Ողջունելի է Իսրայելում ՀՀ դեսպանի ետկանչը

Ողջունելի է Իսրայելում ՀՀ դեսպանի ետկանչը

Ասացին՝ ետ է կանչվել Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, եւ դա շատ լավ է: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե առժամանակ առկախվի նաեւ նրան փոխարինող նշանակելը. գոնե այդպես կարտահայտենք մեր վերաբերմունքն Իսրայելի նկատմամբ՝ դրական ազդանշան հղելով նաեւ Իրանին: Մեր հանրության գրագետ մասի մեջ միշտ առկա է եղել հրեաների նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք, եւ այն ավելի ամրապնդվեց պատերազմի ընթացքում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով: Ինչո՞ւ ամրապնդվեց: Որովհետեւ խաղաղ պայմաններում զենքի վաճառքը միջպետական բիզնես է՝ արտադրող պետությունը զենք է առաջարկում, իսկ մեկ այլ պետություն այն գնում է, եթե գնի առումով խնդիր չունի: Սակայն երբ քո հայրենիքը ենթարկվում է հարձակման գնորդ պետության կողմից, ապա սովորական միջպետական բիզնեսը վերածվում է հակամարդկային գործարքի, քանի որ այդ զենքով խոցվում է ոչ միայն ճակատում կռվող զինվորը, այլեւ խաղաղ բնակչությունը:  

Հենց դա էլ նկատի է առնվել, երբ միջազգային պրակտիկա է դարձել պատերազմող երկրներին զենքի վաճառքն արգելելը: Սակայն այն ունի իր բացասական կողմը, քանի որ զենք, միեւնույն է, գնվում է՝ օրինական կամ անօրինական ճանապարհով, եւ շատ հաճախ զենք գնելու հնարավորությունից այլ եւ այլ պատճառներով զրկվում է հենց արդարացի պատերազմ մղող երկիրը: Տվյալ դեպքում մենք գործ ունենք հակառակ տարբերակի հետ՝ Ադրբեջանը գնել եւ շարունակում է գնել մահաբեր զենքը, եւ դրա մատակարարը հիմնականում հենց Իսրայելն է՝ այն երկիրը, որի ժողովուրդը 75 տարի առաջ ենթարկվել է ցեղասպանության՝ հոլոքոստի: Իսկ այդ երկրի իշխանությունը պատերազմի օրերին հանգիստ դիտում էր, թե ինչպես է զոհվում խաղաղ բնակչությունը, ավերվում քաղաքացիական ենթակառուցվածքները: 

Հանուն ճշմարտության պետք է ասվի, որ Իսրայելում գտնվել են հրեաներ, որոնք Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դատապարտող ցուցանակներ են կախել Երուսաղեմում: Դա, բնականաբար, այնքան հզոր շարժում չէր, որպեսզի սեփական կառավարությանը ստիպեր դադարեցնել զենքի վաճառքը: Ողջունելի է, իհարկե, իսրայելցի մտավորականների պահանջն իրենց կառավարությունից, որպեսզի վերջինս դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին, թեեւ այն դժվար թե որեւէ արդյունք տա: Դժբախտաբար, ոչինչ չկարողացան անել նաեւ տեղի հայկական համայնքն ու հայկական եկեղեցու պատրիարքը: Այնպես որ, այդ համատեքստում դեսպան ետ կանչելն արդարացված քայլ է, որքան էլ այն դուր չգա Իսրայելի կառավարությանը: 

Վերեւում ասվեց, որ դեսպանի ետկանչը դրական ազդանշան էր Իրանին, որը 30 տարի շարունակ ձգտել է պահպանել չեզոքություն, իսկ ավելի ճիշտ՝ հայանպաստ չեզոքություն, եթե կարելի է այդպես արտահայտվել: Մեկ տարի առաջ Թել Ավիվում դեսպանատուն բացելու ՀՀ կառավարության որոշումը, իսկ մեկ ամիս առաջ այն պաշտոնապես բացելը բացասական արձագանքի էին արժանացել Իրանի կողմից, եւ, ըստ այդմ, դեսպանի ետկանչը դրական վերաբերմունքի կարժանանա վերջինիս կողմից, ինչը մեզ շատ ավելի անհրաժեշտ է, քան Իսրայելում դեսպան ունենալը։

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ