Ո՞ւր է «Հիմա»-ն հիմա

Ո՞ւր է «Հիմա»-ն հիմա

Դիտելով ընդդիմադիրների ամենօրյա ակցիաները, իրազեկման երթերը, դրոշներ ու խրտվիլակներ տեղադրելը, փողոց ու արագաչափ փակելը՝ ՀՀ քաղաքացիները դեժավյու են ապրում: Այս ամենը մենք արդեն տեսել ենք 2008-ից սկսած: «Չենք լռելու», «Մենք ենք տերը մեր երկրի», «Էլեկտրիկ Երեւան», «Ո՛չ թանկացումներին», «Սկսել ա», «Հիմա»․ այս նախաձեռնությունները, որոնք այլ նպատակներ ունեին, գործում էին համարյա նույն մեթոդներով եւ հասունացրին իշխանափոխությունը Հայաստանում: Ովքե՞ր էին այդ շարժումների ակտիվ մասնակիցները, ո՞ւր են հիմա: 

2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությանը համակրող ջահելությունից ձեւավորվեց «Հիմա» շարժումը: «Թավշյա հեղափոխության» ապագա առաջնորդը, որն այդ ժամանակ 33 տարեկան էր, նրանց թվում էր: Մյուս անդամները չէին երեւում: Նրանց անունները հրապարակային նյութերում չէին շեշտվում՝ երեւացողը միայն Փաշինյանն էր, մյուսները պարզապես երիտասարդներ էին՝ նրա ստվերում: «Հիմա»-ի երիտասարդներն աջակցում էին ՀՀԿ-ի կողմից հալածվողներին՝ Ժիրայր Սեֆիլյանին, որն այն ժամանակ բանտարկված էր, լուսահոգի իրավապաշտպան Միքայել Դանիելյանին, Արսեն Խառատյանին, որոնց վրա հարձակումներ էին եղել: «Հիմա»-ի անդամները հաճախ բերման էին ենթարկվում ոստիկանների հետ բախումների ժամանակ: ՀԺ-ի լրագրող Հայկ Գեւորգյանի որդուն՝ Վահագնին, դատում էին 2009 թվականի ապրիլի 10-ին Հյուսիսային պողոտայում պարեկություն իրականացնող ոստիկանին իբր ծեծելու համար:

Ի դեպ, 2008 թվականի կոչերից մեկը, որով Նիկոլի ջահելները դիմում էին իրավապահներին, իրենց գործով զբաղվելն էր: «ՀՀ-ում կրիմինալի դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ կդառնա, եթե Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում դիրքավորված բազմաթիվ իրավապահներն զբաղվեն հանցագործություններ բացահայտելով, այլ ոչ թե խաղաղ բնակչությանը «հսկելով»»,- հայտարարում էին նախաձեռնության անդամները: 

Այսօր Փաշինյանի ոստիկանությունն անում է նույնը՝ իր ողջ ներուժը նետել է ցույց ցրելու, բնակչությանը հսկելու վրա: Բայց երբեմնի հալածյալները, Նիկոլի թեւի տակ լուռ տեղավորված, պաշտոնավարում են, բիզնես են անում: Նոր իշխանությունը պատգամավորի աթոռ տվեց Հայկ Գեւորգյանին, բայց նոր խորհրդարանում նա այլեւս չընդգրկվեց: Ըստ որոշ լուրերի, բիզնեսով է զբաղված: «Հիմա» շարժման հիմնադիրներից էր Արայիկ Հարությունյանը, որը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնը ստացավ, ապա դարձավ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, հիմա՝ աշխատակազմի ղեկավարը: Արայիկ Հարությունյանը նաեւ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից էր, «Բանակը՝ իրականում» խմբին էր անդամակցում: «Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից էր Նարեկ Բաբայանը՝ Լենա Նազարյանի ամուսինը, որը հետագայում Պետական գույքի կառավարման կոմիտեի պետ դարձավ, այժմ պատգամավոր է: 

«Հիմա»-ից էր Արսեն Թորոսյանը, որը հեղափոխության ժամանակ քաղաքացիական անհնազանդության ակցիաներին էր մասնակցում: Հեղափոխությունից հետո նա ստացավ առողջապահության նախարարի աթոռը, այս պաշտոնում վարկաբեկվեց ու հեռացավ, դարձավ աշխատակազմի ղեկավար, այժմ պատգամավոր է։ Բոլոր այս գործիչները, որոնք, կարելի է ասել, սերում էին ՀԱԿ-ից, սկսեցին պառակտել ՀԱԿ-ը ներսից: «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, իսկ դրանից առաջ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն նշանակված Վիլեն Գաբրիելյանն էլ էր Տեր-Պետրոսյանի «ճտերից»:

Նա իր ֆեյսբուքյան գրառումներում մշտապես շեշտում էր, որ իր նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Երեկ Վիլենը մերժում էր Ֆեյսբուքը: «Եկել եմ, որպեսզի մի խորհուրդ տամ, որը, վստահեցնում եմ, շատ օգտակար եւ արդյունավետ է: Ուղղակի կտրվե՛ք ֆեյսբուքյան վակուումից եւ շատ հստակ կտեսնեք, որ այստեղ տեղի ունեցող իրադարձությունները, վարվող դիսկուրսները եւ ձեւավորված էներգետիկան ու մթնոլորտն արհեստական են, կեղծ են եւ չեն արտացոլում իրականությունը»,- գրել է նա իր էջում: Նախկին լրագրող Արա Ղազարյանն էլ, որը հիմա ԱՄՆ-ում է բնակվում,  հակադարձում է Վիլենին. «Իսկ փողոցում տեղի ունեցող գործընթացներն արտացոլո՞ւմ են իրականությունը, թե՞ Ֆեյսբուքն իսկական ու պուպուշ էր, երբ Սերժին էր մերժում: Փոխանակ Ֆեյսբուքի արձանը դնեք, արդեն Ֆեյսբո՞ւք եք քլնգում: Լավ չի: Արածդ անաղուհացոտ ա»:

2011 թվականից Տեր-Պետրոսյանի աջակիցները բարձրացրին բողոքի եւս մի ալիք: Հարվածայինները Վիլենի նման երիտասարդ ակտիվիստներ էին, որ ճոճում էին Սերժի իշխանության նավը: Ինքը՝ Վիլենը, ամենասկանդալային դեմքերից էր, ոստիկաններից ծեծ կերած, տուժած ու հալածանքների ենթարկված քաղակտիվիստ, նրան միշտ կարելի էր տեսնել ՀԱԿ գրասենյակում: ՀԱԿ իրավաբանները նրան պաշտպանում, փրկում էին ոստիկանների ճիրաններից: Նա սիրում էր քննադատել ոստիկաններին՝ սկսած Վլադիմիր Գասպարյանից, վերջացրած ցույց ցրողներով: «Ոստիկանական համակարգը, Վովայի գլխավորությամբ, անկազմակերպ, անօրեն, ոչ պրոֆեսիոնալ կառույց է, որը բացի ակցիա ցրելուց, այն էլ, երբ ակցիան փոքրաթիվ է, ու գողերի համար սխոդկեք կազմակերպելուց, այլ բանի ունակ չէ»,- գրում էր Վիլենը 2015 թվականին:

Հետագայում, երբ ՀԿ-ների ներսում սկսեց փաշինյանական ջահելների թիմ ձեւավորվել, նա անմիջապես հայտնվեց Նիկոլի կողքին: 2018-ից հետո խոսում էին, թե Նավակ ճոճողը ոստիկանապետ է դառնալու, եւ նա՝ ինքն էլ չէր թաքցնում իր այդ երազանքը, բայց, հավանաբար, ագրեսիվ ու արկածախնդիր բնավորության պատճառով, որը նկատել էին նաեւ թիմի այլ, ավելի հավասարակշռված անդամները, օրինակ, Ավինյան Տիգրանը, այս նշանակումը չկայացավ: 
Փաստաբան Հովիկ Արսենյանին, որը նախկինում բազմաթիվ ընդդիմադիրների է ոստիկաններից պաշտպանել, հարցրինք, թե ինչպես կբնութագրի նախկին քաղակտիվիստ, այսօր իշխանավոր դարձած անձանց պահվածքը: Նախկինում նրանք ոստիկաններին քննադատում էին ցույց ցրելու համար, այսօր լռում են, ու ոստիկանությունը գործում է այնպես, ինչպես Սերժի ժամանակ: «Մի բան կարող եմ ասել՝ նախկին ընդդիմադիրներ, ներկա իշխանավորներ, ոստիկաններ՝ մեկը մյուսին արժանի են, մեկը մյուսին լրացնում է»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Արսենյանը: