Եթե անգամ խախտումներ կան, Արայիկ Հարությունյանը թաքցնում է դրանք, օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ

 Եթե անգամ խախտումներ կան, Արայիկ Հարությունյանը թաքցնում է դրանք, օգտագործում իր քաղաքական հակառակորդների դեմ

Հստակ է, որ հարցի լուծմանը կարող ենք հասնել միայն ազգային համախմբան դեպքում։ Մենք բաց ենք ազնիվ համագործակցության համար և այսօր էլ դրա մասին կհայտարարենք, բոլոր այն ուժերը, որոնք ցանկություն կհայտնեն միանալու, կարող են միանալ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով երթից առաջ ասաց ՀՅԴ երիտթևի անդամ Քրիստինե Վարդանյանը։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը  «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ է կազմակերպել, պահանջում են Հարությունյանի հրաժարականը։ Հիշեցնենք նաեւ, որ ՀՅԴ երիտթևը դեռ ամիսներ առաջ էր հերթապահում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, պահանջում նախարարի հրաժարականը։
«Մենք այս ընթացքում փողոց դուրս չէինք գալիս, քանի որ իրավիճակով պայմանավորված մտածում էինք մարդկանց առողջության մասին, բայց վստահ եղեք, որ մենք պահել ենք մեր ձեռքը իրադարձությունների զարկերակին, ոչինչ բաց չենք թողել։ Բարեբախտաբար այս պահին արդեն իրավիճակը մեզ թույլ տալիս է նորից փողոցում լինել»,- ասաց Վարդանյանը։

Նա նաեւ անդրադարձավ Արայիկ Հարությունյանի հրավիրած այսօրվա ասուլիսին, որի ընթացքում նախարարն ինքն էր անդրադարձել ՀՅԴ երիտթևին։
Բանն այն է, որ դեռ 2019-ի նոյեմբերի 6-ին, ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ ՀՅԴ-ի բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ դատարկ արկղեր էին բերել, որոնք թողել էին մուտքի մոտ, ասելով, որ բերել են, որպեսզի Հարությունյանը դրանցում դասավորի իր իրերը` հրաժարական տալուց հետո։ Նախարարն արձագանքել էր այս ակցիային, ասելով, որ պատրաստվում է այդ արկղերը լցնել տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են կրթության ոլորտին, և հետ ուղարկել ՀՅԴ–ին։
Հարությունյանը այսօր էլ վստահեցրեց՝
«Հայ հեղափոխական դաշնակցության» դեմ քրեական գործերն արկղերով նրանց ուղարկելը մի քանի ժամվա հարց է։

«Սա վկայում է, որ եթե անգամ կան որևէ խախտումներ, նախարարը թաքցնում է դա և օգտագործում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Բայց ես, օգտվելով առիթից, պիտի ասեմ, որ մենք որևէ կերպով կաշկանդված չենք, այո, ով խախտել է օրենքը, պետք է դրա առաջ պատասխան տա»,- ասաց Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հարությունյանի՝ իրենց մասով արված հերթական հայտարարություններին։