Պողոս, լսո՞ւմ ես, ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա…

Պողոս, լսո՞ւմ ես, ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա…

Արա՛ա՛ա՛, «ԱՅՈ»-ն թխել են… Ֆեյսբուքում բարձրացած աղմուկից կարելի էր ենթադրել՝ Հայաստանից հրթիռ է արձակվել տիեզերք: Մինչդեռ տեղի է ունեցել մի սովորական բան՝ «լոգոյագողություն»: Ընդամենը 3 տառ պետք է գրեին՝ 3 միլիոն դրամ վաստակելու համար, բայց նույնիսկ այդ հարցում են փորձել անաշխատ եկամուտ ստանալ: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ նման բան կարող էր տեղի ունենալ 5000-ամյա մշակույթ ունեցող ազգի մեջ, բայց ժամանակակից տեխնոլոգիաներն ու համատարած գլոբալիզացիան, ինչպես ասում են, մշակութային ու քոչվոր ազգ չեն ճանաչում: Եվ ուրեմն՝ մեր խնդիրը ոչ թե այս խայտառակության շուրջ մի լավ աղմկելն է, այլ ապագայում նման բաներից խուսափելու ժամանակակից մեխանիզմներ մշակելը:  

Կարո՞ղ եք ինձ ասել՝ հետհեղափոխական Հայաստանում որեւէ օրիգինալ բան ստեղծվե՞լ է: Իզուր մի լարեք ձեր հիշողությունը, որովհետեւ թավշյա եւ, առհասարակ, գունավոր հեղափոխությունների ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ դրանց ժամանակ եւ դրանցից հետո ոչ մի նոր բան չի ստեղծվում: Դրանք ոչ թե արարման հեղափոխություններ են, այլ հետապնդումների, քանդումի, կեղծ օրակարգերի, պատմությունը խեղաթյուրելու հախուռն գործընթացներ: Այդպիսին էր Վարդերի հեղափոխությունը Վրաստանում, Մայդանը՝ Ուկրաինայում, իրաքյան, եգիպտական, լիբիական իշխանափոխությունները: Իսկ հիմա Վարդերի հեղափոխության առաջնորդը փախած է երկրից, Մայդանի առաջնորդի դեմ հազար քրեական գործ կա հարուցված, Իրաքում, որտեղ կախեցին ազգային առաջնորդին, այսօր պահանջում են կախաղան հանել նրա դահիճներին, Եգիպտոսում մահվան դատապարտվեցին հեղափոխությամբ իշխանության եկած մուսուլման եղբայրները, Լիբիան, որի ղեկավարը գազանաբար սպանվեց «հեղափոխական ուժերի» կողմից, մինչ օրս աչք չի բացում ներքին կռիվներից: Երբ մեր, այսպես կոչված՝ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը համեմատում ես նախընթաց գունավոր հեղափոխությունների հետ, տեսնում ես, որ այն եգիպտական հեղափոխության կրկնապատկերն է: Եգիպտոսի ղեկավար Հոսնի Մուբարաքին բանտ նստեցրին, ապա արձակեցին, երբ արդեն չկար մուսուլման եղբայրների «հեղափոխական» իշխանությունը: Ահա եւ գուշակեք, թե ինչ է տեղի ունենալու Փաշինյանի թավշյա իշխանության հետ մոտ ապագայում:

Վա՛յ, ինչ ես ասում, մենք Փաշինյանին շատ ենք սիրում: Որպես հայ մարդ՝ ես էլ եմ Փաշինյանին սիրում, հետո՞: Բայց ո՞ւր խոռճկեմ գունավոր հեղափոխությունների քաղաքական օրինաչափությունները: Փաշինյանն իշխանափոխությունից հետո կկանգնի՞ դատարանի առաջ, ինչպես վարվեց Ռոբերտ Քոչարյանը: Միամիտ չլինեք: Փաշինյանը հոգեբանությամբ էքսցենտրիկ է, էությամբ՝ աշխարհաքաղաքացի, «իզմ»-եր չի դավանում, Աստծուց վախ չունի, կարեւորում է քայլը, հետեւանքը նրա համար փուչ հասկացություն է: Ռուսը կասեր՝ «вылитый Саакашвили»: Ասել է թե՝ մեծ է հավանականությունը, որ հենց Սահակաշվիլու ճանապարհով էլ կգնա:

Իսկ ինչո՞ւ գունավոր հեղափոխությունները ոչինչ չեն ստեղծում եւ իրենցից հետո ոչինչ չեն թողնում: Խնդիրն ամենեւին էլ այդ հեղափոխությունների արդյունքում հեղափոխականներին տրամադրված ժամանակի սղությունը չէ: Գունավոր հեղափոխությունների հիմքում դրված է պոպուլիզմը, ինչն ինքնին երկարատեւ եւ ստեղծարար չի կարող լինել: Պոպուլիզմը գաղափարախոսություն չէ, կեցվածք է, դրսեւորման ձեւ, սիրաշահելու եւ սիրվելու պարզագույն գործիք, որ աշխատում է բացառապես լեզվի եւ ճարտասանության շնորհիվ: Պոպուլիզմը երբեք նյութական արժեքի չի վերածվում եւ ամենից հաճախ նույնանում է ստի ու կեղծիքի հետ: Հիմա հասկացա՞նք, թե ինչու է Փաշինյանն անվերջ ստում եւ ինչու է ամեն անգամ մեղավորներ փնտրում կամ նշանակում, երբ բացահայտվում է հերթական սուտը:

Բոլորովին վերջերս էլ բացահայտվեց, որ օլիգարխներից խլված 100 միլիոնավոր դոլարներից բյուջե համարյա չի մտել: Տնտեսագետները հետաքրքրվում են՝ ո՞ւր է, ցույց տուր, բյուջեում չի երեւում այդ փողը: Փաշինյանն էլ, իբր, չի լսում նրանց, խորհրդակցություն է հրավիրում մի շատ ավելի էկզոտիկ թեմայով, թե բա գիտեք, կոռուպցիոն գործերով մի շարք առանցքային վկաներ, նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ, լքել են հանրապետության տարածքը, ինչի հետեւանքով այդ գործերի քննությունը մտել է փակուղի: Եղբայր, քեզ կոնկրետ հարց են տվել՝ ո՞ւր են հակակոռուպցիոն պայքարի արդյունքում օլիգարխներից «խլված» փողերը:

Չէ, Փաշինյանն այդ հարցին պատասխանելու ժամանակ չունի, խորհրդակցության է… Եվ գիտե՞ք ովքեր են լուրջ դեմքերով մասնակցում կառավարությունում հրավիրված այդ խորհրդակցությանը: Այո, հենց այն մարդիկ, որոնց քթի տակից փախել են վերոնշյալ առանցքային վկաները, կասկածյալներն ու մեղադրյալները․ գլխավոր դատախազ, ՀՔԾ պետ, ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ԺՊ-ներ… Սրանք այն մարդիկ են, որոնց քթի տակ «կազմակերպվելու է» նաեւ Փաշինյանի «թավշյա» հեռացումը երկրից: Ինչ է, արտառոց բա՞ն ասացի: Սահակաշվիլուն ո՞նց տարան՝ քրեական գործն էլ պոչից կախ: Իշխանափոխությունից հետո Փաշինյանին էլ կտանեն, ու մեկը չէ՝ մի քանի գործ պոչից կախ: Իսկ մինչ այդ Փաշինյանը կարող է սրտի ուզածի չափ սկանդալներ հարուցել, բնականաբար, չմտածելով դրանց հետեւանքների մասին: Հիմա էլ պարզվում է, որ իրավապահ համակարգերի ամենավերին օղակներում դավաճաններ են եղել, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով եւ այլ հանձնարարություններով, քան հեղափոխությունն է պահանջել: Իսկ անուննե՞ր… Անուններ չկան… Փաշինյանը վախենում է, որ այդ մարդիկ դատի կտան իրեն՝ «դավաճան» պիտակի համար. ուրիշ բացատրություն չկա:

Ի՞նչ ցույց տվեց իրավապահների հետ այդ աղմկոտ խորհրդակցությունը: Դարձյալ նույնը պետք է ասեմ՝ գունավոր հեղափոխությունը քանդելուց բացի այլ առաքելություն չունի: Ինչքան քանդեցին՝ քանդեցին, ինչքան պառակտեցին՝ պառակտեցին, ինչքան այլասերեցին՝ այլասերեցին: Ժամանակը լրացավ՝ գունավոր հեղափոխության ղեկավարները, եթե բախտները բերի, ու բանտ չընկնեն, թողնելու, գնալու են: Կառուցելու, նոր բան ստեղծելու, արժեքներ ձեւավորելու խնդիր գունավոր հեղափոխության առջեւ դրված չէ: Հիմա ասում ենք՝ լոգոն թխել են: Իսկ այդ ինչե՞ր են արարել, որ լոգոն էլ թխել են: Աննախադեպը մեր իշխանությունների պարագայում պոպուլիզմն է, մնացած բոլոր հարցերում թխոցի է: Ղարաբաղի հարցում Փաշինյանը կրկնում է Տեր-Պետրոսյանին, իր չեղած տնտեսական ցուցանիշներով փորձում է նմանվել Ռոբերտ Քոչարյանին, կոմպլեմենտար քաղաքականությանբ՝ հասնել Սերժ Սարգսյանին…  Բոլոր ուղղություններով Նիկոլ Փաշինյանի գրանցած միակ արդյունքը տապալումն է: Ասենք՝ նա չի էլ եկել ինչ-որ բան չտապալելու համար:

Նորմալ երկրի դատական իշխանությունն այդ երկրի ամենաուժեղ եւ միաժամանակ ամենաթույլ տեղն է: Ընդամենը մեկ հայացք Փաշինյանի գործողություններին, եւ անմիջապես հասկանում ես, որ թավշյա հեղափոխության առաջնորդն ուղիղ խփում է դատական իշխանության սրտին՝ ՍԴ-ին: Այս ուղղությամբ նրա բոլոր գործողությունները՝ սկսած դատարանները փակելուց եւ վերջացրած ապօրինի հանրաքվեով, քրեորեն դատապարտելի քայլեր են: Իսկ ամենավատն այն է, որ Փաշինյանն այդ գործում հանցակից է դարձնում ժողովրդին՝ կոչ անելով «այո» ասել երկրի սահմանադրական կարգի տապալմանը: Կհաջողի՞, նորին միլիարդություն Սորոսը կթփթփացնի թավշյա առաջնորդի ուսին՝ «маладец, брат», կձախողի՞, մեկ ուղղության ինքնաթիռի տոմսը կտա ձեռքն ու կասի՝ «давай, досвидания»: Մի օր էլ կիմանանք, որ Սահակաշվիլու հետ «օտարանդի» ղեկավարների «Վերնատուն» են հիմնել Լոնդոնի արվարձաններից մեկում…

ՀԳ. Չէ, Պողոս ջան, ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա, եւ, առհասարակ, այս էտապում հանրաքվեն է այն ամենամեծ սուտը, որի պայթյունից աչքիդ առաջ փշուր-փշուր է լինելու այս իմիտացիոն կայսրությունը: