի մարզի սիրելի բնակիչներ, Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Շուրջ երկու տարի ամենայն պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ և մարզի հոգսերի ու բնակիչների հանդեպ հոգատարությամբ եմ աշխատել Շիրակի մարզպետի պաշտոնում։ Ինձ համար անցած ժամանակաշրջանը եղել է ամենապատասխանատուն, երբ արել եմ հնարավորը, որպեսզի արդարացնեմ թե մեր քաղաքական թիմի, թե մեր մարզի բնակիչների սպասելիքները։ Պաշտոնավարման ընթացքում ինձ համար չի եղել ուրիշի խնդիր, բոլոր հոգսերն իմն եմ համարել և փորձել եմ Կառավարության հետ համատեղ աշխատանքով ու համագործակցությամբ լուծել դրանք։ Անցած երկու տարիներին տարբեր ոլորտներում մարզում իրականացված բազմաբնույթ ծրագրերն ու շինաշխատանքները դրա ապացույցն են։ Շնորհակալ եմ ՀՀ Վարչապետին բարձր վստահության, Կառավարությանն ու համայնքների ղեկավարներին ջերմ համագործակցության, բնակիչներին՝ հավատի ու շնորհակալ վերաբերմունքի, ինչպես նաև մարզպետի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Այսուհետ էլ կլինեմ քաղաքական թիմիս կողքին և ջանքերս չեմ խնայի մեր երկրի և մարզի զարգացման ու բարօրության համար»։