Ընդդիմությունը բողոքի ակցիաներ կսկսի

Ընդդիմությունը բողոքի ակցիաներ կսկսի

«Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց։ Ունենք լրջագույն մտահոգություն տեղի ունեցող հարցերի հետ կապված։ Դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի այն սիրախաղը, որը սկսվել է այս օրերին։ Երեկ ևս Էրդողանն ասաց, որ Հայաստանից ստանում են դրական ազդակներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, Հայաստան դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նրա դիտարկմամբ՝ գաղտնի կապեր ու բանակցություններ կան ՀՀ-ի և Թուրքիայի միջև։ Թուրքիան ՀՀ-ի առջև դրել է երեք պայման նախորդ 20 տարիների ընթացքում, դրանց ավելացվել է չորրորդը։

«Պահանջում են հրաժարվել Արցախից, հրաժարվել ցեղասպանութան միջազգային ճանաչումից, ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, հիմա ավելացել է ևս մեկը՝ միջանցք Սյունիքում։ ՀՀ իշխանությունները 4 պահանջներից ո՞ր մեկն են պատրաստ բավարարելու»,- հռետորական հարց հնչեցրեց նա։

Դիտարկմանը, որ իշխանությունները բազմիցս են հերքել մինջացքի մասին լուրերը, Սաղաթելյանն ասաց, որ  բոլոր հիմքերը ունի չհավատալու պնդումներին, թե Սյունիքով միջանցքի հարց չի քննարկվում։ Անկախության տոնին Փաշինյանի ելույթում հաղթելու մասին Փաշինյանի հայտարարությունը Սաղաթելյանը անհեթեթ և ինքնահռչակ համարեց:

«Ինքը ասում էր՝ ինչ էլ որ լինի, մեզ պարտված չենք համարելու։ Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են։ Մուրալով իրենք նախապատրաստում են կամ նոր պատերազմ, կամ կապիտուլյացիա»։

Ընդդիմությունն այս օրակարգին հակազդելու կոչ արեց ՀՀ քաղաքացիներին, ասաց, որ դաշինքը սկսելու է բողոքի ակցիաներ։ Սեպտեմբերի 26-ին տեղի կունենա հիշատակի քայլերթ, իսկ դրանից հեո կսկսվեն տարբեր ակցիաներ ու գործողություններ։ Հոկտեմբերի մեկից սկսած խմբակցության պատգամավորները մարզային այցելություներ կսկսեն։ Մինչև նոյեմբերի 9-ը կան պլանավորած բազմաթիվ միջոցառումներ։