Այդ միջնորդությունը կարդալիս միայն նողկանքի զգացում ես ունենում

Այդ միջնորդությունը կարդալիս միայն նողկանքի զգացում ես ունենում

Երբ քննիչն ու դատախազն անբարոյական են եւ կարող են մանիպուլյացիաներ անել՝ մարդկանց չգործած հանցանքներ մեղսագրելով կամ մի անմեղ վրիպումն ու կենցաղային վարքը որպես հանցանք ներկայացնելով, դա նշանակում է, որ երկրում դադարել է գործել արդարադատությունը, եւ Քրեական օրենսգիրքը դարձել է մահակ, պատժամիջոց այն գործածողների՝ իշխանությունների ձեռքին։ Որքան ավելի ծառայամիտ ու անողնաշար են քննիչն ու դատախազը, այնքան ավելի տխուր է վիճակը իրավապահ համակարգում։

Այս նախաբանը ծագեց այն բանից հետո, երբ ծանոթացա Արմեն Չարչյանի հետ կապված Աննա Վարդապետյանի՝ Ազգային ժողով ուղարկված միջնորդության տեքստին։ Դուք երբեւէ նողկանքի, կեղտոտվելու զգացում ունեցե՞լ եք՝ ինչ-որ տհաճ իրողության հետ շփվելիս։ Այս միջնորդությունը կարդալուց հետո նորմալ մարդը լողանալու, օճառով լվացվելու ցանկություն կարող է ունենալ։ Փորձեմ հիմնավորել, թե ինչու։

13 էջից կազմված միջնորդագիրն ուղղակի իրավաբանությանն ուղղված վիրավորանք է։ 13 էջ մառազմ, որտեղ դժվար է տրամաբանություն գտնելը։ Ի՞նչ է ասում Աննա Վարդապետյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ առաջարկելով պատգամավոր «Արմեն Գերասիմի Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն»։

Ասում է, որ 2017 թվականի մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ «փորձագետների կողմից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ քրեական գործով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վերաբերյալ», եւ 2019 թ. հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ։ Փորձագետների խումբը, բնականաբար, միայն Արմեն Չարչյանից չէ կազմված՝ այլ մասնագետներ էլ են եղել. Հայկազ Չախոյան, Տարոն Մխիթարյան, Արտուր Ղամբարյան, Արմինե Հարոյան։ Գործը հարուցվել է ՔՕ 338 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` Սուտ բացատրություն, սուտ ցուցմունք, կեղծ եզրակացությունը տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը։

Կհարցնեք՝ իսկ որտե՞ղ են մյուս մեղադրյալները։ Պարզվում է՝ փորձաքննությանը մասնակցած բոլոր բժիշկներին այնպիսի տեռորի են ենթարկել, որ համաձայնել են, որ իրենց հանցագործ ճանաչեն, բայց Քրեադատավարական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետով` գործը կարճվի, չնայած փորձագետները հայտարարել են, որ ոչ մի հանցանք չեն կատարել, առաջնորդվել են օրենքով։ Այս տեռորին, փաստորեն, չի ենթարկվել միայն պրոֆեսոր Արմեն Չարչյանը եւ առարկել է վաղեմության ժամկետով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու առաջարկի դեմ՝ հայտարարելով, որ չի կատարել իրեն մեղսագրվող հանցանքը, եւ սրանից էլ կառչել է երիտասարդ դատախազը՝ իր շեֆի հետ։

Տեքստի մնացած մասում մի 10 էջ` առողջապահական տերմիններից կազմված, կիսախելագար տեքստ է շարադրված՝ այն մասին, թե ինչով էր տառապում Հաց բերող Արթուր Սարգսյանը, եւ այդ հիվանդությունն ինչքանով էր անհամատեղելի կալանքի հետ, որի կարճ նկարագրությունն այն է, որ Բեխտերեւի հիվանդությունը, եթե պրոգրեսիվ ընթացք ունի, բավարար էր, որ Արթուր Սարգսյանի մասին փորձաքննությունը լիներ հակառակը, այսինքն՝ ազատ արձակվեր։ Բայց այդ տեքստն այնքան հակասական ու խճողված է, որ Չարչյանի մեղքի բարակ թելը շարունակ կտրվում է։

Ասենք, դատախազը գրում է, որ 2016 թ․ դեկտեմբերի 26-ին իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, որը հանձնարարվել է «ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Դեկտեմբերի 30-ին ՀՔԾ-ն, ստանալով այդ եզրակացությունը, որով «Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ` Բեխտերեւի հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական ֆունկցիայի զգալի խանգարումով», եւ «հաշվի առնելով, որ Սարգսյանի մոտ հայտնաբերվել է այնպիսի հիվանդություն, որը նվազեցնում է քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը», խափանման միջոցը փոխարինել է ստորագրությամբ եւ նրան ազատ արձակել։

Հետո սկսվում է կինոն՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձը գրում է․ «Նկատի ունենալով, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ հիշյալ եզրակացությունը կասկած է հարուցում, մի շարք հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի փորձագետներին»։ Մասնագիտությամբ իրավաբան գլխավոր դատախազն իր տեքստում գրում է՝ «կասկած էր հարուցում», հղում չտալով, թե ում մոտ եւ ինչ կասկած է հարուցել առաջին եզրակացությունը։ Գուցե դատախազության պահա՞կն է կասկածի տակ դրել առաջին եզրակացությունը կամ մի տնային տնտեսուհի՞։

Իրականում եթե այս գործընթացում կա հանցանք, ապա դա կատարել են օրինական մասնագիտական եզրակացությունը «կասկածի տակ դնողն» ու «կրկնակի փորձաքննություն նշանակողը», որտեղ մեծ է նախկին դատախազ Արթուր Դավթյանի դերակատարումը։ Հետո Աննա Վարդապետյանի միջնորդության մեջ նկարագրված է փորձաքննության ընթացքը․ ստեղծվել է նեղ մասնագետներից կազմված հանձնաժողով, որի մեջ ընդգրկվել են այսինչ անձինք, փորձաքննությունը կատարվել է Իզմիրլյան կենտրոնում, ծանուցագիր են ուղարկել Արթուր Սարգսյանին, որ ներկայանա հանձնաժողովին, նա հայտնել է, որ չի ցանկանում ներկայանալ: Ապա հեռախոսազանգով են համոզել, որ ներկայանա, ասել է` պաշտպաններիս հետ պետք է խորհրդակցեմ, եւ նորից հրաժարվել է ներկայանալ:

Ի վերջո, փորձաքննությունն իրականացվել է առանց Սարգսյանի առողջական վիճակի հետազոտման` «ներկայացված բժշկական տվյալների հիման վրա», ինչպես դատախազն է գնահատել` «վերը նշված իրավանորմերի անտեսմամբ»: Եվ դատախազի հանճարեղ եզրակացությունը. Փորձագետը պարտավոր էր հրաժարվել փորձաքննություն կատարելուց:
Թողնենք այն, որ արեւի վրա էլ կարելի է բծեր հայտնաբերել, բայց իրավաբանը, որն ամեն օր առնչվում է բազում հանցանքների ու զանցանքների, ի՞նչ խղճով է նման տեքստ գրել: Ինչքա՜ն պարապ ու խաղաղ երկրում պետք է աշխատես, ինչքա՜ն քիչ հանցանք պետք է քո երկրում կատարվի, որ մի խմբի միջից, վաղեմությունն անցած կասկածելի մեղադրանքով նման միջնորդություն ներկայացնես երկրի թիվ մեկ քաղաքական մարմնին: Եվ ինչքա՜ն պետք է արհամարհես քո պրոֆեսիան ու չգիտակցես քո առաքելությունը, որ նման մեղադրանք հարուցես հարգված բժշկի նկատմամբ, ով ամեն օր կյանքեր է փրկում:

Միջնորդության մնացած մասն էլ է վիրավորանք առողջ տրամաբանության եւ իրավաբանության նկատմամբ: Օրինակ, փորձագետ Արտուր Ղամբարյանի ողջ ցուցմունքը կարող էր դիտվել որպես մի քանի մեղադրանքի հիմք: Ասենք, նա ասում է, որ իրեն չի տրամադրվել ոչ մի փաստաթուղթ, ինքը համաձայն չի եղել եզրակացության հետ, իրեն ոչ ոք չի ասել, որ ստորագրի, բայց ինքը ստորագրել է եզրակացության տակ, քանի որ «բոլորը ստորագրել են», եւ ինքը հասկացել է, որ դա «անհրաժեշտ է»: Իսկ տեքստը գրելու պարտականությունը դրված է եղել Հայկազ Չախոյանի վրա, որը «միանգամից գրված բերել է եզրակացությունը»:

Միջնորդության տեքստի ամեն տողից երեւում է այն տեռորը, որն իրականացվել է ցուցմունք տվող փորձագետների նկատմամբ, եւ այն վախը, որով բժիշկները փորձել են ազատվել այս փորձանքից` գրել այն, ինչ իրենցից պահանջվում է, եւ իրենց բաժին մի գդալ յուղը լցնել Արմեն Չարչյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդման կրակին:

Իսկ վերջում տիկին դատախազը չի թաքցրել հրամանը կատարելու իր պատրաստակամությունը` գրել է. «Սույն դեպքով անցել են պատգամավոր Արմեն Չարչյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, սակայն նկատի ունենալով, որ վերջինս առարկել է իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, հետեւաբար նշված հանգամանքը քրեական հետապնդումը բացառող չէ»:

Իհարկե, ոչ մի հանգամանք քրեական հետապնդումը բացառող չի կարող լինել, եթե մարդը չունի տարրական պարկեշտություն, բարոյականություն եւ ստրուկի հնազանդությամբ ապօրինի հրամանները չկատարելու փոքրիկ կամք: