Ինքնախաբեությամբ չզբաղվենք

Ինքնախաբեությամբ չզբաղվենք

Ֆենոմենալ ազգ ենք։ Ինչպե՞ս կարող էր 2017 թվականին Հանրապետական կուսակցությանը 700 հազար քվե տված հասարակությունը հանկարծ այդպես անսպասելի արթնանալ ու հոգու ամբողջ ուժով ատել, իսկ լեքսիկոնի ամբողջ ուժգնությամբ հայհոյել այդ ուժին։ Այդ ի՞նչ անտեսանելի ձեռք էր ստիպում 5-10 հազար դրամով վաճառել սեփական քվեն մի ուժի, որի հանդեպ այդքան ատելություն կար անթեղված։

Եվ ինչպե՞ս է համարձակվում այն անձը, ով ընդամենը մեկ տարի առաջ ձայն էր վաճառում, ձայն էր առնում եւ վախենում էր կիսաձայն անգամ քննադատել Սերժ Սարգսյանին, մեկ տարուց հայհոյել նրան ու փնովել։ Տարրական բարոյականությունը պահանջում է, որ այդ մարդիկ գոնե լռեն, քանզի հենց իրենց գործուն աջակցությամբ է երկրում իշխել Հանրապետականը, երկու անգամ նախագահ կարգվել՝ Սերժ Սարգսյանը։ Նրանց ակտիվ մասնակցությամբ են գործել նախկին կառավարությունները եւ խորհրդարանները։

Նրանք հանդուրժել են այն բոլոր բացասական երեւույթները, որոնք եղել են մեր երկրում։ Ավելին՝ նրանք սիրահոժար մասնակցել են այդ բոլոր երեւույթների ծաղկմանը։ Հարկավոր էր ընդամենը կամք դրսեւորել եւ մեկ անգամ առանց կաշառվելու, միահամուռ կերպով դեմ գնալ գործող ռեժիմին՝ հենց ընտրությունների փուլում, եւ ամեն ինչ կավարտվեր խաղաղ ու օրինական իշխանափոխությամբ։ Անշուշտ, ոմանք կհակադրվեն, թե մենք չէինք ընտրում, ընտրակեղծիքներն ու կաշառքն էին դեր խաղում անցյալում։ Բայց պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել՝ մեր հասարակության մի մեծ հատված կամովին ընտրել է, կամովին վերցրել է ընտրակաշառքը, կամովին նպաստել է նախորդ ռեժիմի վերարտադրությանը, իսկ մյուս հատվածն էլ, որը չի ընտրել, հանդուրժել է իր կողքին ընտրակեղծարարներին, կաշառք վերցնողներին, ռեժիմին սպասարկողներին ու ռեժիմը վերարտադրողներին։