2019-ին ավելի շատ հրդեհ է եղել, քան 6 տարվա մեջ

2019-ին ավելի շատ հրդեհ է եղել, քան 6 տարվա մեջ

Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում միանգամից 68 ահազանգ է ստացվել՝ հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի տեղեկացմամբ՝ այս տարի, օգոստոսի 20-ի դրությամբ արձանագրվել է 7 հազար 46 հրդեհ, եւ այս թիվը շատ ավելի է ոչ միայն 2019-ի օգոստոսի, նախորդ  ողջ  տարվա ցուցանիշից նույնպես։ Հայաստանն իր այս տարվա հրդեհներով «առաջանցել» է նաեւ հրդեհաշատ 2017-ը, երբ, ինչպես հիշում ենք, հրդեհներ եղան  «Նաիրիտ» գործարանի տարածքում, Խոսրովի անտառում, այլուր։
 «2017-ից էլ ավել, իսկ եթե վերցնում ենք ավելի վաղ ժամանակաշրջանի համեմատ, 2019-ի առաջին յոթ ամիսների ընթացքում եւ օգոստոսի առաջին շաբաթներում ավելի շատ հրդեհ է եղել, քան 2000-2006 թվականներին»,- ասաց ԱԻՆ ՃԿԱԿ պետը։

Այս ցուցանիշները ոչ միայն քանակական են․ հրդեհված տարածքների ծավալներով եւս 2019-ն իր ութ ամիսներով առջեւում է․ հիմնականում գերակայում են բուսածածկ տարածքները, դրանցում հրդեհների թիվն այս պահի դրությամբ մոտ 5 հազար է։ Այսինքն՝ բուսածածկ տարածքներում հրդեհներն ընդհանուր հրդեհների թվի գերակշիռ մասն են կազմում։ Ըստ նախնական գնահատականների՝ այս տարվա հրդեհներից ամենախոշորներն են (խոշորը չափվում է հիմնականում նյութական էկվիվալենտով՝ որքան վնաս է հասցված բնությանը կամ գույքին) Արայի լեռան վրայի արդեն մեկուսացված հրդեհը, Սյունիքի հրդեհները։  Մեղրիի հրդեհը խոշոր չէր ծավալներով, բայց որպես տեղանք՝ բարդ էր, եւ շիջումը նույնպես բարդ է եղել։ Նույն բարձրությամբ գտնվող Որոտան գյուղի մոտ եւ լեռնային տեղանքների ստորոտներում ծագած, առհասարակ՝ բոլոր հրդեհները, Խանգելդյանի խոսքով, իրենց բարդության աստիճանով աննախադեպ բնույթ են կրել։ «Որովհետեւ ո՛չ տեխնիկա է լինում մոտեցնել, ո՛չ հակազդել շարժական հրդեհաշիջման միջոցներով․ ձեռքի եւ գրեթե անմարդկային պայմաններում ու ֆիզիկական տանջանքների մեջ փորձում են այդ այրվող օջախները մեկուսացնել»,- արձանագրեց Խանգելդյանը։

Նրա գնահատմամբ՝ հրդեհների հիմնական պատճառը մարդկային գործոնն է, իսկ տաք ջերմաստիճանը, նրա խոսքով, երբեք պատճառ լինել չի կարող․ այն նպաստող գործոն է։ «Ինչպես ուժեղ քամին հրդեհի բռնկման պահին, տեղումների բացակայությունը, բարձր ջերմաստիճանը եւ մարդու ակտիվությունը նպաստող գործոններն են։ Հիմնական պատճառները, միանշանակ, մարդածին գործողություններն են։ Եվ եզակի դեպքեր են գրանցվում, երբ պատճառը տարերային աղետն է՝ կայծակ, հրաբուխ, ընդերքում պրոցեսներ․․․ միայն մարդու անզգուշության, կանոնների խախտման, բաց կրակի հետ անզգույշ վերաբերմունքը, ծխախոտը նետելը, բոլորը պատճառներ են»։ ԱԻՆ պաշտոնյան նաեւ ասում է, որ շատ դեպքերում հրդեհների պատճառ են լինում գյուղացիները, որոնք այրում են խոզանը՝  սնոտիապաշտական նկատառումներով։

2017 թվականի հրդեհներից հետո շատ էր խոսվում տարբեր միջոցներով ԱԻՆ-ը նոր տեխնիկական միջոցներով զինելու անհրաժեշտության մասին։ Ճգնաժամային կենտրոնի ղեկավարն ասաց, որ, այո, այս ընթացքում համալրել են փրկարարական նշանակության, մաքուր հրշեջ մեքենաներով, որոնք ճապոնական արտադրության գերժամանակակից մեքենաներ են։ Սակայն ավիացիոն հրդեհային տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, չունի, բայց ԱԻՆ-ը հիմա ակտիվ փնտրում է տարբեր միջազգային դոնորներ։

Չկա՞ արդյոք այս առումով օրենսդրությունը խստացնելու անհրաժեշտություն։ Ըստ ԱԻՆ պաշտոնյայի, այո, կա նախազգուշացնելու, տույժի ադմինիստրատիվ պատժամիջոցներն ավելացնելու եւ խստացնելու կարիք։ Մասնավորապես, որպեսզի կանաչապատ տարածք ունեցող տնտեսվարող սուբյեկտները, ինչպես արտասահմանում, իրավունք չունենան խոտը բարձիթողի վիճակում թողնելու  եւ  պարտավորված լինեն դա որոշակի բարձրության հասնելու դեպքում անպայման հնձել։