Արարատ Միրզոյանի մտքին ի՞նչ կա․․․

 Արարատ Միրզոյանի մտքին ի՞նչ կա․․․

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը գործում է ոսկերչական ճշգրտությամբ։ Ուշադիր հետևում եմ  նրա հայտարարություններին, քայլերին, իրավական տեսանկյումից ոչ մի շեղում։ Այսօր էլ նույն կերպ։ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ վերցրեց իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար: Չնայած մամուլը գրում է, որ  Թովմասյանը որոշել է որևէ կերպ չմասնակցել ու չմիջամտել իր լիազորությունների դադարեցման նախագծի շուրջ Սահմանադրական դատարանի դատավորների կայացնելիք որոշմանը, բայց հարկ է նշել, որ դա Հրայր Թովմասյանի որոշելիքը չէր։ Կա սահմանադրական օրենքի համապատասխան կետ և Սահմանադրական դատարանի նախագահը առաջնորդվում է դրանով։ Կարող էր նաև արձակուրդ չվերցնել, այլ պարզապես չխառնվել ու չմասնակցել նիստին, բայց հեռու մնաց «թեմաներ տալուց»՝ մեկուսացված ու չեզոք։

ԱԺ-ի կողմից ՍԴ դատավոր և նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագծի հիմքը շատ թույլ էր՝ կարգապահական խախտումը։ Կարգապահական խախտում էր համարվել Ռոբերտ Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի անկողմնակալ լինելու կասկածը։  Եթե նման բան կար, սահմանված ժամկետում պետք է սկսվեր լիազորությունների կասեցման գործընթացը՝ երկշաբաթյա ընթացքում։ Եթե այդ ժամանակաընթացքում չի արվել, ի՞նչ հույսով էին սպասում, որ Սահմանադրական դատարանը գործը վարույթ կընդունի։

Ինչևէ, այսօր՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի վարույթի ընդունումը մերժել։

Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է։ Ո՞րն է լինելու  հաջորդ քայլը։ Եթե հաջորդ քայլն էլ լինելու է այնպիսին, ինչպես լրագրողների հետ զրույցում ասում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ապա վիճակը առավել քան ճգնաժամային է լինելու։ Հիշեցնենք Արարատ Միրզոյանի պատասխանը․ «Ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք` պրոցեսը հիմա ինչպիսին պիտի լինի»։  Ողբերգությունը հենց այն է, որ Արարատ Միրզոյանը և ընկերներ գործում են ոչ թե սահմանադրական օրենքով, նորմատիվներով, այլ իրենց «գլուխը եկած մտքերով»։

Ու քանի որ պրոցեսն արդեն եղել է, հետաքրքիր է՝  Արարատ Միրզոյանի մտքին ի՞նչ կա։ Այդ միտքը փոխանցումո՞վ է գալիս, թե առկայծում է ինքնուրույն։ Եվ վերջապես ժամանա՞կը չէ՝ հախուռն մտքերը մի կողմ դնել ու գործել իրավական դաշտում։