Թիվ 1 բորտը հոյակապ վիճակում է, դեռ երկար տարիներ կարելի է օգտագործել

Թիվ 1 բորտը հոյակապ վիճակում է, դեռ երկար տարիներ կարելի է օգտագործել

Ուրբաթ օրը մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող կառավարական օդանավը՝ թիվ մեկ բորտը, Կազանում խափանվել է, եւ Փաշինյանի համար օդանավ են վարձել, որ նա վերադառնա Երեւան։ Տեղեկությունը պաշտոնապես հաստատեցին կառավարությունից։ Վարձակալված Bombarider CRJ 200 օդանավի համար պետբյուջեից վճարվել է մոտ 40 հազար դոլար։ Երեկ տեղեկացանք, որ թիվ 1 բորտը դեռ կանգնած է Կազանի օդանավակայանում, տեխնիկական խնդիրները չեն լուծվել։ Կապվեցինք օդանավի հրամանատար, երկարամյա օդաչու Գրիգոր Հայրապետյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունը՝ օդանավը դեռ Կազանում է, բայց շուտով խնդիրը կլուծվի, եւ այն կվերադառնա Երեւան։

Նա մանրամասներ չհաղորդեց, թե ինչ տեխնիկական խնդիր է առաջացել օդանավի հետ, միայն ասաց՝ շատ լուրջ խնդիր չէ, խափանված մասն արդեն գտել են, շուտով կփոխարինեն, եւ օդանավը նորից կշահագործվի։ Մեր տեղեկությամբ՝ հիդրավլիկ համակարգի հետ կապված է եղել խնդիրը։ Պարոն Հայրապետյանն արդեն Երեւանում է, պատվիրակության հետ վերադարձել է վերը նշված օդանավով, սակայն ասաց, որ Կազանում մնացել են եւս մեկ հրամանատար եւ օդաչու, որոնք էլ հետ կբերեն թիվ 1 բորտը Երեւան։ «Ինքնաթիռը նորմալ վիճակում է, ուղղակի տեխնիկական խնդիր էր, դեֆեկտ էր առաջացել, էդ փոքր մասը կփոխենք, ու ինքնաթիռը նորմալ կգա Երեւան»,- ասաց նա։

- Իսկ ի՞նչ մաս էր փչացել։

- Թռիչքի անվտանգությունն ապահովող համակարգերից մեկում փոքր դեֆեկտ էր հայտնաբերվել, որն էդ պահին հնարավոր չէր սարքել տեղում, պետք էր փոխարինել։ Շատ փոքր դետալ էր, իրենից մեծ բան չի ներկայացնում, բայց պետք էր փոխարինել, դրա համար ձգձգվեց։ Եթե օդում հայտնաբերվեր, ես կշարունակեի թռիչքը, կգայի Երեւանում կնստեի։ Բայց ես իրավունք չունեի էդ դեֆեկտով թռչել։ Էդ պահին էլ չկար ո՛չ էդ օդանավակայանում էդ մասից, ո՛չ էլ մեզ մոտ։ Մենք պարտավոր չենք մեզ հետ բոլոր պահեստամասերը տանել։

- Իսկ օդանավը թռիչքից առաջ նորմալ տեխսպասարկում անցե՞լ էր։

- Անպայման, իհարկե։ Մեզ հետ ինժեներներ են թռչում, էդ օդանավը հատուկ հսկողության տակ է։ Ուղղակի էնտեղ թռչելիս էդ խնդիրը չի էլ երեւացել անգամ։ Ես նորից եմ ասում՝ դա օդանավի սիստեմներից մեկի շատ փոքր դեֆեկտ էր, որը տեղում սարքել չէր լինի՝ ո՛չ մեր ինժեներների ուժերով, ո՛չ՝  օդանավակայանի։ Երբ որ մենք պարզեցինք, որ դա պետք է փոխարինվի, զեկուցեցինք, նրանք կազմակերպեցին թռիչքը։ Թռիչքն էլ եղել է սովորական ուղեւորատար ինքնաթիռով, ոչ թե ինչ-որ բիզնես-ջեթով։

- Բայց մենք տեղեկացանք, որ Bombardier CRJ 200 է եղել, որի համար մոտ 40 կամ 50 հազար դոլար է վճարվել։

- Այո, CRJ 200 էր, բայց դա բիզնես-ջեթ չէ։ Ինչ վերաբերում է արժեքին, ես լսել եմ, որ 50 հազար դոլար են գրել, ես էդ ինֆորմացիային չեմ տիրապետում, բայց չեմ կարծում, որ այդքան թանկ լինի։ 

- Իսկ ե՞րբ կփոխեն այդ մասը, ե՞րբ կվերադառնա ինքնաթիռը Երեւան։

- Արդեն մասը ճարել են, վաղը կփոխեն, ինքնաթիռը կվերադարձնեն Երեւան։ Հիմա վաղը, թե մյուսը օրը՝ ես ստույգ չեմ կարող ասել։ Ես եկել եմ էստեղ, էնտեղ մեր պահուստային անձնակազմն է, էնտեղ էլի հրամանատար կա եւ երկրորդ օդաչու, նրանք կբերեն Երեւան։

- Ի դեպ, երբ օդանավը խափանվեց, կարծիքներ հնչեցին, որ գուցե արդեն ժամանակն է այն փոխարինելու նոր օդանավով, հատկապես, որ վարչապետը նման մտադրություն ուներ։ Ի՞նչ եք կարծում, բորտ 1-ը որքա՞ն կծառայի, կարո՞ղ է դեռ «յոլա տանել»։

- Ոչ թե յոլա տանել, այլ էս ինքնաթիռի տարիքն էլ, տեխնիկապես էլ հոյակապ վիճակում է, դեռ երկար տարիներ կարելի է օգտագործել։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։

- Պարզապես, որ խնդիր է առաջացել, կարելի է մտածել, որ արդեն հին է, մաշվածությունից են նման խնդիրներ առաջանում։

- Չէ, չէ, հասկանո՞ւմ եք, նոր գնած մեքենայի վրա էլ կարող է նման բան լինել։ Դա հնությունից չէ։