Կարող են փոխել իշխանությանը, բռնության միջոցով ոչնչի չենք հասնելու

Կարող են փոխել իշխանությանը, բռնության միջոցով ոչնչի չենք հասնելու

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպին, գրելով, որ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով: Իրավապաշտպանը մասնավորապես գրել է. «Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած բացարձակ անընդունելի միջադեպի մասին։Շատ վատ, սարսափելի նախադեպ է։Որևէ կերպ երեխաները չեն կարող տուժել, թիրախավորվել և վտանգի ենթարկվել ծնողների գործունեության հետևանքով։ Անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում ծնողի գործունեությանը, երեխաները դրա համար պատասխանատու չեն։ Ես անընդունելի եմ համարում այս ամենը, սա շատ վատ, անչափ վտանգավոր նախադեպ է։
Հիմա ում որևէ մեկի գործունեությունը դուր չգա երեխայի՞ց պետք է հանեն։ Ինձ համար նույնիսկ անընդունելի է եղել Նիկոլ Փաշինյանի գրեթե երկու տարի առաջ հնչեցրած հայտարարությունը` որդուն Ադրբեջանում գտնվող գերիներով փոխանակելու պատրաստակամության վերաբերյալ։Երեխաները ոչ ծնողների սեփականությունն են, որ փոխանակեն, ոչ էլ պատասխանատու են ծնողների արածի կամ չարածի համար։ Իրենք առանձին մարդիկ են ու որոշումներ են կայացնում իրենց կյանքի մասին և պատասխանատու են միմիայն իրենց արարքների համար, հատկապես չափահաս ու հասուն տարիքում։Որևէ կերպ չի կարելի արդարացնել և նորմալիզացնել այս երևույթը»։ «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Զարուհի Հովհաննիսյանին:

-Նշում եք, որ երեխան ծնողի գործողությունների համար պատասխանատու չէ, և ըստ էության, սխալ է ծնողի պատճառով երեխային թիրախավորելը: Ես համամիտ եմ Ձեր այն պնդման հետ, որ երեխան չպետք է տուժի ծնողի գործողությունների պատճառով, սակայն որոշ շրջանակներ պնդում են, որ Աշոտ Փաշինյանը սովորական երեխա չէ, նա կոնկրետ մասնակցություն ունի երկրում տեղի ունեցող պրոցեսներին, պատերազմի օրերին էլ մանիպուլատիվ հնարքների է դիմել, ինչն էլ իր հերթին շարժել է զոհվածների հարազատների զայրույթը:

-Ես խորապես ցավում եմ Հայաստանում տեղի ունեցած դեպքերի, մասնավորապես՝ այսքան զոհերի համար: Թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ պատերազմից հետո բազմիցս ասել եմ, որ պետք է հասնեինք նրան, որ կոնֆլիկտն այս ձևով չխորանար, որ ռազմական գործողությունները սխալ են, կան տարբեր այլ մեթոդներ, ի դեպ՝ 2018-ին հասարակությունը նաև այդ ակնկալիքներով էր դուրս եկել փողոց, որպեսզի լեգիտիմ իշխանությունը կարողանա այնպես անել, որ երկրում պատերազմ չլինի, չլինեն մարդկային կորուստներ և չլինի նման հոգեբանական վիճակ: Պատերազմից գրեթե երեք տարի անց բավարար վերաբերմունք չի ցուցաբերվել զոհված զինծառայողների ընտանիքների հանդեպ, ավելին՝ տեղի են ունեցել բազմաթիվ անարդարություններ, օրինակ՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպը, որին տվել եմ բավականին խիստ գնահատականներ: Այս ամենն իրապես անընդունելի է և առավել թեժացրել է մթնոլորտը: Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպը համարում եմ անընդունելի, նույնիսկ եթե Աշոտը մասնակցություն է ունեցել ինչ-որ պրոցեսների: Նման հաշվեհարդարները սխալ են, որովհետև մեր հնարավորությունները ժողովրդավարական երկրում ավելի մեծ են՝ կարող են փոխել իշխանությանը, ստեղծել միավորներ և այլն, ուստի անհատներին թիրախավորելը սխալ է:

-Կարծում եք Հայաստանն այսօր ժողովրդավարական երկի՞ր է:

-2018-ին փաստը ցույց տվեց, որ այո: Չենք կարող համեմատվել ավտորիտար երկրներ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ: Այն անարդարությունները, որոնք մեզանում այսօր առկա են, կարող են փոփոխությունների ալիք հանդիսանալ: Բռնության շուրջ համախմբվելը չեմ համարում հեռատես քայլ, կան առավել արդյունավետ միջոցներ:

-Բայց հարց է առաջանում՝ եղե՞լ է բռնություն, թե՞ ոչ: Եթե մարդն իր կամոք նստել է ավտոմեքենա, էլ ի՞նչ բռնություն:

-Այստեղ այլ հարց էլ կա. եթե իր կամքով նստել է մեքենան, ինչո՞ւ է մեքենայից դուրս նետվել ընթացքի ժամանակ: Այստեղից կարելի է ենթադրել, որ եղել են անհանգստացնող խոսակցություններ: Դա նախաքննության խնդիրն է, թող պարզեն: Բռնության միջոցով մենք ոչնչի չենք հասնելու:

-Զոհվածի մորն անազատության մեջ պահելը Ձեզ համար ընդունելի՞ է:

-Իրականում կարծում եմ՝ դատարանը պետք է հասկանա, թե կինը որքանով կարող է խոչընդոտել գործի քննությանը: Կարծում եմ՝ առնվազն մինչև դատական վճռի կայացումը կարող են անազատության մեջ չպահել տիկնոջը՝ քննչական գործողությունները կատարել կնոջ ազատության պայմաններում, թեպետ այստեղ էլ կան ռիսկեր, որոնք կապված են այն անձանց հետ, որոնք շահագրգիռ են այս պրոցեսներում: Գուցե եղել են պատվիրատուներ, եթե այդպես է, ապա շատ վատ նախադրյալ է: