Տեր-Պետրոսյանը եկել էր արդարացնելու Փաշինյանին ու ամրապնդելու նրա իշխանությունը

Տեր-Պետրոսյանը եկել էր արդարացնելու Փաշինյանին ու ամրապնդելու նրա իշխանությունը

44-օրյա պատերազմից հետո, կարծես թե, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում էր Նիկոլ Փաշինյանից. չէր ընդունում, երբ ասում էին, որ նա իր քաղաքական հոգեզավակն է ու հետնորդը, իր աճեցրած կադրը: Անգամ նրան անվանեց «ազգակործան պատուհաս», ով, ըստ Տեր-Պետրոսյանի, ազգի մի մասին կործանել է, մյուսին էլ կկործանի: Կաթողիկոսի, ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հետ հանդիպումից հետո Տեր-Պետրոսյանը շտապեց Հանրային հեռուստաընկերություն: Մինչ այդ հույսեր կային, որ նախկին նախագահները վայր են դրել իրենց քաղաքական ամբիցիաները եւ, երկրի առջեւ ծառացած լրջագույն խնդիրներով մտահոգված, պետականանպաստ լուծումներ են փնտրում։ Իսկ այդ հանդիպումները պետք է շարունակական լինեին: Մինչեռ երեկվա հարազրույցը բուռն հիասթափություն առաջացրեց: Տեր-Պետրոսյանը բոլորովին այլ մեսիջներ հղեց հասարակությանը… 

Փաշինյանը մեղավոր չէ, նա պետք է մնա

Նկատելի էր, որ Տեր-Պետրոսյանը եկել է՝ տեր կանգնելու իր քաղաքական հոգեզավակին: Եկել է ասելու, որ Փաշինյանն ինչ անում է, ճիշտ է անում, եւ իրենք՝ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահները, պետք է կիսեն նրա հետ պատասխանատվության բեռը, որ միայն Փաշինյանին չասեն «դավաճան», «թուրք»: Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակը բացատրեց «հակառակորդների» ագրեսիայով, իսկ թե ինչու հանկարծ հակառակորդը 26 տարի անց ագրեսիվացավ հենց Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, նախագահը հպանցիկ ասաց՝ իշխանությունների սխալի պատճառով, եւ անմիջապես հավելեց, որ բոլորն էլ սխալվել են, նաեւ՝ ինքը: 

Մյուս կարեւոր մեսիջն այն էր, որ Փաշինյանը պետք է մնա իշխանության գլխին. պետք է լինի ազգային համախմբում, իշխանության ու ընդդիմության միջեւ կառուցողական երկխոսություն սկսվի: «Ընդդիմությունը կարծում է՝ եթե Նիկոլից ազատվենք, մենք կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է: Ով էլ գա, գուցե ավելի վատ փաստաթղթեր ստորագրի: Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, պետք է ընտրենք ամենաքիչ ցավալի լուծումը: Դրա համար պետք է խոսենք Փաշինյանի հետ»,- ասաց նա՝ փաստորեն, փակելով Հայաստանում իշխանափոխություն անելու անհրաժեշտության հարցը: 

Փաշինյանի հետ նույն սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը Տեր-Պետրոսյանը հիմնավորեց նրանով, որ միայն նա է տիրապետում բոլոր ինֆորմացիաներին, պետք է նրա հետ նստել մի սեղանի շուրջ, որպեսզի իմանանք, թե այդ լուծումներից որն է ամենացավոտը: Սրանով հանդերձ, նա կասկած հայտնեց, թե կարելի է Փաշինյանից ճիշտ բան լսել՝ կգա կասի. «Պուտինն այս է ասել, Մակրոնն այն է ասել, Թրամփը սա է ասել, ո՞վ է հավատում, ի՞նչ իմանանք՝ այդպե՞ս են ասել, թե՞ այդպես է հասկացել»: Իհարկե, ինֆորմացիա ստանալու համար Փաշինյանի շուրջ համախմբվելն անիմաստ է: Իշխանափոխության դեպքում այդ ինֆորմացիան շատ արագ հասանելի կլինի հաջորդ ղեկավարին, եւ գուցե անգամ ավելի բարենպաստ առաջարկներ արվեն: Ի վերջո, նախագահները պատահական մարդիկ չեն, եւ ցանկության դեպքում տարբեր աղբյուրներից կարելի է ստանալ այդ ինֆորմացիան: 

Տեր-Պետրոսյանը հակասում էր ինքն իրեն

Իր խոսքում ՀՀ առաջին նախագահը քանիցս հակասեց ինքն իրեն: Հենց թեկուզ նրանում, որ պնդում էր, թե ինֆորմացիային տիրապետում է միայն Փաշինյանը, բայց միաժամանակ ինքը գիտի, որ Փաշինյանը վախենում է ստորագրելուց, գիտի, որ դրանք շատ ցավոտ լուծումներ են, որ չստորագրելու դեպքում աղետ է սպասվում Հայաստանին: Գիտի, որ Արցախի թեման փակված է, եւ Հայաստանն այլեւս ասելիք չունի: Գիտի, որ Հայաստանը նորից կապիտուլացվել է: Մենք կհասկանայինք այս չարագուշակ կանխատեսումները, եթե հայտարարեր, որ լիովին տիրապետում է ինֆորմացիային։ Տեր-Պետրոսյանի հոռետեսական, ընկճված, պարտվողական, հուսահատեցնող խոսքը լսելիս ակամա հարց է առաջանում․ մի՞թե նա չգիտի, որ իր ելույթը լսում է նաեւ թշնամին: Սա պարտված, հանձնված, սպիտակ դրոշ պարզած քաղաքական գործչի խոսք էր, որը չպետք է լիներ այդքան հանրային՝ կարող էր լինել միայն շատ նեղ շրջանակում: 

Նախագահի խոսքից նկատելի էր, որ նա շարունակում է տառապել անսխալականության բարդույթով, նրա քաղաքական ամբիցիաները դեռ «վառ» են: 1998-ին նախագահի պաշտոնից հրաժարական տված Տեր-Պետրոսյանը մինչ օրս ուզում է ապացուցել, որ ինքը ճիշտ էր այն ժամանակ, իսկ իրեն պաշտոնից հեռացնողները՝ սխալ: Եվ մարդիկ հիշել էին, որ Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր. «Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի Արցախի հարցը կա»: Իսկ «Սերգոյի» որդին զոհվել է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, «Սերգոն» իր տունն այրել է ու դուրս եկել, քանի որ թշնամին արդեն ՀՀ տարածքում է, «Սերգոն» լսում էր նախագահին ու զարմանում՝ Արցախի հարցը չկա, բա ինչո՞ւ ինքը ոչ միայն լավ չի ապրում, այլեւ զրկվել է տնից, որդուց, հիմա էլ կապիտուլացվում է իր հայրենիքը: Տեր-Պետրոսյանը չտվեց այդ հարցերի պատասխանները…   
 
Կապիտուլյացիայի գովազդ

Հայաստանի նոր կապիտուլյացիայի մասին Տեր-Պետրոսյանը խոսում էր այնքան հանգիստ ու անտարբեր, կարծես այդպես էլ պետք է լիներ: Կապիտուլյացիան, ըստ առաջին նախագահի, այդքան էլ վատ բան չէ. «Ի՞նչ ա եղել, մեզնից հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել: Ճապոնիան չի՞ կապիտուլացվել»: Մնում էր ասի. «Մեզնից հզոր երկրներ են եղել, որ վերացել են, այլեւս չկան: Ի՞նչ է եղել»: Բայց այդքան գովաբանելով կապիտուլյացիան, չգիտես ինչու, չասաց, թե ինչու ինքը 1994-ին, երբ մեր երկիրը հաղթարշավով առաջ էր գնում, Ադրբեջանին չպարտադրեց վերջնական կապիտուլյացիա, Արցախի ճանաչում: Ինչո՞ւ չամրագրեց մեր փառահեղ հաղթանակը եւ ինչո՞ւ 97-ին միանձնյա չկնքեց փուլային տարբերակով լուծման համաձայնագիրը: