Դարձել ենք մի ժողովուրդ, որը բացառապես խորոված ուտելու մասին է մտածում
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրացավ Արցախը հանձնելու կապիտուլյացիոն պայմանագրի եւ Արցախի պատմության վերջին էջը շրջելու գործընթացի 4-րդ տարին: 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով ավարտվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը. այն կոչվեց «Եռակողմ հայտարարություն», որն ընդգրկում էր 9 կետեր: Բայց չնայած այս համաձայնագրին՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունը վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 9-ի կապիտուլյիացիային, ասում է. «Անհանդուրժելի իրավիճակ է Հայաստանում, բայց բոլորը հանդուժում են, ժանտախտ է, բայց քեֆ են անում, գեղցու նման ուրախանում են, ընդհանրապես արդեն սկսում ես կասկածել՝ կա՞ ազգ, դարձել ենք մի ժողովուրդ, որը բացառապես խորոված ուտելու մասին է մտածում: Ոչ ոք ոչինչ չի անում, ոչ մեկին չի վստահում, սա լավն է, նա վատն է, նախկին ու ներկա են անում, բայց տեսա՞ք Ամերիկայի նման երկիրը ընտրեց նախկին Թրամփին, որովհետև աշխարհն է հոգնել ստերից: Կապիտուլյիացիայից չորս տարի անց ունենք պետականության լիակատար կործանման բոլոր նշանները: Պրակտիկորեն արձանագրել ենք այս տարիներին, որ Հայաստանը որպես պետություն գոյություն չունի, ոչ մեկը չի ցանկանում Հայաստանի շահերի հետ հաշվի նստել: Ոչ մեկին Հայաստանն այլևս հետաքրքիր չէ: Երևանից հնչող ազդակներն ու առաջարկությունները աշխարհում էլ լուրջ չեն ընկալվում: Ամեն երկիր իր հաշվարկներն ունի և գերադասում է դրանք: Յուրաքանչյուր նորմալ մարդ տեսնում է, թե Հայաստանում ինչ է կատարվում: Այն ընկալվում է որպես մի անմարդաբնակ կղզի: Պետք է ազնիվ լինել հայ մարդկանց հանդեպ, պետք է ասել իրականությունը: Ինչ անել, որ քիչ թե շատ փոքրագույն կորուստներով Հայաստանը դուրս գա այս իրավիճակից: Այս իշխանությունը չի դադարում մեզ խաբել: Ամեն տարի սկսում և ավարտում են ստով, մտածում են՝ այս տարի էլ խաբենք, տեսնենք ինչ կլինի: Ցավոք, մեր երկրում կան նաև մարդիկ, ովքեր իրականացնում են թուրքական օրակարգ, նրանք Հայաստանի ծպտված թուրքերն են, որովհետև հայ մարդը չի կարող թուրքական օրակարգ սպասարկել: Այս իրավիճակը հաղթահարելու, այն փոխելու հազար ու մի ձև կա, օրինակ այս իշխանությունների հեռացմամբ կարող է ամեն ինչ փոխվել: Ամեն մեկս պետք է մտածենք, որ մենք ենք իրավիճակ փոխողը, ոչ ոք չի գալու մեր փոխարեն ինչ-որ բան փոխելու: Արևմուտք սիրող մարդկանց համար կարող է Ֆրանսիայի օրինակն էլ տեսանելի լինել: Այնտեղ էլ եղել են արդար ընտրություններ, այլ հարց է, որ հետո այդ ամենը ոչնչացվել է, բերվել են ուժեր, որոնք ժողովրդի ընտրության հետ կապ չունեն, բայց մարդիկ կարողացել են ճիշտ ընտրություն կատարել: Կապիտուլյացիայից անցել է չորս տարի, այս չորս տարիների ընթացքում Հայաստանը գնացել է բացառապես կործանման ճանապարհով, այն լինելու է շարունակական, եթե այս խունտան չհեռանա՚», - նշեց քաղաքագետը:
Կարծիքներ