Ինքնիշխան ես այնքան, որքան կարող ես

Ինքնիշխան ես այնքան, որքան կարող ես

«Հետհեղափոխական» Հայաստանում հանրային-քաղաքական դիսկուրս է մտել ինքնիշխանության թեման: Որոշակի շրջանակներից այն միտքն է ներշնչվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նպատակադրված է վերականգնել Հայաստանի սուբյեկտությունը, Ռուսաստանի հետ կառուցել իրավահավասարության վրա հիմնված հարաբերություններ, հաղթահարել, իրենց արտահայտությամբ՝ «վասալականությունը»: Իսկ հայ-ամերիկյան կամ նույնիսկ հայ-իրանական հարաբերություններն իրավահավասա՞ր են՝ նման խնդիր չի քննարկվում: Մինչդեռ ելակետայինը հենց դա է՝ իրավահավասար հարաբերություններ կառուցելու բավարար տնտեսական, ռազմական, զուտ մարդկային ռեսուրսներ ունի՞ Հայաստանը, որովհետեւ ինքնիշխանությունը մի ինչ-որ ապրիորի կամ վերացական բան չէ: Ինքնիշխան ես այնքան, որքան կարող ես, թույլ են տալիս հնարավորություններդ:

Ադրբեջանն, օրինակ, 1991-93 թվականներին գայթակղվեց եւ «ինքնիշխանություն» խաղաց եւ հատուցեց տարածքային կորուստներով: Քառորդդարյա դեգերումներից հետո Բաքվում, կարծես թե, եկել են վերջնական համոզման, որ սեփական, նույնիսկ՝ Թուրքիայի հետ միասին, հնարավորություններով չեն կարող հասնել ԼՂ խնդրի կարգավորման եւ վերադառնում են 1920թ.-ի դասավորությանը՝ փորձելով «հարմար տեղավորվել» ռուս-թուրքական մեծ պայմանավորվածություններում:

Իսկ որ ամեն ինչ տանում է դրան, վկայում են ռուսական փորձագիտական բավական հեղինակավոր շրջանակների հետեւողական կանխատեսումները: Ահա այս իրավիճակում արժե՞ ակտուալացնել Ռուսաստանից Հայաստանի «լիակատար անկախացման» կամ, ինչպես «Սասնա ծռերն» ու նրանց համակիր վերլուծաբաններն են ձեւակերպում՝ «ապագաղութացման» օրակարգ: Ո՞րն է առարկայորեն կարեւոր՝ ինքնիշխանություն խաղա՞լ,- որովհետեւ Հայաստանի նման երկիրը չի կարող լիարժեք իքնիշխան լինել,- թե՞ փորձել ուրվագծվող ռուս-թուրքական պայմանավորվածություններում պաշտպանել Արցախի դատը, այսինքն ոչ թե հեռանալ տարածաշրջանից եւ ապավինել առերեւույթ աջակցության, այլ դառնալ գործընթացի լիարժեք մասնակից, պայմանավորվածությունների սուբյեկտ:

1920թ. ամռանը կար հնարավորություն՝ ներգրավվելու ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսին: Բայց, ինչպես հետագայում Լեւոն Շանթն է խոստովանել՝ Հայաստանի կառավարության սպասումները Փարիզից էին: Հետեւանքներն աղետալի եղան: Բոլշեւիկյան Ռուսաստանը նախ օկուպացրեց Լեռնային Ղարաբաղը, Զագեզուրը եւ Նախիջեւանը, ապա Թուրքիայի հետ կնքեց «Բարեկամության եւ եղբայրության մասին» Մոսկվայի պայմանագիրը, որով հաստատվեց Հարավային Կովկասի իրավական ստատուս-քվոն: Խորքային իմաստով 1992-94թ.թ. պատերազմն այդ ստատուս-քվոն վերափոխելու՞, թե՞ պահպանելու նշանակություն ունի՝ կանգնած ենք այս հարցին դեմ-հանդիման: Այսինքն, պատերազմել ենք, որպեսզի տարածքային ձեռքբերումներ ունենա՞նք, թե, որ եղածը չկորցնե՞նք: Վստահաբար կարելի է պնդել՝ Ադրբեջանը գիտակցաբար, կանխածրագրված է գնացել իրավիճակի սրման՝ նպատակ ունենալով լիովին հայազերծել Լեռնային Ղարաբաղը եւ անեքսիայի ենթարկել Զանգեզուրը:

Հայաստանին հաջողվել է պահպանել ԼՂ հայկականությունը եւ իրավազորությունը Սյունիքի նկատմամբ: Այս փաստացի իրավիճակը, սակայն, հավերժորեն տրված չէ, ինչպես մեզանում կարծում են հաճախ: Մերձավոր Արեւելքը «եռում է» եւ որեւէ սցենարի հավանականություն ի սկզբանե չենք կարող բացառել: Այդ իսկ պատճառով օրախնդիր է  իրողության իրավա-պայմանագրային ամրագրումը: Ընդդիմախոսներն առարկում են, թե ցանկացած համաձայնություն «ընդամենը թղթի կտոր է»: Անշուշտ այդպես է, բայց եթե միջազգային պայմանագիրը հնարավոր է չեղարկել, ապա բազմակի անգամ ավելի հեշտ չէ՞ հրադադարի համաձայնագիրն առ ոչինչ հայտարարելն ու պատերազմի սանձազերծումը: Առաջին դեպքում կունենանք որոշակիորեն վստահելի երաշխիքներ: Ներկայումս ամեն ինչ թողնված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կամեցողությանը: Իսկ եթե նրանցից մեկը նախաձեռնի իրավիճակի փոփոխությու՞ն: Այդ դեպքում Հայաստանը չի լինի պայմանավորվածությունների սուբյեկտ:

Նրան ուղղակի կպարտադրեն ընդունել այն, ինչ արդեն համաձայնեցված է: Եւ ինքնիշխանության խաղը կավարտվի դառնագույն հիասթափությամբ, որովհետեւ «բրիտանական ռազմանավերը չեն կարող հասնել Հայկական բարձրավանդակ»: Հայաստանի ինքնիշխանությունը բավարար էր, որպեսզի կանխի Արցախի հայազերծումն ու Սյունքի ադրբեջանական օկուպացիան: Դարակազմիկ այդ առաքելության վրա ծախսվել է ազգային ռեսուրսի մեծագույն մասը:

Անցած քառորդ դարը Հայաստանի ներուժին գրեթե ոչինչ չի ավելացրել, եթե չասենք, որ մի բան էլ պակասեցրել է: Որեւէ երաշխիք, մանավանդ գիտականորեն հաշվարկված հեռանկար չկա, թե առաջիկա տասնամյակները Հայաստանի ռեսուրսները մեծացնելու են այնքան, որ նա աշխարհաքաղաքական սուբյեկտ դառնա եւ խաղի կանոններ թելադրի: Այս ճշմարտության հստակ, առարկություն չհանդուրժող գիտակցումը պետք է լինի իշխանության ուղեցույցն ու նրա ինքնադրսեւորման չափանիշը: Իշխանությանը տրված չէ լինել ժողովրդի սիրելին, նրա առաքելությունը չէ հաճոյախոսել: Իշխանությունը պարտադրված պետք է լինի մեկնել միայն եւ միայն իրողություններից, իրական հնարավորություններից: Ինքնիշխան ես այնքան, որքան կարողանում ես: Եւ ոչ ոք քեզ միջանկյալ ժամանակ չի տալու, որպեսզի ավելի ինքնիշխան լինելու ռեսուրսներ հավաքագրես: