Պաշտպանության նախարարությունը պատժում է սպաներին՝ հարցազրույց տալու համար

Պաշտպանության նախարարությունը պատժում է սպաներին՝ հարցազրույց տալու համար

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանից դուրս մնացած սպաները 2 օր շարունակ ակցա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով վերականգնել իրենց՝ որակավորման դասընթացներին մասնակցելու իրավունքը։

Սպաներից մեկի խոսքով՝ իրենք ընդունվել են որակավորման դասընթացների, սակայն դասերից մի քանի օր անց իրենց տեղեկացվել են, որ չեն կարող մասնակցել դասերին: 

«Ինտերվյու տալուց հետո զանգել են նախարարությունից, ասել են՝ տույժ ա տրամադրվելու եւ այլն։ Հենց ինտերվյու տալու համար։ Մեր վերջին հույսը մնացել են լրատվամիջոցները, որ բարձրաձայնեն։ Ես Արցախում եմ ծառայում, եկել եմ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, 4 օր նստել եմ դասի ու դասից հեռացրել են մեզ՝ առանց պատճառի։ Ուղղակի սկզբի կտրվողներից գնացել, բողոքել են, որ իրենց հանդեպ անարդար են եղել, բայց մենք ընդունվել ենք, մեզ պաշտոնական շնորհավորել են»,-մեզ հետ զրույցում նշեց նա։

Մեր զրուցակիցը նաեւ ասաց՝ բողոքի ակցիա իրականացրել են 12 հոգով, այժմ մնացել են 3 հոգի, մյուսները գնացել են ծառայության։

Թեմայի վերաբերյալ գրառում է կատարել նաեւ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որևիցե դրսեւորոււմ բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից եւ նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։ Նման մոտեցում ցուցաբերող զինծառայողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։