Ժողովուրդ, դո՜ւք եք Փաշինյանի իմփիչմենտը․․․

Ժողովուրդ, դո՜ւք եք Փաշինյանի իմփիչմենտը․․․

Երեկ, երբ բոլորը սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանն էլ «պլստալու տեղ չունի, էլի պլստաց»։ Այսօր, բնական է, ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակի մեջ է։ Չխորանալով քաղաքական վրիպումների բուն պատճառների մեջ, ուզում եմ երեկ Բաղրամյանում հավաքված իմ ժողովրդին ասել․ 

Երեկ դուք հաղթեցիք։ Դուք ցույց տվիք աշխարհին, որ Հայաստան աշխարհը ձեզ համար թանկ է։ Դուք ձեր միասնությամբ ապացուցեցիք, որ հազար հատ Նիկոլ էլ լինի, ձեր երկրի մի մազի հետ չեք փոխի։ Երեկ դուք կոտրեցիք այն միֆը, որ Փաշինյանը ժողովրդի ընտրյալն է ու կարող է խոսել նրա անունից։ Նիկոլ Փաշինյանն այլևս չկա։ Դուք եք նրան բերել, դուք էլ քշելու եք, ժողովուրդ։ Չհիասթափվեք։  Մի անգամ էլ դիտեք Նիկոլ Փաշինյանի երեկվա թաքստոցից արված լայվը։ Նման շողոմ ձայն մեկ էլ 2018-ին ենք լսել, երբ բոլորիդ վարչապետ էր կոչում ու խոնարհվում ձեր առաջ, համբուրում ձեր ձեռն ու ոտը։ 

Գիտե՞ք, որ կետում սխալվեցիք։ Ձեր ուժը չգնահատեցիք։ Ընկաք Փաշինյանի իմփիչմենտի գործընթացի մեջ։ Ժողովուրդ, դու՜ք եք Փաշինյանի իմփիչմենտը, դուք պիտի կանգնեիք ու ոչ մի տեղ չշարժվեիք։ Դուք ամեն կարգի իմփիչմենտներից բարձր եք, դու՜ք եք իշխանությունը։ Շանտաժի ու մանիպուլյացիաների ցեխով շաղախված պատգամավորների հետևից չպիտի գնայիք, նրանք ձեր հագուստի փոշին էլ չարժեն։ Դուք բարձր եք, դուք ժողովուրդ եք, իսկ նրանք ձեր վրիպումներից օգտվող մանիպուլյատորներ են ընդամենը։  Չկրկնեք նույնը։ Այսօր տեսա՞ք ազգային ժողովի  ճղճղազգի կանայք ու տղամարդիկ ի՜նչ շարժի մեջ էին։ Մի՞թե դուք չէիք կարող պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է զբաղվելու նրանց իր կողքին թաքցնելու գործընթացով։ Չէ՜, նրանց մասին չէր մտածում, այլ իր մասին, որ հանկարծ մեկը «չպլստա»։ Դժվարը մեկն է։ Հետո շղթան կբացվեր։

Շատ դժվար պահ է։ Առաջին անգամ է հայոց պատմության մեջ, որ հայը պատերազմի ժամանակ արտաքին թշնամուց առավել սոսկալի թշնամի է համարում սեփական երկրի ղեկավարին ու պահանջում նրա հրաժարականը։ Հրաժարականն է պահանջում, որ գոնե կանգնեցնի տարածքների հանձնման գործընթացը․․․ Ամենաթանկը հողն է, հայրենիքը․․․